ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 12
ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ
XI
ԲԱՐՈՅԱՇՈՒՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ
Ազգերին, որպէս իրենց ստւերը,
հետեւում է իրենց արժանի բախտը:
Իր ճակատագրի դարբինն է ամէն մի ժողովուրդ: Վաղ թէ ուշ, նա դառնում է այն, ինչ որ ուզում է լինել այսօր:
Այսօրուայ նրա իդէալը – դա միաժամանակ եւ մարգարէացումն է, եւ խոստումն այն բանի, ինչ որ վերջ ի վերջոյ պիտ դառնայ նա:
Անհատ, խմբակցութիւն, ժողովուրդ – հոգեբանօրէն այլ բան չեն այդ բոլորը, քան իրենց իդէալի ստեղծագործութիւնը:
Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդէալ – որպէս մի իւրատեսակ ոգի, որը իմաստ եւ վեհութիւն հաղորդելով նրանց կեանքին՝ փրկել է նրանց բարոյական փտութիւնից:
***
Չկա՛յ աւելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյութիւնը:
Յանցանք է դա, մահացու յանցանք:
Նպատակն է թելադրում գերագոյն պարտականութիւններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողութիւններ, որոնց մէջ կոփւում են անհատի եւ ժողովրդի լաւագոյն առաքինութիւնները, որոնց կատարումը, Աքիլլէսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վէրքերը:
Նպատակն է բարոյապէս շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից եւ բարոյական անկումից: Անհատի եւ ազգի գոյութեան արեւն է նպատակը: Նա լուսաւորում է եւ ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ոյժերը, լարում մեր կամքերը, եւ անդիմադրելիօրէն քաշում մեզ դէպ իրեն՝ դէպ յաղթանակ:
Դժւարին, բայց թագաւորական է իդէալի ճանապարհը: Նրա ծայրին՝ դէպ իդէալի հեւիհեւ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագաւոր – ժողովուրդ:
***
Գերագոյն նպատակ ունի եւ մեր ժողովուրդը՝ միացեալ եւ անկախ հայրենիք:
Բայց շնորհիւ տիրող հասկացութիւնների, տեսակէտների, ձգտումների քաոսի եւ սրա առաջացրած առօրէական աննպաստ հոգեբանութեան, նրա մի մասի մէջ սկսել է գունատւել այդ նպատակը: Նրա մէջ թուլանալ է սկսել ձգտումը դէպի նպատակը: Եւ նա, որ գոյութեան կռւում չկորչելու համար հրամայողաբար պիտ լինէր անխորտակելի ժայռ, իր աննպատակ գոյութեամբ պիտ դառնայ փոշէ բլուր:
***
Խոզերն ու նիւթապաշտները չեն սիրում կտրել իրենց հայեացքը ցեխից:
Մենք, որ նիւթակրօն խոզութեան մէջ անհատի եւ ժողովրդի բարոյական անձնասպանութիւն ենք տեսնում, աւելի յաճախ նայենք վերեւ եւ հեռուն:
Մարքսից գերադասենք Կարլէյլը, Հեգէլից՝ էմերսընը:
Լինե՛նք գաղափարապաշտ:
Նիւթապաշտութեան առջեւից ընթանում է զզւելի ֆիլիստերականութիւնը (քաղքենիութիւնը – խմբ.), իսկ այդ վերջինը նախապատրաստում է բարոյական անկումը անհատի, ազգի:
***
Փրկարար դեր պիտ կատարէին մեր թերթերն ու գրողները, եթէ իրենց ընթերցողներին յաճախ հնարաւորութիւն ընձեռնէին, մոռացութեան տալու անփառունակ եւ տխուր ներկան եւ ապրելու անցեալի փառքերով ու ապագայի յոյսերով:
Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանւած հասարակութիւնները: Կէս կեանքով են ապրում այն ժողովուրդները, որոնք – հեռու անցեալի եւ ապագայի ազդեցութիւններից – իրենց կեանքին չեն խառնում իրենց անցեալի փառքերն ու ապագայի յոյսերը: Այդպիսիները վտանգում են իրենց պագան, փորում իրենց սեփական գերեզմանը:
***
Կայ բարոյական մթնոլորտը, ուր, ինչպէս եւ մեզ շրջապատող մթնոլորտում, տեղիեն ունենում մակընթացութիւններ ու տեղատւութիւններ մտքերի, գաղափարների, զգացումների, որոնք շնչում է մարդս, իւրացնում եւ փոխանցումիր նմաններին:
Վսեմ ու ազնիւ գաղափարներով լցնենք այդ մթնոլորտը — գաղափարներ, որոնքսրբէին, մաքրէին մեր կեանքը, արի եւ առաքինի դարձնէին մեզ, մեծ եւ փառահեղ գործերի մղէին մեզ:
Գաղափարներ, որոնք հակաթոյն լինէին բոլոր տեսակի անբարոյացուցիչ եւ քայքայեցուցիչ ազդեցութիւնների դէմ:
Գաղափարներ, որոնք փրկել ու փրկում են անհատներն ու ժողովուրդները բարոյական նեխութիւնից:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!