ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ 3

Գ

Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ:

Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների:

Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն` անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ` աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը:

Առանց վերագնահատումի` անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների` ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք` ժողովուրդները:

Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը:

Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին:

Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը:

Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:

— Բոլորը` բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայ քաղքենիամտութիւնը:

Այս մտայնութի՜ւնը… գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաների վրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են:

Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները` մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում — տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի:

Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից:

Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է:

Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:

Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը` երբեք ապերախտ:

Լինէր հզօր` աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը: Տկար էր, տկարացաւ — դառաւ անարժան իր բնաշխարհին:

Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել` իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից:

Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները:

Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կարծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ — անգամ դժբախտութեան — մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու — այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով