Գարեգին Նժդեհ

ՀԱՅՐԵՆԻՔ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔ.

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Մեծանուն բարեկամիս`

ուսուցչապետ Տոտոմեանցին

Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը:

* * *

Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել` քո զաւակը չէ՛, հայ չէ՛:

* * *

Երբե՛ք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:

* * *

Կրօնների պէս հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

* * *

Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ` յաղթական հայրենիք չի ունենայ:

* * *

Անհատ, հաւաքականութիւն — սրանք յաւիտենականին կապւում են իրենց հայրենիքի միջոցաւ:

* * *

Հոգեբանօրէն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ՛ ամէն վայրկեան մեռնելու իր հայրենիքի համար:

* * *

Իմ հոգին զոյգ յենարաններ ունի — Աստուած եւ Հայրենիք:

* * *

Հա՛յ մարդ, կասկածելի է հայրենասիրութիւնդ, եթե գոյութեանդ իմաստն ու դրօշակը հայրենիքդ չէ:

* * *

Հայրենիքս եւ ես — մենք լծորդուած ենք իրար` ինչպէս հոգի եւ մարմին, ինչպէս նպատակ եւ միջոց. նա գերագոյն նպատակ է, ես` միջոց:

* * *

Հայրենիքի համար ապրում եւ մեռնում է ոգո՛ւ մարդը, միա՛յն նմանը:

* * *

Սրտի եւ իմաստութեան տէր դասական ժողովուրդները մահապատժի փոխարէն տարագրութեամբ կը պատժէին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից եւ ջրից օգտուելու իրաւունքից: Այն ժամանակ էլ, ինչպէս այսօր, սրտի աստուածութիւն էր հայրենիքը:

* * *

Յաւիտենականի զգացումն է ծնունդ տուել հայրենիքին, սրբութեան զգացումը` հայրենասէրներին:

* * *

Հայրենիք մի՛ սպասէք օտարէն եւ ճակատագրէն, եթէ դա ձեր արիւնով պաշտպանելու չափ հայրենապաշտ չէք:

* * *

Մաձձինիի հանդէպ խորագոյն յարգանք տածելով հանդերձ` չեմ ընդունում, որ հայրենիքէն աւելի ազատութիւնն է սիրելի:

* * *

Ժաննա դ՚Արկի հայրենիքը պարտուեց ա՛յն օրը, երբ մերօրեայ ֆրանսացու դեմօ-լիբերալիստական մտածողութիւնը կենդանաբանական մի պարտէզի դռան վրայ գրեց. «Գիտութեան համար ո՛չ հայրենիք կայ, ո՛չ էլ կրօն»:

* * *

Ֆրանսա՛ — մե՛ծ ժողովուրդ, մե՛ծ հայրենիք, որի ճակատագիրը մեծութիւնները չէին վարում, այլ` դեմոկրատիկ միջակութիւնները — ահա՛ թէ ինչո՛ւ այնքան նուաստօրէն զինաթափուեց ու պարտուեց դա:

* * *

Նորը արդի պատերազմում — դա աշխարհազգացողութեամբ նո՛ր մարդն է, որի համար հայրենիքին ծառայելը պատիւ է եւ ո՛չ պարտականութիւն:

Այո՛, հայրենիքը մեզ պատիւ է անում իր համար մեռնելու առիթ ընձեռելով մեզ:

* * *

Մի օր, հին միստերիաների մէջ հանդիպեցի հետեւեալ արտայայտութեան — «մեծագործութեան բաժակ»:

Մեծագործութիւն ուխտողն առնում էր մի բաժակ, լցնում նռան հիւթով, բարձրացնում եւ ապա թափում իր չորս կողմը` խորհրդանշելով իր անսահման յօժարութիւնը — ծառայել բարիին, ուր էլ որ լինի:

Բարին, գերագոյն բարին, ինձ համար եղել է, է՛ ու կը մնայ Հայաստանը:

* * *

Հայաստա՛ն, քեզ սիրտը ծնաւ — դու ապրում ես սրտերի մէջ եւ ջերմաջերմ սրտերի շնորհիւ միայն: Գուցէ եղել են եւ անսիրտ խելօքներ, որ սիրել են քեզ, բայց նրանք չեն խաչւել, չեն մեռել քեզ համար: Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում մեծ սրտի տէրը միայն:

* * *

Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:

* * *

Ինչպէս աչքս` լոյսը, այնպես էլ սիրտս Հայաստանն է փնտրում:

— Ապրում եմ` մի օր հայրենի լեռների վրայ մեռնելու յոյսով: Պիտի ուզէի մեռնել, հենց որ մեռաւ այդ յոյսը:

* * *

Աբովեանի Աղասին` փառքի ու մեծութեան իր երբեմնի հայրենիքը խորհրդանշող Անիին հրաժեշտ կու տար լացելով. «Է՛լի որ մարմինս մէկ քարի տակ լինի քո ծոցում, ինձ դրախտը պէտք չի»:

— Այսպէ՛ս, ով որ Աղասու պէս չի բաժանուել իր հայրենի հողէն` արժանի չէ հայրենիք վերադառնալու:

* * *

Հայաստա՜ն — դու իմ սրտի յաւիտենական ճշմարտութիւնը:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 2

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով