ԽՕՍՔ ԵՕԹՆԵՐՈՐԴ, ՑԵՂԸ ՈՐՊԷՍ ՈԳԻ
Անասելիօրէն կարեւոր է ցեղի տեսակարար կշիռը:
Ժողովրդի մշտախռով տարերքն է ցեղը:
ժողովուրդը ցեղի միջոցով է գլուխ հանում իր հոգեւոր ինքնակառուցումը:
Ցեղը կաղապարիչ ուժ է:
Ժողովուրդը միշտ էլ ցեղի թեւերով, անցեալի եւ ապագայի ուժով է առնում իր թռիչքը:
Երբ ժողովուրդի մէջ արթուն չէ ցեղը, վերջինը ծալում է արծուի իր թեւերը,- նմանը տառապում է հոգեւոր ամլութեամբ, ինչպէս եւ` քաղաքական համլետականութեամբ:
Ոչ թէ միայն ներկան, այլեւ ապագան իր սնունդն ստանում է անցեալից:
Ժողովուրդը ներկան է, ցեղը` երէկը, այսօրը եւ վաղը: Առաջինը յաճախ կլանւում է ներկայով, երկրորդը` հանում է մեզ անցեալից եւ ցոյց է տալիս անցեալն ու ապագան` իտէալ լոյսի տակ:
Երբ արթուն է ցեղը, ասել է — ժողովուրդն իր լսողութիւնը տւել է անցեալին, աչքն` ապագային: Ասել է` նրա անցեալը մշտակայ է, իսկ ապագան նախօրօք ապրուած:
* * *
Ցեղը` ապրող սերունդ չէ:
Ոչ էլ համագումարն է աշխարհ եկած ու անցած բոլոր սերունդների:
Դա գումարելի չէ, եւ գումար չէ:
Դա պատմութեան պրոցեսի յաւերժ կենդանի ենթական է, որի կեանքում ոչ ոք եւ ոչինչ չի մեռնում:
Նրա մէջ գոյ են եւ ապրում են բոլոր անցած գնացած հայ սերունդները, որոնց հետ էին Մեծն Տիգրան, Արտաշէս Աշխարհակալ, սպարապետ Մամիկոնեան եւ այլն:
Ցեղը, որ էաբանական կորիզ ունի, եւ մշտատեւ պայքարի մէջ է ժամանակի հետ, բնազդօրէն ձգտում է անեղծութեան եւ մահայաղթահարումի:
Ահա՛ թէ ինչո՛ւ նա կրօնական խորք ունի — մի ճշմարտութիւն, որ հայ ցեղուրաց լենինադաւանը պիտի չհասկանայ:
Նա պիտի չհասկանայ, որ ցեղն աւելի նրանք են ներկայացնում, որոնք այլեւս մեկնած են մեր աշխարհից, եւ նրանք, որոնք աշխարհ պիտի գան:
Երբ ցեղօրէն է ապրած ժողովուրդը` նրա կեանքում փրկարար դեր են կատարում, առաւելապէս, նրա մեծ մեռելները, որոնց իշխանութիւնը ե՛ւ արդար է, ե՛ւ իմաստուն, ե՛ւ զօրաւոր:
Իսկ ցեղօրէն ապրել, ասել է` պատմական յիշողութեամբ վերապրել անցեալ սերունդների կեանքը, նրանց ճակատագրին կապելով մերը:
Ցեղ, ասել է` իմաստութիւն, խստաբարոյութիւն ու ուժ:
Դա հայ Ատլասն է, որ իր ուսերի վրայ հայկականութեան երկինքն է կրում:
Ցեղը հայկական ուժի ովկիանն է, որից սնունդ են առնում ժողովրդի էութեան ծովն ու վտակը:
Ցեղայնութիւնը` արեան միութիւնն է, միութիւնը ճակատագրի կրօնն է, լեզուն է, այդ բոլորի ուժն է, առանց որին կարող է գոյութիւն ունենալ եսակենտրոն անհատների մի ամբոխ, բայց ոչ` ազգ:
Այս` ինչ որ ունենք, որպէս ուժ, մշակոյթ եւ ազդեցութիւն, ոչինչ է բաղդատմամբ այն բանի, որ ունի եւ պիտի տայ մեզ ցեղի անսպառ ոգին:
Երբ չկայ ցեղի գիտակցութիւնը, կայ ժողովրդի ստորարժէքութեան եւ տկարութեան գիտակցութիւնը,- այդ գիտակցութեան դառնութիւնը:
Ցեղը լաւատեսութեամբ կը զինէ ժողովուրդը, եւ ազգային ձախորդութիւնները անդարմանելի չեն թուիր մեզ:
Ցեղաճանաչ չենք, եւ ահա՛ օտարութեան մէջ, անհարազատ միջավայրերում գրեթէ կրաւորական դիրք ունինք,- մի պարագայ, որ մեր ոչնչութեան եւ յոռետեսութեան զգացումն է սնուցանում: Իսկ յոռետեսութիւն, ասել է` պարտուողականութիւն եւ փախուստ պայքարէն: Իսկ յոռետես, ասել է` մէկը, որի մէջ մեռնելու աստիճան տկարացել է հաւատը դէպի սեփական ուժերն ու ապագան: Մէկը, որի մէջ նուազ առ նուազ զարգանում է ինքնաժխտումը եւ դառնում անկումի հոգեբանութիւն:
Իսկ այդ ծիւրող հոգեբանութեան հողի վրայ քաղաքական շնականութիւնը — որ մեր իրականութեան մէջ կոչւում է հակադաշնակցականութիւնիր մահահոտ ծաղիկներն է բացում:
Նման մի ժողովուրդ այլեւս հրաժարւում է իր ցեղայայտ եւ ստեղծագործ կամքէն, իր արժեքներէն եւ արժանապատուութենէն: Նմանը փնտռում է օտար ուժեր,- մի հոգեբանութիւն, որը սեփական ուժերի լարում չի պահանջում:
Անկամ ու հոգեբանութեան ախտաւոր հողի վրայ իր գունատ ծաղիկներն է բացում եւ կրօնական խորհրդապաշտութիւնը:
Ցեղահաղորդ չէ մերօրեայ հայութիւնը, եւ ահա՛ սիւրիահայ իրականութեան մէջ եւ այլուր սունկի առատութեամբ ծնունդ են առնում կրօնական արտառոց աղանդներ, որոնք մեր աշխարհը տխուր պանդխտութիւն համարելով, հանդերձեալն են երազում` իրենց անդենական հայրենիքը:
* * *
Մեր արդար հպարտութեան առիւծն է ցեղը: Ցեղից են գալիս հայ զէնքի, բազուկի եւ գրչի բոլոր մեծութիւնները:
Ցեղօրէն, ցեղօրէն ապրենք, որ օգտուիլ կարողանանք մեր ցեղին յատուկ հերոսականութիւնից եւ գերագոյն պատուասիրութիւնից, նրա կրօնական բոցավառութիւնից եւ մշակութային խանդից` նրա ողջ զօրութենականութիւնից:
Գիտցէ՛ք, մինչ ժողովուրդները միջակութիւններ կը ծնին, ցեղի ինքնայայտութիւնը տեղի կ’ունենայ հերոսների, սուրբերի եւ լուսակիրների միջոցաւ:
Երբ ցեղօրէն ենք ապրում, ասել է` ներքին հզօրացուցիչ հաղորդականութեան մէջ ենք անցեալի մեր մեծ առաջնորդների հետ:
Ոչ ցեղահաղորդ ժողովուրդը կորովի եւ իմաստուն առաջնորդներ չի ունենայ;
Ցոյց տանք ժողովրդին իր ցեղի` իր գերագոյն ծնողի արեւ դէմքը, որ նա ինքնատեսութեամբ բարձրացնէ իր խոնարհ ճակատը:
Չէ՞ որ հէնց սրանում է ճշմարիտ մտաւորականութեան, գրականութեան եւ ազատագրական շարժումների դերը:
Անարժէք է գրականութիւնը — «ազգի յառաջապահը» չէ նա — եթէ ցեղի ոգու ինքնայայտութիւնը չէ, եթէ նրա մէջ ցեղի ոգին չի ճառագայթում:
Եթէ մեծ թեւաբախումներ ունի ժողովուրդը, ասել է` ցեղաշունչ է նրա գրականութիւնը, դա նշան է, որ նրա մէջ ցեղն է գործում:
«Զարթնի՛ր, փառք իմ»` շնորհալիաբար պիտի երգէ հայ գրողը, եթէ ուզում է արագացնել փրկարար ցեղացնցումը` հայ էութեան մէջ:
Ոչ թէ եւրոպականացում, այլ ցեղայնացում, քանզի միայն ցեղը կարող է ազգային արժէքները համամարդկայնացնել:
Օտարը պէտք է ծառայեցնել որպէս միջոց միայն` մեր սեփականը դրսեւորելու եւ փարթամացնելու համար:
Ոչ ցեղաշունչ ժողովուրդը ընդունում է օտար մշակոյթը` ապազգայնանալով: Ցեղը ազգայնացնում է ընդունածը:
Անօգուտ է նմանողութիւնը: Աւելի՛ն` դա աղարտում է մեր ցեղայնութիւնը: Ամէն նմանողութիւն ժողովուրդները գնում են իրենց անհատականութեան կորուստի գնով:
Երբ արթուն է ցեղը` ժողովուրդը տեսնում է իր հոգու անբաւ հարստութիւնները եւ փռում է անոնք աշխարհի առջեւ:
Ցեղօրէն չապրող ժողովրդի համար համր է անգամ իր հայրենի աշխարհը:
Նմանը կարող է խորթանալ անգամ իր հայրենի միջավայրում:
Ցեղօրէն ապրողն, ընդհակառակը, կարող է եւ մեծ սփիւռքի մատնուել, ինչպէս Իսրայէլը, բայց միշտ էլ զերծ կը մնայ ներքին հոգեբանական կորստաբեր ցրումից:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!