ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — VII
VII
ՀԱՅՈՒ ԼԱՒԱԳՈՅՆԸ
Ժողովուրդների կուլտուրական արժէքը պէտք է ճշտել համամարդկային այն գծերով, որ յատուկ են նրանց հոգեւոր ստեղծագործութեան:
Եւ հէնց այդ համամարդկայինը, մարդկօրէն այդ օրինակելին է կազմում ամէն ազգի լաւագոյնը:
Եւ, ազգերի մտաւորականութեանն է ընկնում աշխատել, որ համաշխարհայնացած «ամէն» բառի նման համամարդկայնանայ այդ լաւագոյնը:
Նման գծեր ես տեսնում եմ հեթանոս հայութեան բանարուեստի մէջ նրա զրոյցների, առասպելների, երգերի մէջ:
Եթէ Անիի վսեմաշուք աւերակները մեզ խօսում են հայու ճարտարապետական հանճարի եւ գեղագիտական բարձր ճաշակի մասին, ապա մեր հեթանոս վիպասանութեան բեկորները վկայում են նախաքրիստոնէական հայու անգերազանցելի մարդկայնութեան եւ բարձրօրէն ասպետական ոգու մասին: Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինութիւններ, որոնք պիտի բաղձալ մեր` որքան գոռոզ, այնքան հոգեպէս աղքատ ու տմարդի դարաշրջանին:
Աշխարհի ո՞ր մեծ, ո՞ր աշխարհակալ ազգը պիտի չուզենար իր ֆոլկլորի մէջ ունենալ հետեւեալ իմաստալից պատառիկը.
«Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեաց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել»…
Լսո՞ւմ ես, ընթերցո՛ղ, օրէնք չէ՛, ասում է հեթանոս հայը, դիւցազների համար թոյլատրելի չէ` առաջին` օտար դիւցազների գոյութիւնը վերացնել, երկրորդ` ստրկացնել, ծառայեցնել նրանց, երրորդ` երկու քաջ ազգերի միջեւ յաւիտենական թշնամութիւն ստեղծել: Գաղափարախօսական անհանդուրժողութեան համասփիւռ հալածանքների մեր ամօթալի օրերում որքա՛ն մարդկօրէն հպարտ է հնչում հին հայու խօսքը:
Այո՛, «ոչ է օրէն»…
Հայը դէմ է քաջ զարմերի ոչնչացման, ստրկացման, եւ` լինելով քաջ` նա յարգանքով է վերաբերւում իր քաջ թշնամուն անգամ:
Ահա՛ հոգեւոր կերպարը հեթանոս հայու, որի մարդկայնացուցիչ գաղափարներով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը:
* * *
Ցա՛ւ է, երբ օտար ազգերը չեն ճանաչում մեզ. ցա՛ւ է բիւրիցս, եւ վատութի՛ւն, երբ օրուայ հայութիւնն ինքը չէ ճանաչում իրեն:
Դեռ 19-րդ դարի առաջին կէսին, Անիի այցելուներից մէկը` գաղղիացի ճարտարապետ Տեքսիէն դժուարացել է նմանութիւն գտնել երբեմնի մեծաշէն քաղաքը շինարարողի եւ իր օրերի հայութեան միջեւ: Նա ասել է, ի միջի այլոց. «…Հազիւ կարելի է այս յիշատակարանների մէջ — որոնք յունական ճաշակ եւ փափկութիւն են արտայայտում — ճանաչել այն ազգի մտքի ծնունդը, որ մեր օրերում կորցրել է արուեստի ամէն մի զգացմունք, եւ նոյնիսկ բոլորովին չէ յիշում, թէ ինչպիսի մարդիկ էին իր նախահայրերը»:
Անինքնաճանաչ է եւ օրուայ հայութիւնը: Լինելով այդպիսին` նա խորապէս մեղանչում է թէ՛ իր ապագայի եւ թէ՛ մարդկութեան դէմ: Ամէն ազգ պարտաւոր է մարդկութեան տրամադրելու իր լաւագոյնը` իբրեւ հոգեւոր թթխմոր:
Հայկական լաւագոյնի — բարձր մարդկութիւն արտայայտող գողթան երգերի բովանդակած վեհ գաղափարների — վերարծարծումն, նրանց պրոպագանդը հայ մտաւորականութեան կողմից ո՛չ միայն հայկական, հայրենասիրական, այլեւ` համամարդկային պարտականութիւն է:
«Ոչ է օրէն», այո՛:
Բայց Արեւելքը չիւրացրեց հեթանոս հայութեան բարձր մարդկութիւնը — նա մնաց տմարդ, նա ղեկավարուեց եւ դեռ շարունակում է ղեկավարուել ջունգլիների օրէնքով:
Եւ, հէնց այդ էր պատճառը, որ Առաջին համաշխարհային պատերազմին, յամօ՛թ Արեւելքի եւ Արեւմուտքի, ամայացաւ հայոց աշխարհի մեծագոյն մասը:
Աճառեանը իր «Հայոց լեզուի պատմութեան» մէջ, խօսելով մեր անգիր բանահիւսութեան պատառիկների մասին, անխոցելի գիտականութեամբ ճշտել է նրանց ողջ բառամթերքը, բառերը վերածել իրենց արմատական ձեւերին, եւ վերջապէս, նշել նրանց հայկական եւ ոչհայկական ծագումը: Այսպէս մանրակրկիտ կերպով մեր գողթան երգերի բեկորների լեզուն ուսումնասիրող մեր անգերազանցելի լեզուաբանը կարեւոր չի համարել` երկու խօսք էլ ասելու նրանց գաղափարային իմաստի, նրանց կուլտուրական տարողութեան մասին: Այդ թերին, պէտք է ասել, յատուկ է գրեթէ բոլոր հայ բանասէրներին: Ինչո՞վ բացատրել դա. հայոց իմաստասիրական մտքի տկարութեա՞մբ, թէ՞ մերօրեայ հայ մտաւորականի պարտուողական հոգեբանութեամբ: Վերջինով տառապողները, ընդհանրապէս, խոնարհամիտ են լինում եւ բնազդօրէն փախչում այն ամէնից, ինչ որ նրանց յիշեցնում է լիարժէք կեանքով, քաջաբար ու փառքով ապրող իրենց նախահայրերին:
Նախահայրերը պարտաւորեցնո՛ւմ են մեզ. լսե՛նք նրանց` մեզ ազգօրէն ճանաչելու համար:
Գիտակցե՛նք մտաւորականի ազգային եւ համամարդկային մեր կոչումը եւ կատարենք այն:
«Ո՛չ է օրէն»… Այո՛:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!