Գարեգին Նժդեհ

Գ. ՆԺԴԵՀԻ ՆԱՄԱԿԸ ՏՐԱԵԱՆՈՎԻՆ

Սիրելի՛ բարեկամ

Տեոդոր Տրաեանով,

Չեմ կարող ասել, թէ անծանօթ էի Ձեր ժողովրդի ցեղային կարողութիւններին, նրա պատմութիւնը ստեղծող ու շարժող ոգուն, նրա մշակութաստեղծ խանդին:

Սակայն, քաղցրօրէն պիտի խոստովանեմ, որ համակրանքի երկտողով ինձ ուղարկած Ձեր գիրքը եկաւ նոր շա՜տ բան ասելու ինձ` բուլղար «Ոգու եւ Հող»ի մասին:

Հանճար եւ մարգարէականութիւն — ահա՛ թէ ինչե՛րն են ծնունդ տուել Ձեր բալլադաներին: Ճշմարտօրէն մե՜ծ բանաստեղծ, որ դժբախտաբար, ամէն սերունդի օրով աշխարհ չի գալիս:

Փարիզի անկման նախօրեակին ֆրանսական գրական մի ամսօրեայ ցաւով կը հարցնէր` ո՞ւր է մեծ բանաստեղծը, որ յանուն Ֆրանսայի պաշտպանութեան կարողանար զօրահաւաքի ենթարկել բոլո՛ր սրտերը:

Բարեկա՛մ, Ձեր գիրքը թերթելուց յետոյ` ես այլեւս կը հաւատա՜մ, կը հաւատա՜մ, երիցս կը հաւատա՜մ, որ եթէ վաղը Ձեր հանճարը ծնող ժողովուրդը հարկադրուի մերկացնել իր «Աստուածայնօրէն կատաղի սուրը», Բուլղարիայում ո՛չ ոք պիտի կրկնի ֆրանսացիների խռովքոտ հարցը, քանզի կա՛յ մեծ բանաստեղծը, դա` բուլղար նախախնամութեան աստուածաշունչ մունետիկը` ապրում է մեր մէջ — Ձեր բալլադաները վկա՛յ: Ոգու բանաստեղծ, տեմպորալիստ, յստակատես — այսպէ՛ս պիտի էագրէր Ձեզ ճշմարիտ գրաքննադատը, եթէ նա գոյութիւն ունենար այսօր: Արդարեւ, Ձեր ոգու համար անջրպետ չունեն դարաշրջանները: Տեմպորալիստական Ձեր միտքը սաւառնում է բոլոր դարերի, բոլոր սերունդների վրայ, եւ Sub speccie aeternitatis* եկած ու անցածների անունից պատգամում նորերին: Մարգարէական խօսքի ինչպիսի՜ թափ — իմաստի` խորութի՛ւն, ապրումների` լաւա: «Երբ ճապոնացին մի ծաղկող ճիւղ է նկարում — դա ամբողջ գարուն է»,- ասել է Ալտենբերգը` Վիեննայի մեծ բանաստեղծը, մեծ բոհեմը:

Դո՜ւք էլ, դո՛ւք էլ, երբ խօսում էք մի գետի, մի պուրակի, մի լերան մասին, ոգիանում է, լեզու առնում ո՛ղջ բնութիւնը:

* * *

Այո՛, ինչի որ դիպչում է Ձեր թովչական խօսքի շունչը` դա կենդանանում է, եւ սրբանում, միաժամանակ:

Երգում են ձեր երգած ծովերը, որովհետեւ գիտեն, որ «հերոսի սիրտը հանգիստ է գտնում միայն երգի մէջ»: Հողմերի մէջ` «դարերն են լալիս»: Անտառը` «յաւիտենական ոյժեր է արտաշնչում»:

Պիրի՛նը` տիտան` լսում է եւ լռում: Ատրո՛ւման — տնքում է գիշերային լռութիւնը պայթեցնող հառաչանքով` «անարգուած պատուի եւ օջախի» համար: Եւ հո՛ղը — «մատակ առիւծ» — իր կորիւններն է կանչում:

Այսպէս, Ձեր շնչով ոգիացած երկրում` ամէն ինչ սուրբ է, մարդկային եւ սիրելի: Ցարեր` «ծնուած առիւծի եւ հրեշտակի հոգով»: Արեւադէմ մարգարէն, որ «մեղքից զերծ ցեղը» երազեց, եւ այսօր, «եղբօրից դաշունուած` քայլում է արնոտ հետքերով»: Հերոսնե՛ր, որ «երբեք չեն մեռնում, անգամ եթէ արեւը մեռնի»: Մայրեր — «թշուա՜ռ մայրերը եղբօր եւ թշնամու — որոնց մազերի վրայ լացող Տիրամօր արցունքն է թափւում»: Քաջամարտիկներ` «մարտում հրեշտակի հաւասար», որոնք իջնում են երկնքից եւ «պահակ կանգնում իրենց վաղեմափառ դրօշակներին»: Մեռելներ անթաղ, կռւում ընկած, «որոնց աճիւնի առջեւ ինքն Աստուածն է խնկարկում»: Մշակներ` Ֆաուստեան կարօտով, որոնց «թափօրի մէջ նոր ժամանակների քայլերն են արձագանգում»:

Եւ ժողովուրդը` արդար ու արի, գիտէ ինքն իր կեանքի օրէնքը դարբնել, եւ «եղբայրական սեղանին թշնամուն հրաւիրել»: Իր սուրը` «հրեղէն եւ սառցեայ, որ սպանում է միա՛յն պաշտպանութեան մէջ»: Խղճմտանքը` «սպանի՛ր առանց սպանիչ-չարագործ դառնալու»: Աղօթքը` «Դու, Տէ՛ր, ների՛ր ռազմի մեր եղբայրներին, ների՛ր եւ թշնամուն»: Հաւատը` խաչակիրի: Տեսիլքները` շքեղաշքեղ ու հոգեփոխիչ: Աշխատանքը` «հրաշք, որ Աստուծուն է մօտեցնում երկրի ամէն մի որդուն»: Իմաստութիւնը` «մարդը անցողական է, ժողովուրդը յաւիտենական, ա՛յն բանում, որ ստեղծում է»:

Այդ արեւադէմ ժողովուրդը ե՛ւ իր մեծ օրն ունի — ահա՛ «զարկում են բոլո՛ր թմբուկները, շեփորում ե՛ւ բոլոր փողեր»ը , քանզի «Բոսֆօրի վրայ ճակատագիրն է յառնում» եւ… վերստին, հողը — մատակ առիւծ` իր կորիւններն է կանչում` «ոտքի՛, մեռելնե՜ր»…

* * *

Բարեկա՛մ, եթէ ես լինէի վարիչը բուլղար բանակի, եկեղեցու, դպրոցի` պիտի հրամայէի, որ ամէն զօրական ու զինուոր, եկեղեցական ու հաւատացեալ, ուսուցիչ ու աշակերտ, որ ամէն բուլղար իր ծոցում կրէր Ձեր բալլադաների գիրքը: Այո՛, այդպէս պիտի վարուեն Բուլղարիոյ օրուայ վարիչները, որովհետեւ միայն հանճարով ու մարգարէութեամբ օծուն նման գրքերին է յաջողւում ժողովրդից շանթանման առաջնորդներ ու մահապատրաստ վիտիազներ քամել: Ձեր բալլադաների հզօր շունչը կարող է հոգեվերանորոգել Ձեր ժողովուրդը, զայն վերածելով մի հոգեւոր մոնոլիտի, որպիսին դա պիտի դառնայ հրամայողաբար, որովհետեւ «գալիս են զօրաւոր ժամանակներ»:

Փա՜ռք Ձեզ եւ Ձեր հանճարը ծնող ժողովրդին: Համբո՛յր Ձեր գրչին:

* Յաւիտենականի բարձունքից:

Եղբայրօրէն ` ԶՕՐ. ՆԺԴԵՀ

«Ռազմիկ», 1941թ., թիւ 6

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով