ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — VIII
VIII
ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՀԵՐ*
Աշակերտի՛ր ճշմարտօրէն մեծերին —
ռազմի հանճարներին, սակայն,
մի՛ մոռանար, որ վտանգն է զօրականի
լաւագոյն ուսուցիչն ու դաստիարակը:
Պատմութեան բոլոր դարաշրջաններում — դիւցազնական Հելլադայից մինչեւ Հռոմը, եւ Հաննիբալից մինչեւ Նապոլէոնը — մարդը յամառօրէն խորհրդածել է այն մասին, թէ ինչո՞վ եւ ինչպէ՞ս է շահւում յաղթանակը: Եւ, ձգտելով պատասխանել այդ հարցին, նա ծնունդ է տուել մի շարք տեսութիւնների, որոնցից ամէն մէկը բովանդակում է ճշմարտութեան հատիկներ միայն, բայց ոչ` ամբողջ ճշմարտութիւնը:
Մի հատիկ եւս աւելացրած կը լինենք ճշմարտութեան ֆոնդին, եթէ ասենք, որ էականը պատերազմում, կռւում, ամենաէականը մահն է` աներեւոյթ, սակայն, իրական երրորդ գործօնը, ոյժը — երրորդ դերակատարը:
Մարտերում, հաւասար այլ պայմաններում, սովորապէս, յաղթանակում է այն կողմը, որը այդ «երրորդ»ից աւելի է օգտւում, քան իր հակառակորդը: Իսկ օգտուել մահից, նշանակում է` նրանից օգտուելու կարելիութիւնից զրկել իր ախոյեանին: Նման վիճակի մատնելով վերջինին` մենք էապէս զինաթափում ենք նրան, որով եւ` ապահովում մեր յաղթանակը:
* * *
Յաղթանակել կռւում, նշանակում է` մահուան սպառնալիքով իր կամքը պարտադրել հակառակորդին:
Մահ սպառնալ — ահա՛ կռուի ողջ էութիւնը, եւ դաժանութիւնը, միաժամանակ:
Հետախուզական պարզ աշխատանքից սկսած մինչեւ բարդ եւ բախտորոշ ճակատամարտը` կռուող կողմերը իրապէս մրցում են ահավարութեան մէջ:
Կռուի նման մեթոդի առաւելութիւնը նրանումն է, որ ահավարողն իբրեւ աւելի ակտիւ կողմ` մնում է զերծ մահուան երկիւղից, կամ նրա ազդեցութիւնն իր համար հասցնում է նուազագոյնի:
Մարդկային արարածը ընդունակ է հոգեֆիզիկական որոշ աստիճանի լարուածութեան միայն, լարուածութիւն, որի սահմանն անկարելի է անցնել առանց պատժի, առանց սուր կորովաթափութեան, որը նախորդում է անձնատուութեան, պարտութեան:
Չափուող կողմերը` ահավարութեամբ հէնց իրենց ախոյեանի այդ կորովաթափութիւնն են հետապնդում:
* * *
Նոր զէնքեր ճարտարող արդիական գիւտարարը թէ վայրենին — որը կռուի մտնելուց առաջ ահուսարսափի ազդող դրսերեւոյթ է տալիս իր դէմքին, ասես` մահակերպարանաւորւում է — սրանք երկուսն էլ ղեկավարւում են միեւնոյն հոգեբանական հաշուով — ահավարութեամբ կաթուածել հակառակորդի հոգեֆիզիկական ուժերը, եւ այսպիսով, նրան մղել անձնատուութեան: Մահակերպարանաւորման գործում կատարեալ կլասիկներ, կատարեալ արտիստներ են եղել` Հաննիբալը, Բոնապարտի փոթորկաշունչ այրուձին, եւ Սուվորովը` սուինի ջատագով:
Գիտէ՞ք, իրար հանդիպելիս` ահավարութեան են դիմում նաեւ գազանները, բնազդի ոյժով:
* * *
Խոտան պիտի հռչակել այն բոլոր տեսութիւնները, որոնք յաղթանակը միշտ էլ նուիրում են այն կողմին, որը մի հատիկ զինուոր, մի թնդանօթ, ամրաշինական մի կառուցուածք աւելի ունի: Ո՛չ, ո՛չ, հարիւր զինուորի ոյժը միշտ էլ հաւասար չէ հարիւրի ոյժին: Այդ ոյժն ունի իր յաւելումն ու նուազումն ունի, նայած թէ ո՞վ եւ հոգեբանական ինչպիսի՞ մթնոլորտում ու ինչպէ՞ս է ղեկավարում այդ հարիւրակը: Կռւում գործ ունենք կենդանի, յարափոփոխ, դինամիկ եւ ոչ-մեքենական մեռեալ ուժերի հետ, որոնք չեն մնում քարացած միեւնոյն կէտի վրայ: Թիւն ու տեխնիկան վճռական դեր են կատարում միայն այն դէպքում, երբ նրանցից օգտւում ենք իբրեւ ահավարութեան միջոցներից: Յաղթանակը օրինաչափօրէն թեքւում է այն կողմը, որը յաջողում է աւելի երկար ժամանակ մահուան սարսափի տակ պահել իր հակառակորդին` ճգնելով խորատակել նրա դիմադրական ոգին: Այո՛, ըստ էութեան` ռազմավարութիւնն այլ բան չէ, եթէ ոչ` ահավարութիւն: Եւ, որովհետեւ մահն է ահացուցիչը` մենք բնաւ մեղանչած չենք լինի լեզուի ոգու դէմ, եթէ այսպէս բանաձեւենք ռազմավարութիւնը — հոգեբանօրէն առնուած` դա մահավարութիւն է:
* * *
Սուվորով չէ ամէն զօրավար, որը սուինը գերադասում է հրազէնից: Սուվորով լինելու համար պէտք է լինել Սուվորով, այսինքն` պատերազմական հանճար, հերոս, եւ զինուոր միաժամանակ:
Հանճար ու զինուոր էին` Կեսարը, Հաննիբալը, Նապոլէոնը:
Կատարելատիպ հերոսներ էին Մամիկոնեան Մուշեղ, Վասակ, Վարդան զօրավարները: Սակայն, կարելի է ռազմական տաղանդ, հանճար լինել, բայց եւ այնպէս հերոս չլինել:
Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար, եւ միշտ քաջաքաջ ու մահապատրաստ:
Հանճարի համար պատերազմն ամէն բանից առաջ մտքի գործ է: Իր բանակի յաղթանակն ապահովելու համար` նա համադրում է ռազմի գործում դեր կատարող բոլոր գործօնները, միաժամանակ վարպետօրէն օգտուելով իր հակառակորդի գործած սխալներից:
Ընդհակառակը, հերոսի յաղթանակը պսակողը` իր հոգեկան ոյժն է, որով սնւում են իր արիութիւնն ու մահապատրաստութիւնը:
Հանճարը դա բանակի ուղեղն է, հերոսը` սիրտը:
Օրհնութիւն է հանճարը, բայց, աւա՛ղ, նա հեշտ ու յաճախ չէ ծնւում:
Յաղթանակ կարելի է շահել նաեւ առանց հանճարի, առանց հերոսների` երբե՛ք:
* * *
Ոգու մարդը — ահա՛ սխրագործելու, մեծագործելու կարող ղեկավարը: Այսպիսի՞ն էր նա, ով աշխարհակալ Հռոմի դէմ ստրուկների ատելութիւնը շղթայազերծեց — Սպարտա՛կը` ներշնչելով մարդկութեան այն վսեմ ճշմարտութիւնը, թէ աշխարհը պիտի վայելի մարդն, ընդհանրապէս, եւ ոչ թէ իր նմաններին ճնշելու եւ շահագործելու իշխանութեամբ զօրաւորը միայն:
Այսպիսին էր նա, ով ողջ բանակով դարանակալեց կանանց մօտ` թոյլ տալով հռոմէական լեգէոններին երեւալու իր թիկունքում — Կարթագէնի ամեհի զաւակը, որի հարուածները հարկադրեցին Կեսարների գոռոզ ազգին խոստովանելու, թէ Հռոմից եւ հռոմէացու հոգուց դուրս էլ մեծութիւն կայ:
Վերջապէս, նա, ով Տղմուտի ափերում դարերին եւ սերունդներին իմացեալ մահով անմահանալու ճամբան մատնանշեց` հրաշունչ Մամիկոնեա՛նը, որն իր արիւնով հաստատեց, թէ չէ կարելի մարել այն, որն էութեամբ անմարելի է — հայկակա՛ն ոգին:
* * *
Զօրավար չե՛ս, եթէ նախ զինուոր չես: Այդ ճշմարտութիւնը, առաւել եւս, պատշաճում է հայ մարդու հոգեբանութեան: Հայը սիրում է կռուի ժամանակ իր ղեկավարներին տեսնել կրակի առաջին գծի վրայ, դէմ առ դէմ մահուան հետ: Նա սիրում է հաւասարութիւնը մահուան մէջ: Եւ արդա՛ր է նրա պահանջը: Հրէշային անհեթեթութիւն է անարի, շահախնդիր, մորթապաշտ զօրականը: Յաճախ խաբում են ուսադիրները — այդ լաւ գիտէ հայը: Նրանք միշտ էլ չեն համապատասխանում ենթակայի ներքին հնարաւորութիւններին, նրա հոգեկան ուժերին: Աստիճանը միշտ էլ ոգու կամ տաղանդի չափ չէ:
Բազէն էլ թռչուն է, բայց ամէն թռչուն բազէ չէ:
Այո՛, ամէն սպայ ղեկավար չէ:
* * *
Ո՛ւժ, աւելի ուժ — ահա՛ անհրաժեշտն ու էականը կռուադաշտում:
Տալու, ծախսելու համար` պէտք է ունենալ: Ամենակուլ է կռիւը: Այնտեղ ուժերի առատութիւն է պէտք: Ուժերի լիութիւնն է մարդուն մղում առատաձեռն զոհաբերութեան: Վայրկեանէ վայրկեան նոր ուժերի առկայութիւն զգալ` նոր, մինչ այդ անծանօթ ուժերի: Եւ, հէնց այդ նոր ուժերի յորդումն է արիութիւնը:
Արիացուցիչ է հոգեկան ոյժը — ոյժը, որ ծնունդ է առնում այս բարձր գաղափարներից, որոնք հոգեբանութեան լեզուով կոչւում է force idռe:
Զոհաբերելով սահմանաւոր մեր կեանքը` մենք նուաճում ենք յաւերժութիւնը,- ասում էին խաչակիրները: Դա ուժածին գաղափար է: Այդպիսին են նաեւ պատուի, փառքի, մեծութեան գաղափարները:
Սրանցից աւելի զօրաւոր է հայրենիքի գաղափարը:
Փառքով, փառասիրութեամբ էին ոգեշնչուած Նապոլէոնի մարաջախտները: Նրանց կուռքերն էին` կայսրը եւ Պատուոյ լեգէոնի շքանշանը: Թէեւ զօրաւոր, բայց ժամանակի ընթացքում թափը կորցնող խթան է փառասիրութիւնը: Փառքով յագենալ կայ: Անյագ է յաւերժութեան ծարաւը միայն: Արդ, թէ ինչու աշխարհը զարմացնող, բայց ոչ հիացնող Միւրատները, Դաւուները, Նէյերը` պատերազմների փոթորիկներում պարտասած` ծերացած արծիւների պէս, խաղաղ կեանքի կարօտով մի օր կախեցին իրենց թեւերը:
Եւ հէնց այդ օրն էլ թեքուեց մեծ Կորսիկացու աստղը, որովհետեւ նրա զօրքերի վարիչներն այլեւս շանթող զօրավարներ չէին:
* * *
Պատերազմում հարուածում է, սպանում, վէրքեր հասցնում ցաւեր ու աւերներ պատճառում ե՛ւ ինքնապաշտպանուող կողմը, բայց նա չի յանցագործում:
Որքան անիծեալ է սուրը յարձակուողի` այնքան նուիրական է նա ինքնապաշտպանուողի ձեռքում:
Հակահարուածել, սպանել ակամայից` առանց սպանիչ դառնալու ահա՛ թէ որպիսի գիտակցութիւն է ծովացնում մեր հոգեկան ուժերը:
* * *
Երբ առկայ է կարող առաջնորդը` հայը կռւում հեգնում է մահը, զոհաբերում քաղցրօրէն: Եւ ընդհակառակը, նմանի պակասի դէպքում, նա կորցնում է իր թափը, կորովաթափւում: Արդ, ինչու առաջնորդութեան խնդիրը, հայու համար, գերազանցօրէն բարոյա-հայրենասիրական է: Անհայրենասիրութիւն եւ անբարոյականութիւն է, երբ անարժանը, տկարը, անանձնուէրը թեկնածում է առաջնորդութեան: Զօրավար լինելու համար նախապայման է` զօրաւոր լինել: Իսկ այդպիսին լինելու համար պիտի կարողանաս արհամարհել ե՛ւ հարստութիւն, ե՛ւ վայելք, ե՛ւ մահ:
Չէ՛, բաւական չէ աստիճանով զօրավար լինել, պէտք է եւ զօրաւոր լինել — ահա՛ հայու պահանջը իր առաջնորդներից:
* * *
Առաջի՞ն կռիւն ես վարում, զօրակա՛ն. այո՞, ապա ուրեմն, գինովցի՛ր հայրենապաշտութեամբ, փառքով, խելայեղութեամբ, դիւցազնացի՛ր, մարդեղէն աստուա՛ծ կտրիր, ի մի բան` բիւրապատկի՛ր հոգեկան ուժերդ — կռիւը շահելու համար:
Վա՛յ քեզ — անփառունակութիւնն է պսակելու ապագադ, եթէ պարտուեցիր: Ռազմական փառքի կատարները` Ալեքսանդր, Հաննիբալ, Կեսար — այդ հրեղէն անունները գուցէ եւ միայն անծանօթ աշխարհին, եթէ պարտուած լինէին իրենց վիճակուած առաջին ճակատամարտում:
Այո՛, շատ անգամ հէնց առաջին կռուի ելքն է առաւելապէս ճշտում մեր ճակատագիրը հետագայ:
* * *
Ես մերժում եմ այն բարոյազուրկ հասկացողութիւնը, թէ հայրենիքի շահը սրբագործում է ամէն միջոց:
Ստորութիւնը չի դադարում ստորութիւն լինելուց ե՛ւ այն դէպքում, երբ այն կատարում է անգամ հայրենիքի համար:
Արտօնեալ մարդասպան, բռնացող, աւարառու — ա՛յդ է ստորութեան ընդունակ զօրականը: Բարոյական տկարութեան ծնունդ է ամէն կարգի ստորութիւն: Նա, ով մահապատրաստ է հայրենիքի համար` ստորութեան չի դիմում: Ստորութեան դիմում է անհայրենասէր կաշուապաշտը: Ստորութեամբ չեն պաշտպանում հայրենիքը:
Նրան` հայրենիքին, վայել է բարձրօրէն մարդկայինը, ասպետականը, կորովին:
Մարդը հոգեպէս բեւեռանում է առաւելապէս խոր բերկրանքի եւ սարսափի ժամանակ:
Սուր բեւեռացումի են ենթարկւում զինուորը` գրոհի, ճամբորդը` նաւաբեկութեան ժամանակ:
Հոգեկան այդ երեւոյթը, նուազ սրութեամբ, տեղի է ունենում եւ բանտերում:
Մարդկանց ամենաբարիներին եւ ամենաչարերին ես հանդիպել եմ կռուադաշտերում, մէկ էլ` բանտերում:
Հոգեկան բերկրանք, սարսափ, տաժանք — սրանք մարդկային էութեան նկատմամբ կատարում են հոգեբանական ռէակտիւի դեր: Դրական թէ բացասական բեւեռացմամբ ենթական դրսեւորում է իր էութիւնը` շեշտելով իր նկարագրի հիմնական գծերը: ժողովուրդներն իրենց էութիւնը առաւելագոյն չափով մատնում են պատերազմի ժամանակ, որը ե՛ւ բերկրանք, ե՛ւ սարսափներ ապրելու այնքան առիթներ է ընձեռում: Պայթե՞ց առաջին հրանօթը` բանակի ընկերայնօրէն առաքինի տարրերը — այլասէրը, մարտունակը, հայրենասէրը հոգեկան բեւեռացմամբ դառնում են համակ սէր, ընկերասիրութիւն, խիզախութիւն: Եւ հէնց սրանք են կազմում բանակի իրական ոյժը, նրա բարոյական ողնաշարը, նրա «մատեան գունդը»: Սրա՛նք են վտանգի դնում իրենց կեանքը, սխրագործում, հերոսանում, եւ յաճախ իրենց արիւնով ներկում դէպի յաղթանակը տանող ճամբան:
Իսկ ընկերայնօրէն պաղ տարրերը — եսապաշտը, անարին, անհայրենասէրը, բեւեռացման նոյն օրէնքով, դառնում են բանակի տկար ու խոցելի կողմը, երեւան գալով իբրեւ դասալիք, ահընկէց, կռիւ կեղծող, գլուխ պահող:
Վա՛յ այն բանակին, որին հոգեբան եւ կարող ղեկավարներ են պակասում: Նման դէպքում տկար տարրերը յաճախ յաջողում են ապամագնիսացնել, բարոյալքել անգամ մարտունակ տարրերը: Զանգուածների հոգեբանութեան օրէնքներին ծանօթ ղեկավարը անձնական կենդանի օրինակի վարակչութեամբ նպաստում է իր զինուորների դրական հոգեբեւեռացմանը, որով եւ` անկարելի դարձնում բացասականը: Եւ, հէնց սրանում էլ, ըստ էութեան, կայանում է ղեկավարութեան գործի կէսը — նրա կարեւորագոյն մի մասը:
* * *
Նախընտրիր իբրեւ թշնամի ունենալ նեմէեան առիւծը, քան աղուէսը: Զօրաւորի հետ չափուելն աւելի հեշտ, նաեւ` աւելի պատուաբեր է, քան նենգողի:
* * *
Իմ զինակիցը կռւում — դա ե՛ս եմ, ե՛ս ամէնից առաջ:
* * *
Հայը կռւում է աննահանջ եւ սխրագործում աւելի իբրեւ կամաւոր, քան պարտադիր ծառայութեան զինուոր:
Նրա սրտովը չէ` գործել հրամանով, իսկ մեռնել հրամանով` բնա՛ւ:
Պարտադիր ծառայութեան մէջ իսկ նա իրեն զգում է կամաւոր:
Հոգեբանական այդ իրողութիւնը հետեւանք է այն բանի, որ երկար, շատ երկար ժամանակ` իր պատմական ճակատագրի բերումով հայն իր հայրենիքի պաշտպանութեան գործին մասնակցել է ոչ թէ իբրեւ իր նախարարի ստրուկը, ճորտը, այլ` իբրեւ հայ մարդ, որ պարտական է կռուելու Հայաստանի համար**:
Հայու այդ հոգեգիծը` դրական եւ օրհնաբեր, պիտի պահպանուի գուրգուրանքով, քանզի կամաւորութեան գաղափարն աւելի վեհ է, քան պարտադիր ծառայութիւնը:
Կամաւորութիւնը ուխտուածութիւն է — ահա՛ թէ ինչումն է իր խորհուրդը, իր ոյժը: Եւ ոչ մի իշխանութիւն կարող է մեռնելու բռնադատել նրան, ով ուխտուած չէ, մահապատրաստ չէ հայրենիքի համար: Կարելի է առաջ վարել անգամ մորթապաշտներին. նմաններին իսկ կարելի է զոհաբերել, բայց նրանց կրաւորական, ակամայ մահերով յաղթանակ չի շահւում:
Կամաւորագրուողն է քաջագործում, մեռնում կամովին — յաղթանակում:
* * *
Արդեօ՛ք, զինուորը — ամէն զինուոր ընդունե՞լ է կռիւը — ահա՛ հարցը, որին պիտի պատասխանի ղեկավարը:
Ընդունել կռիւը. առանց հոգեբանական այդ ակտի` զինուորը մնում է սովորական հրացանաւոր, մեռեալ թիւ:
Կարելի է լինել բանակի շարքերում, ծածան դրօշի տակ, բայց եւ այնպէս իրեն չզգալ իբրեւ ռազմապատրաստ մարտիկ: Ռազմիկն արթնանում է հրացանաւորի մէջ դեռ կռուից առաջ: Այդ զարթօնքը տեղի է ունենում այն վայրկեանին, երբ զինուորն ընդունում է կռիւը, այսինքն, երբ նա հաշտւում է յանուն մի սրբազան արժէքի իր կեանքը վտանգի դնելու մտքի հետ: Հաւասար այլ պայմաններում յաղթանակում է այն կողմը, որի շարքերում նուազ է կռիւը հոգեբանօրէն չընդունողների թիւը: Ընդունել կռիւը — նախ ա՛յդ:
Հոգեկան այդ ակտից են ծնունդ առնում ե՛ւ զինուորը, ե՛ւ բանակը, ե՛ւ յաղթանակը:
* * *
Մեր ղեկավարութիւնը միայն այն չափով է ակտիւ եւ իմաստուն, ինչ չափով մեզ յաջողւում է խանգարել մեր հակառակորդի ղեկավարութեան գործը:
Եւ, յաղթանակն սկսում է ժպտալ մեզ հէնց այն վայրկեանից, երբ անկարելի ենք դարձնում թշնամու ուժերի ղեկավարութիւնը: Նման դէպքերում խզւում է ո՛չ միայն արտաքին կապը նրա ուժերի միջեւ, այլեւ` մարտիկների արիութիւնը եւ արթնութիւնը սնուցանող այն աներեւոյթ, ասենք` էլեկտրական հոսանքը, որ միացնում է էութիւնները եւ ստեղծում այն, որ ես անուանում եմ հաւաքական սիրտ:
Հոգեբանական նման մթնոլորտում ապամագնիսացւում է զինուորը, նա իրեն զգում է անզէն, անգլուխ կորած: Մի գրոհ, մի հարուած եւս — եւ թշնամուն կը մնայ ողբալ իր պարտութիւնը:
* * *
Ո՞վ է ղեկավարում ինձ. խորհելով այդ մասին` զինուորը շատ անգամ հոգեբանօրէն յաղթանակում է կամ պարտւում դեռ կռուի չբռնուած:
Ո՞վ է վարելու ճակատամարտը. ժամանակակից մի Մամիկոնեա՞ն, թէ՞ մի սովորական սպայ, որի, ինչպէս գիտենք, աստիճանը միշտ էլ ներքին ոյժ, արժանաւորութիւն չի ենթադրում: Ահա՛ հարցը, որն այնքան յաճախ խռովում է զինուորի միտքը:
Իր անունը չի արդարացնում այն զօրականը, որը կարծում է, թէ բաւական է միայն հրամանը, որպէսզի իր զինուորը կռուի: Միայն հրամանով չեն նետւում դէպի մահ, չեն մեռնում, մասնաւորապէս մեր ժամանակներում: Զինուորը կռւում է, խիզախում, վտանգի դնում իր կեանքը, երբ իր զօրամասը գտնւում է հոգեպէս շիկացած վիճակում, երբ իր թիկունքում, իր կողքին ամէն ինչ խթանում է նրա արիութիւնը, երբ վարարած կրքերի մի հրահեղեղ նրան քշում է առաջ: Նման հոգեբանական մթնոլորտում է մարդու մէջ արթնանում ռազմիկը: Իսկ այդ մթնոլորտն ստեղծում է կարող ղեկավարը:
Կռւում` ղեկավարն էապէս իր ներքին մարդը, իր ներքին աշխարհը վարելով է ղեկավարում իր զօրամասը:
(Այո՛, ղեկավարութիւնը միշտ էլ ենթադրում է ինքնաղեկավարութիւն, միաժամանակ): Ճակատագրական նշանակութիւն է ստանում նրա ամէն մի խօսքը, շարժուձեւը, երեւումը:
Զինուորը տրամադիր է իր ղեկավարի մէջ տեսնելու աւելի՛ն, քան սովորական ուսադրաւորը:
Բոնապարտի զինուորները լուսապսակ էին տեսնում իրենց կայսեր գլխի շուրջը, երբ սկսում էր խօսել նա:
* * *
Իբրեւ մարդկային կամարտայայտութիւն, գործունէութիւն` կռիւն էլ իր դիալեկտիկան ունի, որի օրէնքները մեզ հիմք են տալիս կանխատեսելու ռազմագործողութեանց ընթացքն ու վախճանը:
Ինչպէս պատմական անցեալ դէպքերի անսխալ վերլուծութիւնը մեզ օգնում է հասկանալու ժամանակակից իրադրութիւնները եւ նրանց զարգացման հեռանկարները, այնպէս էլ տուեալ մարտի յաջորդական փուլերի ճշգրիտ անալիզը մեզ առնուազը կռահել է տալիս նրա զարգացման ձեւերը: Այլ խօսքով, դիալեկտիկական մեթոդի կիրարկումը` ռազմագործողութիւնները գնահատելիս` մեզ հնարաւորութիւն է տալիս կանխատեսելու կռուի զանազան ընթացքը, — կանխատեսութիւն, առանց որի չէ կարելի կռիւը ղեկավարել: Ղեկավարել, ասել է` անհրաժեշտ վայրկեանին վճռաբար հասցնել մեր հերթական հարուածը: Ծովը մակընթացութեան եւ տեղատուութեան ժամանակ — ահա՛ կռիւը: Անասելիօրէն յարափոփոխ է նրա պատկերը: Իր ժամանակին պէտք է հասկանալ, թէ յօգուտ ո՞ր կողմի է տեղի ունեցել փոփոխութիւնը եւ ըստ այնմ ճշտել մեր վճռական միջոցառումը: Եթէ կռուի եւ յաղթանակի տենչը ինքնին յաղթանակի կէսն է — իբրեւ յաջողութեան նախադրեալ — ապա` նրա միւս կէսն էլ պայմանաւորւում է խմորուող ռազմանցքերի կանխատեսութեամբ:
* * *
Գոյութիւն ունեն երկու տեսակ զինուորներ` մէկը, որ կռւում է, միւսը` որին կռւեցնում են:
* * *
Թող կռուի չմեկնեն թուապաշտները — նրա՛նք, որոնք ընդունում են, թէ ոյժը, զօրութիւնը թուի մէջ է միայն: Ոգի՛ն է կռուի մղում զինուորին: Ով որ համրում է` չի՛ խիզախում:
* * *
Կռուադաշտում նմանիր առիւծին, որը քնում է բաց աչքերով:
* * *
Ասում են, որ առիւծը, իրեն հետապնդողներից ճողոպրելու համար, պոչով աւելում է իր հետքերը:
Ա՛յդ բանում, զօրակա՛ն, միայն այդ բանում դու մի՛ նմանիր առիւծին:
* * *
Կռւում ճանաչիր մի հատիկ սահման — անկարելի՛ն:
* * *
Ի՞նչ կ’ուզէիր արծուից:
— Նրա թեւերը,- ասաց արուեստագէտը:
— Նրա բնազդը,- յարեց ռազմիկը:
Առաջինին պէտք էր թռիչք, երեւակայութիւն ստեղծագործ:
Երկրորդին` արտաքին եւ ներքին սրատեսութիւն:
Մէկը հետամուտ է գեղեցիկին, միւսը` յաղթանակին:
* * *
Մէկն ինձ խնդրեց` բանաձեւել իմ ռազմական փորձը:
Ահա՛ դա` ասացի.
— Առաջինը` թոյլ չտալ հակառակորդին մտածելու իսկ, թէ ինքը աւելի զօրաւոր է մեզնից, եւ այդ` հէնց կռուի սկզբից:
— Երկրորդ` հէնց կռուի սկզբից զգացնել տալ հակառակորդին, որ մենք զօրաւոր ենք նրանից:
* * *
— Ի՞նչ են ասում սարերն իրենց խրոխտ լռութեան մէջ,- հարցրի իմաստունի անուն հանած մի ծեր լեռնականի:
Հայեացքը դէպի հայրենի կատարները դարձնելով, նա լռեց մի պահ` կարծես նրանցից պատասխան սպասէր, ապա` իմաստաբանեց.
— Լեռներն ասում են` պահի՛ր մեզ, լեռնակա՛ն, որ մենք էլ քեզ պահենք:
* * *
Ով կռւում ժամանակ է կորցնում` յաղթանակն է կորցնում:
* * *
Ունեցիր միշտ աւելին, քան պէտք է քեզ — արիութիւն, բարութիւն, նուիրում:
Անհրաժեշտ չափով արի չես, եթէ արիութիւնդ չափաւորելու կարիք չես զգում:
Գիտե՞ս, ջրախառն է խմւում իսկական գինին:
* * *
Արդար լինենք, զօրավա՛ր, դու` եթէ հանճարեղ իսկ լինես, դու միայն նախապատրաստում ես յաղթանակը. այն շահում է զինուորը:
* * *
Աւելի հեշտ է մշակել, քան պաշտպանել հայրենի երկիրը:
Լաւ մշակ, լաւագո՛յն մարտիկ — այդպիսի՛ն եղիր դու:
Միայն նմանի հայրենիքն է սանձուած պահում արտաքին ընչաքաղցութիւնը:
* * *
Զօրակա՛ն, կռուիր այնպէ՛ս, որ կարողանաս ասել զէնքի ընկերներիդ` ի՛նձ պէս կռուեցէ՛ք:
* * *
Բանակը, նայած ո՞վ է առաջնորդում իրեն, միաժամանակ ե՛ւ կայծքար է, ե՛ւ ամպրոպային ամպ: Առաջինից կարելի է կայծեր հանել, երկրորդից` շանթեր քամել:
Բանակն այն է, ինչ որ առաջնորդին յաջողւում է դարձնել նրան: Ոչի՛նչ է բանակը — ամէն ինչ են անհատ զինուորն ու առաջնորդը: Չափւում են բանակները, սակայն յաղթում կամ պարտւում է զինուորը, եւ առաջին հերթին` առաջնորդը:
* * *
Պատերազմիր այնպէ՛ս, որ չամաչես տարածդ յաղթանակից:
Արդար է յաղթանակդ, երբ այն արդար է համարում պարտուած թշնամիդ իսկ:
* * *
Պարտուե՛լ հայրենի հողի վրայ — գերագոյն վատութիւն:
* * *
Չէ՛, տղամարդավայել գուպար չէ դա, երբ չափուող կողմերից նուազ տկարը օգտւում է իր հակառակորդի տկարութիւններից եւ նրան իր կամքը թելադրում: Յաղթանակի մասին խօսք չի կարող լինել այստեղ: Ճշմարիտ յաղթական ու յաղթանակ փնտրիր միայն այնտեղ, ուր հերոսաշունչ ոգին չափւում է ո՛չ թէ մարդկային տկարութիւնների, այլ` մահուան հետ:
Նա՛ է յաղթականը, ով առանց ներքին կեղծիքի կրկնել կարող է Ֆիրդուսու խօսքը` հոգեւորի իմաստով առնուած. «Առիւծի ուղեղն է լափում իմ սուրը սայրի եւ համարձակի մութ արիւնը խմում»:
Այո՛, ուր առիւծ չես զգետնում, այնտեղ չկան ճշմարիտ յաղթականներ ու հերոսներ:
* * *
Մահը չունի մեծ թշնամի, քան մարդը, մարտիկը` անմահութեան թեկնածող:
* * *
Մեր անձի վրայ տարած յաղթանակը — ահա՛ հիմքը մեր այլ կարգի յաղթանակների:
* * *
Բաժանի՛ր յաղթանակդ, զօրավա՛ր, եւ միշտ էլ առիւծի բաժինը թո՛ղ զինուորներիդ, աւելի ճիշտը` այն խորհրդաւոր ոյժին, որ վարեց քեզ եւ զօրքերիդ ճակատամարտում:
Ա՛հ, որքան արդար էին գաղղիական էպոսի հերոսները, երբ իրենց յաղթանակի փառքից բաժին էին հանում նաեւ իրենց գործածած սրին` իրենց անուան հետ հռչակելով նաեւ սրի անունը:
* * *
Միջոցների անխտրականութեամբ շահած ամէն յաջողութիւն պղծում է, ապականում մարդկային բարոյական աշխարհը:
Մարդկայնութեան առաջին թշնամին է անխտրողը:
* * *
Ստորութիւնն էլ է պարտւում, բայց երբեք չի զինաթափւում:
* * *
Մի՛, մի՛ սպանիր թշնամուդ անգամ, եթէ կարելիութիւն կայ սպանելու նրա մարտունակութիւնը — կռիւը շարունակելու նրա ցանկութիւնը:
Այլ կերպ վարուողը մարդասպան է հասարակ, եւ ոչ` մարտիկ:
* * *
Փառքի կատարները բարձրանալու համար կայ մի հատիկ սանդուխք, որի առաջին աստիճանը կոչւում է քաջութիւն, իսկ վերջինը` դարձեա՛լ քաջութիւն — մահամերժ քաջութիւն:
* * *
Փա՞ռք ես փնտրում` վտա՛նգ փնտրիր: Հերոսական ոչինչ կայ այնտեղ, ուր շնագայլն ու աղուէսն են կռւում: Վա՛գրը վագրի դէմ — ահա՛ կռիւը հերոսավայել:
* * *
— Ես ողջունում եմ քեզ եւ ճակատում քո դէմ, քանզի թագաւոր ես դու:
Դարեր ու դարեր առաջ Քսերքսէսին ուղղուած յոյն ռազմիկի այդ խօսքը պատշաճ է ասել իր հայրենի հողի համար մահուան կուրծք տուող ամէն ռազմիկի, քանզի առանց թագակիր լինելու` իր մեծ նուիրումի մէջ թագաւո՛ր է նա:
Հարուածելուց առաջ ողջունել իր հակառակորդին — հնում այսպէս էին վարւում ասպետոգի կռուողները:
Իսկ այսօ՞ր…
* * *
Մի՛ զլանար կարեկցանքդ տկարներին, սէրդ անգամ. զայրոյթիդ, սակայն, արժանացո՛ւր, Հերակլէսի պէս, զօրաւորներին միայն: Խնայի՛ր տկարներին, եթէ թշնամիդ իսկ լինի: Յարգի՛ր քաջութեան օրէնքը — մնա՛ մարդ, մարդ մնա` բոլոր դէպքերում: Եւ, զա՛րկ միայն նրանց, որոնք կարող են պատասխանել զարկիդ:
* * *
Անձնուիրութեան մէջ մնալով միշտ առաջինը, վերջինը մի՛ համարիր զոհաբերութիւններիցդ ամենամեծն անգամ:
Թո՛ղ, մահուա՛ն թող զոհաբերութեանցդ վերջ դնելու հոգը:
* * *
— Սպինե՛րս, հայրենիքիս համար ստացած վէրքերս համրէք:
Այսպէս խօսելու ազատ մարդը ընդունակ չէ ստորութեան ու նուաստացումի:
* * *
Նա, ով կռւում երբեք չի եղել` յաճախ մնում է անինքնաճանաչ եւ անճանաչ իր շրջապատի համար:
Վտանգի մթնոլորտում է, առաւելապէս, մարդս դրսեւորում իր ներքին ուժերը, հակումները, նկարագրի գծերը:
Առանց մարտնչումների` որքա՛ն հերոսներ ու որքան դասալիքներ անյայտ պիտի մնային զանգուածների մէջ:
Մարտնչի՛ր, որ ճանաչե՛ս քեզ, եւ որ ճանաչե՛ն քեզ:
* * *
Վերջին հաշուով` կողմերի զոհապատրաստութեան չափն է որոշում այս կամ այն ճակատամարտի, ապա` ողջ պատերազմի ելքը:
Յաղթում եմ, նշանակում է` հակառակորդիս գերազանցում եմ զոհաբերութեան մէջ: Ահա՛ ռազմական դոկտրինայի այբն ու փիլիսոփայութիւնը:
* * *
Մարդուն աշխարհում երբեմն վիճակւում է ապրել աւելին, քան այն, որ անուանում ենք ողբերգութիւն:
Օրինակ` երբ վիրաւորը աղաչում է իր սպանիչին — ինչպէս Իլիականի Հեկտորը` Աքիլլէսին — չանարգել իր դիակը:
Այո՛, դա աւելին է, քան սովորական ողբերգութիւնը: Նման դէպքերում զարհուրելին մահը չէ, այլ այն տանջող գիտակցութիւնը, որ քեզ մահ պատճառողը մահիցդ իսկ յետոյ քո հանդէպ մարդ լինելու քաջութիւն չունի:
Մեռնելով` մարդը դադարում է որոշ երկրի, ազգութեան, գաղափարաբանութեան հետ կապուած լինելուց:
Նա վերացարկւում է, համամարդանում, ոգիանում: Մեռնելով` նա մերկանում է աշխարհային ամէն տեսակի պատկանելութիւնից, կապից, եւ դառնում բացարձակ մարդ, որի դիակի առջեւ պիտի լռէ ամէն կարգի տմարդութիւն:
Հոգեւոր շնագայլութի՛ւն է հակառակորդի դիակի անարգումը:
* * *
Դիրքեր կան — անառիկ կոչուող — որոնցից կախուած է ոչ միայն օրուայ, այլեւ հետագայ կռիւների ելքը. դիրքեր, որոնց նշանակութիւնը ոչ միայն ռազմավարական է, այլեւ` ռազմագիտական: Նման դիրքերի շուրջը եւ նրանց համար, յանձին մարտիկների, էապէս չափում են մահը եւ մահը. ուզում եմ ասել, թէ այդտեղ մարտիկների մահապատրաստութեան աստիճանն է կանխորոշում կռուի ելքը:
Եւ, մահուան գնով էլ յաղթահարւում է դիրքերի «անառիկութիւնը»:
* * *
Հրէական մի զօրավար, նահանջելով հռոմէական լեգէոնների առջեւ, խոր դժգոհութեան առիթ է տալիս իր բանակին:
Զինուորների հարցումին` «Ինչո՞ւ չէ դիմադրում», նա պատասխանում է, թէ իրեն ազատ չի համարում` աննշան վայրի համար թափելու այն արիւնը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանութեան համար:
Եւ, կրնկակոխ շարունակւում է նահանջը: Զօրավարը, սակայն, կանգ չառաւ նաեւ Սիոնի պատերի տակ,- ասում է պատմութիւնը: Եւ, Տիտոսի լեգէոնները կործանեցին Երուսաղէմը:
Ո՛չ, ո՛չ, զօրավա՛ր, դու սոփեստում էիր` սրբութիւն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում. դու երկչոտ էիր, որով եւ անազնիւ:
Կարեւորագոյն վայրերի պաշտպանութիւնը ապահովում են նուազ կարեւորների յամառ պաշտպանութեամբ միայն: Այսպէ՛ս, եւ ոչ այլ կերպ: Ըստ իր կարեւորութեան` «տաճար» է ամէն դիրք, եւ իբրեւ այդպիսին պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռուադաշտում: Այնտեղ կարեւոր է նշանակալից ամէն ինչ: Եւ, եթէ կայ աննշան մի բան, դա էլ հէնց մարդկային արիւնն է, անգամ զօրավարի արիւնը:
* * *
Գրողներ կան, որոնք ըստ էութեան հոգեւոր անասնականութիւն են քարոզում, անշուշտ` կիրթ, գեղեցիկ անասնականութիւն:
Ահա՛ ձեզ մի մեծ գրող` Անատոլ Ֆրանսը, որի կարծիքը մարդու եւ մարտիկի մասին աւելի բարձր չէ, քան վայրենու հասկացողութիւնն Աստծու մասին:
«Մարդկանց,- ասում է նա,- ղեկավարում է իրենց ամենազօրաւոր զգացումը: Զինուորի ինչպէս եւ զանգուածի ամենազօրաւոր զգացումը երկիւղն է: Նրանք յարձակւում են թշնամու վրայ իբրեւ նուազագոյն վտանգի»…
Ահաւո՛ր զրպարտութիւն:
Ա՞յս է մարդը, մարտիկը, որը փախչելով առաւելագոյն վտանգից` մահից, ակամայ քայլում է դէպի «նուազագոյն վտանգը»:
Արդեօ՞ք երկիւղն էր վարում Մարաթոնի անմահներին, կամ Բաստիլիայի դէմ գրեթէ անզէն, բռունցքներով գրոհող յեղափոխական ամբոխներին: Ո՛չ, ո՛չ:
Մեծատաղանդ գրողին ծանօթ չէ սխրագործելու ուրախութիւնը, տենչը, գեղեցկութիւնը. ահա՛ իր մեծ դժբախտութիւնը:
Արիների, քաջերի, հերոսների գոյութեան փաստը — ահա՛ կենդանի բողոք` պատասխանը հոգեւոր անասնականութեան ամէն կարգի քարոզիչներին:
* * *
Ես հաւատում եմ հայ հոգու մեծութեան:
Եւ վիպական չէ իմ հաւատը: Դա արդիւնք է հարուստ կենսափորձի:
Հայ մարդուն տեսնել ու ճանաչել եմ մարտերում, տեսել ու վայելել գեղեցկութիւնը նրա արիական խոյանքների:
Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին յաջողւում է, կռուի ընթացքում, հաւաքական սիրտ ստեղծել;
Նման սրտի գործ էր Աւարայրի, իսկ մեր ժամանակներում` Ղարաքիլիսայի ճակատամարտը:
Երբ — ասենք մեր Պատմահօր ոճով — երբ «փոքր ածուն»` Հայաստանը իր մէջ ոյժ է զգում ծառանալու Սասանեան հզօր պետութեան դէմ, այլեւս իրենց իմաստից դատարկւում են սովորական ստորոգութիւնները, հասկացողութիւնները:
Ի՞նչ էր Աւարայրը: Բախտախնդրութի՞ւն: Մի՛, մի՛, հայհոյէք ոգու դէմ: Եւ, ի զուր բառեր մի՛ փնտրէք, քանզի պիտի չյաջողէք որակել այն: Հայ ոգու գործը — երկիւղած կրկնենք այս պարզ բառերը եւ բաւականանանք:
Ոգու մեծագործութիւններ կան, որոնց իմաստն ու արժէքը ճշտելու համար բառեր դեռ չկան:
Ոգու, հայ ոգու այդ մեծագործութիւններից էր Աւարայրը:
* * *
Ի զէ՛ն:
Որքա՛ն թափ ու թեւ կայ այդ սեղմ խօսքի մէջ: Քիչ լեզուների է տրուած հայոց այդ մի զոյգ բառերի արտայայտչական թափը:
Լսելով կամ մտովի կրկնելով այդ ռազմականչը` պատկերում ես յանկարծակի արթնացած վագրին, որ ձգւում է յարձակուելու համար. արծուին` որ թափահարում է թռիչք առնելուց առաջ. եւ, նպատակասլաց հեծեալի՛ն, որի երիվարի սմբակները կայծակներ են արձակում:
Ի զէն — վագներեան մի ամբողջ սիմֆոնիա է դա, հերոսական խելայեղիչ մի մարշ, որ ոտքի է հանում բանակները, շարժում, փոթորկում եւ վարում դէպի ստոյգ յաղթանակ:
Դա մի յարուցիչ կանչ է, որի սրբազան իմաստին հնազանդուելով` քանի՛- քանի՛ անգամ հայոց բանակները, կատաղութեամբ հարբած, շարժուել են դէպի Հայաստանի սահմանները եւ մահուան դէմ լեռնացել:
Հեռավոր մարտերի եւ յաղթանակների մի գոռ արձագա՛նգ, որը դարերը ճեղքելով գալիս է վերստին ռազմի փողը հնչեցնելու.
— Ելէ՛ք, ելէ՛ք, կռուի ելէ՛ք նորէն…
Դա մեր դասական ռազմավարների ոգու մոլեգնած փոթորիկն է, որի թափից տարուած, հայ ռազմիկները կ’երթային փնտրելու մահը` նրան իրենց դրօշի առաջ ծնկի բերելու:
Մի ահեղ ճիչ է դա — ճիչը հայ հողի, որից արթնանում է հայոց արդար ատելութիւնը եւ մահաբեր թշնամու դէմ զինւում:
Մի ամպրո՛պ, մի շա՛նթ` հայոց սրտի երկնքից արձակուած:
Մահասաստ մի հրամա՛ն, որը հայ մարտիկին մոռացնել է տալիս կեանքն ու աշխարհը ողջ, եւ նրան համակում Հայաստանով ու յաղթանակի ծարաւով:
— Ի զէն… ես կ’ուզէի այդ ռազմականչը շրթունքներիս մեռնել…
*Իմ նոյնանուն ձեռագրից:
** Վարդան Զօրավարը` վերջապահ զօրամասի հրամանատար նշանակելով իր եղբայր Համազասպեանին, պատուիրում է նրան բռնութիւն չգործադրել նրանց վերաբերմամբ, որոնք չեն ուզում պատերազմել — Լէօ:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!