Գարեգին Նժդեհ

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴ

— «Յեսու կը յառաջանար` մտախոհ եւ գունատ,

որովհետեւ Ամենակալին ընտրեալն էր արդէն»-

նաեւ` ժողովրդի առաջնորդը, աւելացնենք մենք:

Ամենաբարձր իրաւունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի — դա իր ծնող ժողովուրդը առաջնորդելն է:

Քիչերին է տրւում այդ իրաւունքը, եւ շատ քիչերն են արդարացնում դա:

Ո՛վ, սակայն իրաւունք ունի մի ժողովրդի ճակատագիրը` վարել:

— Նա՛, ճակատագրի ընտրեա՛լը, որ «կը յառաջանայ մտախոհ» ճակատը լեցուն, վսեմ խոհերով ու իր կոչումի ամենասրբազնութեան գիտակցութիւնից «գունատ», ապա օժտուած իր առաջնորդած ժողովրդի համար ամէն վայրկեան մեռնելու կամքով:

* * *

Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը:

* * *

Որի՞ն հետեւել — ահա՛ հարցերէն ամենաճակատագրականը, որի՞ն Նազովրեցո՞ւն, թէ՞ Բիւխներին, Էմերսոնի՞ն, թէ՞ Մարքսին, Մամիկոնեանների՞ն, թէ՞ հայ մտաւորականութեան քաղաքականապէս անկապաշտ մասին:

Առաջինները — ոգու հսկանե՛ր — քո մէջ կ՚ապրեցնեն աստուածայինը, վերջինները` մարդկօրէն անասնականը. առաջինները քո մէջ կը մշակեն իդէալիստը, ասպետը, հերոսը, վերջինները` գորտի հոգով առօրեապաշտ պաղ մահկանացուն:

* * *

Ճշմարիտ մտաւորականութիւն, ասել է` ազգի հոգեւոր ընտրանին, առաջնորդութիւնը:

Ստամտաւորականութիւն է դա, եթէ այդպիսին չէ:

* * *

Ուր ճշմարիտ մտաւորականութիւնը առաջնորդի իր դերի մէջ չէ` այնտեղ կոյր է ժողովուրդը, նաեւ` պառակտուած:

* * *

Մեր կեանքում դեռ զօրաշարժի ենթարկուած չէ ճշմարտութիւնը ստամտաւորականութեան պատճառով, հայութիւնը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը — դա հոգեվերանորոգուած հայ անհատն է:

* * *

Ժողովուրդները յաճախ տառապում են հոգե-զգացական կուրութեամբ — մա՛յրը ամէն կարգի ներքին տկարութեանց եւ բաղխումների:

Ճշմարիտ մտաւորականութեա՛ն է ընկնում` բուժել այդ կուրութիւնը իրենց ժողովրդի մէջ մշակելով բարոյական առաքինութիւններ ճշմարտասիրութիւն, արդարամտութիւն, մեծահոգութիւն:

* * *

Քաղցրօրէն ստել ու կեղծել իր ժողովրդին` մանիլովշչինա՛ — ահա՛ հայրենաքանդ այն տկարութիւնը, որով բռնուած է հայ մտաւորականութեան իմաստասիրօրէն կոյր եւ անցեղաշունչ մասը:

* * *

Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:

* * *

Ուր զօրաւոր առաջնորդ չկայ` այնտեղ ոգու կեանք չկայ, իսկ ուր այդ վերջինը չկայ` այնտեղ խանդավառներ, մարտիկներ, գերզոհաբերողներ չեն ստեղծւում:

* * *

Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:

* * *

Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:

* * *

Չկա՛յ աւելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտութեանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդէպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամբաներով յաջողում է տարբեր ուղղութիւն տալ ժողովրդի ցասումին, մղելով նրան` իր դժբախտութեան պատճառները փնտռելու իրենից դուրս: Ուրիշ ազգերի կեանքում յաճախ մի դժբախտութիւնը գալիս է խափանելու մի ուրիշը, ուրիշնե՛րը: Մեզ մօտ ընդհակառակը, ամէն դժբախտութիւն դառնում է պատճառ նորի, նորերի՛:

Կը վկայէ պատմութիւնը, որ իր դժբախտութեան պատճառները գիտակցող ժողովուրդը աւելի հեշտ է կրում իրեն վիճակուած դառնութեան բաժակը եւ հեշտութեամբ յաղթահարում չարիքը:

Աւելի՛ն, նմանի համար ամէն մի ձախորդութիւն, գալիքի մի նախազգուշացում է: Միայն նմանին է յաջողւում հարուածախոյս լինել:

* * *

Երբ ժողովուրդը` ծուռ խղճմտանքի տէր իր ղեկավարների պատճառով մնում է անգիտակ իր ապրած դժբախտութեանց պատճառներին, իր ամէն մի պարտութիւնից յետոյ նա դառնում է նաե՛ւ պարտուողական, որ ասել է` ատակ եւ արժանի նորանոր պարտութիւնների:

* * *

Առաջնո՞րդ ես, ուրեմն, եղի՛ր ազնիւ, ազնիւ եղի՛ր, էլի՛ ազնիւ` խղճմտանքիդ հանդէպ — դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:

* * *

Մի ժողովուրդ ցեղօրէն այնքան արթուն է, որքան դա զգայուն է դէպի իր մարգարէների, իր ընտրանիի կանչերը:

* * *

Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը — նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում:

* * *

Զօրաւոր եւ օրհնաբեր է այն առաջնորդը, որի կամքը օժտուած է իր ցեղի ամենադրական յատկութիւններով:

* * *

Հոգեւոր կեանքի անատակ մարդուն տրուած չէ՛ գերագոյն նպատակի համար աշխատելու, զոհաբերելու, մեռնելու քաղցրութիւնը: Նմանը չէ՛ կարող առաջնորդ լինել:

* * *

Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն:

* * *

Մտքի անշարժութիւն, քարացում — երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:

* * *

Միայն մեծ առաջնորդներին է յաջողւում իրենց կամքի ողջ ուժականութիւնը փոխանցել իրենց ժողովուրդներին, առաւելապէս նրանց երիտասարդ սերունդներին: Եւ հենց դրանով են վերանորոգւում զանգուածները, վերածուելով մի բարոյական ընդհանրութեան, միակամ եւ միուղի ազգի:

* * *

Նախ հասցնել մի մեծ սերունդ — մե՛ծ իր պաշտամունքով եւ ատելու կարողութեամբ — եւ նրա միջոցաւ իրագործել իր պատմական առաքելութիւնը. այսպէ՛ս է գործում ճշմարիտ առաջնորդը:

* * *

Միջազգային առաջնորդութեան մասին խօսում են անյուսօրէն տգէտները միայն: Պատմութեան դեռ անծանօթ է նմանը: Առաջնորդը իբրեւ տուեալ ազգի կուլտուր-ընկերային գործառնութեանց կիրարկիչը միշտ էլ երեւան է գալիս ազգային կնիքով:

* * *

Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական: Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը` դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:

* * *

Փառասէ՞ր է առաջնորդը — փառասէր է ճշմարիտ ամէն առաջնորդը այդ ոչի՛նչ, բաւական է որ նա իր ազնուական ու ստեղծագործ փառասիրութեան միացնում է իր շարժիչ միտքն ու մեծ սիրտը, բաւական է, որ խաչ կայ իր ուսին:

Նմանի համար չէ՛ կոմպրոմիսը, նա վախ չունի հալածանքից եւ բնաւ հաշուի չի առնում, թէ իր սկսած պայքարում ո՞վ է իր հետ, ո՞վ` իրեն դէմ: Նրա առաջին թշնամին է կազմակերպուած միջակութիւնը` յանձին զանգուածների տգիտութեան եւ տկարութեան քուէներով ընտրուած իշխանութիւնը:

* * *

Երբ մի ժողովրդի մէջ ճշմարիտ առաջնորդի երեւումը ցնծութեան, փառաբանութեան եւ պաշտամունքի փոխարէն արժանանում է օձաթոյն նախանձի, թշնամանքի ու մատնութեան` պէտք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 3

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով