ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — V
V
ՀԱՅԸ*
Նկարագրի անկախութիւն — ահա՛ էականը:
Երբ պակասում է դա` ասել է պակասում է այն
անփոխարինելին, առանց որի ժողովուրդները
ուրոյն մշակոյթ չեն ստեղծում:
Ժողովուրդների ճակատագրի աստղը պէտք է փնտրել ոչ թէ երկնքի վրայ, այլ նրանց կրծքի տակ — նրանց նկարագրի մէջ:
Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տուեալ երկրի աշխարհագրական դիրքն ու պատմութիւնը: Ժողովրդի ոգին է նկարագիրը, որ ենթական արտայայտում է իր հոգեւոր ստեղծագործութեան միջոցով:
Ամէն նկարագիր իր հիմնական գիծն ունի, որը նրբերանգաւորում ու շեշտում է ենթակայի յատկութիւնները եւ իշխում նրանց վրայ:
Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:
— Լրջութի՛ւնը, հայու մտաւոր եւ բարոյական լրջութիւնը, որն ամէն բանից առաջ ծանրախոհութիւն է ենթադրում:
Խօսքիս ճշմարտութիւնը վճռապէս հաստատում են`
— Հայ ժողովրդի գործերի հազարամեայ վկան` իր պատմութիւնը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր յարգանք են պարտադրում.
— Իր հեթանոս աստուածները, որոնց նա օժտել է իր բարձր հոգեգծերով.
— Վերջապէս, իր ինքնատիպ ճարտարապետութի՛ւնը, որի կոթողները, շէն թէ կիսաւեր, կը նմանուեն հսկաների, որոնք հայոց երկնքի տակ նստած` ձեռն ի ծնօտ` կարծես աշխարհի բաներն են խոկում:
Այո՛, լուրջ է հայը` մտաբարոյապէս:
Եւ, հէնց այդ բախտորոշ հոգեգծով էլ պայմանաւորուեց իր քաղաքական ճակատագիրը:
* * *
Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը:
Բոցից, երկունքից, ցաւից ծնաւ իր Վահագնը — ահա՛ հայու կենսազգացողութիւնը, նրա աշխարհիւրացումը:
Նրա համար չէ լոկ կեցութեան ուրախութիւնը: Հայու համար` աշխարհի հետ հաշտ եւ ուրախ լինելու համար բաւական չէ կուշտ լինելը:
Ժողովուրդներ կան, որոնք կեանքն ու աշխարհը ընդունում են այնպէս, ինչպէս որ նրանք տրուած են բնօրէն, ինչպէս որ նրանք կան առարկայօրէն:
Իր էութեան բերումով` հայն իր գոյութեանը հաղորդում է որոշ սրբազանութիւն եւ նպատակ` ձգտելով իմաստաւորել եւ կատարելագործել այն:
Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդէալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լաւագոյնի կարօտ:
Աշխարհը տրուած է ո՛չ միայն վայելելու, այլեւ` կատարելագործելու, բարեշտկելու այն — ահա՛ հայու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացաւ նա` կանխելով գրեթէ իր բոլոր հարեւաններին: Հայը հաւասարապէս տառապում է ինչպէս իր գոյութեան ծանրածանր պայքարի առթած ցաւից, այնպէս էլ` աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելութեան գիտակցութիւնից:
Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պէ՛տք է որ լինի:
Մհերը` հայկական էպոսի հերոսը — իմա՛ ինքը հայ ժողովուրդը մերժում է գոյութիւն ունեցող աշխարհակարգը` լաւագոյնի պահանջ զգալով եւ առաջադրելով:
* * *
Հայուն ծանօթ չէ չարութեան ուրախութիւնը: Չարախնդալ, չէ՛, նա կ’ուզէ իր գոյութեան թշնամիներին իսկ միայն պարտուած տեսնել, բայց ոչ ե՛ւ դժբախտ:
Արծաթ չկայ հայ մարդու ծիծաղի մէջ: Ծիծաղը հայու մէջ աւելի մտածումն է առաջացնում, քան սիրտը: «Ա՞յս է աշխարհը, մարդը» — ահա՛ նրա ծիծաղի հոգեբանական լեզուն, իմաստը:
Հայ հոգում տեղ չունի արտաքին նախանձը: Վաղուց է, ինչ հայը նախանձողին — իր արքային — Արտաւազդին շղթայի զարկած պահում է վիհերում: Նախանձում է չարը, նաեւ` հոգեպէս տկարը: Հայը խորշում է թէ՛ մէկից, թէ՛ միւսից:
Ժողովուրդներ կան, որոնք իրենց բացասօրէն մարդկայինը — իրենց նկարագրի ամենադատապարտելի թերիները, կենսաբանական անհրաժեշտութեամբ, ծառայեցնում են իրենց գոյութեան պաշտպանութեան: Հայը վաղուց է դատապարտել աշխարհաքանդ չարութիւնն իբրեւ պայքարի զէնք: Ի զուր են շները լիզում Արտաւազդի շղթաները — արթո՛ւն է հայ դարբինը:
Հայ էութեան այդ չարամերժ գիծը — որ պատիւ է բերում ենթակային մեծապէս դժուարացրել է իր դարաւոր գոյամարտը: Չարի ու բարու իր հասկացողութեամբ, դեռ այսօր էլ հայը մղւում է ամենայն անշահասիրութեամբ — անքաղաքագիտօրէն — դիրք ճշտելու մէկի թէ միւսի հանդէպ, առանց հաշուի առնելու գոյութիւն ունեցող առարկայական պարագաները:
Իր այդ հոգեգծի պատճառով` նրա մտածողութիւնն ու արտաքին վարքագիծը ընդունել են ապաքաղաքական, որով եւ` անաշխարհայարմար բնոյթ:
* * *
Աչքը կո՛ւշտ ժողովուրդ — ահա՛ մի ուրիշը — ամենահայկակա՛նը հայու գովելի յատկութիւններից:
Խօսեցրէ՛ք իր էպոսը, իր ֆոլկլորը եւ պիտի համոզուէք, որ հայու համար հացը` կեցութեան բարիքների շարքում առաջինը չէ՛:
«Ձեռքը բարձրացրեց Դաւիթը` մանուկ, ուզեց ոսկին վերցնել. հրեշտակը, հեռացնելով ձեռքը, դրեց կրակի վրայ, մատը կրակին սեղմեց եւ այրեց մատը. մատը բերանը դրեց եւ լեզուն այրեց. լեզուն այրուեց` սակաւ համրացաւ նա: Եւ սկսան նրան կանչել կակազ Դաւիթ»**:
Այսպէ՛ս, պատժելով իր ապագայ հերոսի միամիտ արարքը` հայը հաստատել է իր անընչասիրութիւնը, իր հոգեկան պայազատութիւնը:
Հայոց արքան` Հայաստան հրաւիրելով Նազովրեցուն, ասում է — թէեւ շատ մեծ չէ իր երկիրը, բայց կը բաւի երկուսին:
Մի ուրիշ թագակիր` Տրդատը, աշխարհակալելու սահմանուած իր սուրը նետում է Սեպուհ լեռների մէջ:
«Հագուած ու կո՞ւշտ ես` գոհ եղիր, հո՛ղ է մնացածը»,- ասում է միջնադարի հայ երգիչը` Նաղաշ:
«Հարուստ է նա, ով լուսաբացից համեստ աշխատանքի է լծուել իր անդաստանի մէջ»,- ասում է անանուն իմաստասէրը` ի՛նքը ժողովուրդը:
«Եթէ հիւրեր եկան` հաց տուր, կերա՞ն հացը` մինչեւ դուռը տար»,ասում է Ձէնով Օհանը:
«Աստծուց ենք ե՛ս էլ, հացս էլ, ով կարիք ունի, թող վայելի»:
Գիտենք` անցորդին է պատկանում թոնրից հանուած հայ շինականի առաջին հացը: Ահա՛ հայը, եւ ահա՛ եւ հացը հայու համար, հացը` առնուած բառիս ամենահայկական իմաստով:
* * *
Հռոմէացին մի առաքելութիւն գիտէր` իր կեանքը տրամադրել իր պետութեան, աստուածացնել այն եւ լինել հպարտ նրանով:
Դասական յոյնի համար եւ գերագոյնն աշխարհում իր քաղաքպետութիւնն էր, որի փառքի եւ հզօրութեան համար աշխատելով կ’առաքինանար անհատը:
Հայաստանի քաղաքական անկախութեան կորուստի փաստով` հայու համար դարերով ու դարերով պետութեան դերը պիտի կատարէր ազգութիւնը:
Ազգային գոյութեան խնդիրը — ահա՛ թէ ինչն է կազմում հայոց պատմութեան առանցքը:
Այդ իսկ պատճառով հայ մարդու համար բարձրագոյն արժէքը, սրբութիւնը, հեղինակութիւնը պիտի դառնար հայկականութիւնը` իբրեւ գիտակցուած էութենական միասնութիւն:
Գիտենք, ժամանակին իսլամը փոքրասիական աշխարհամասի վրայով անցաւ իբրեւ մի տարերային հեղեղ` իր ճամբին իրեն խառնելով բոլոր օտար գետերը եւ թաւալեց դէպի ծով: Մահմեդականացան գրեթէ բոլոր ժողովուրդները: Միայն Արածանին եւ Արաքսը պահեցին իրենց ջրերի սրբութիւնը: Հայաստանը, սակայն, կղզիացուեց, պաշարուեց իսլամութեան ծովով: Այսպէս լինելով հանդերձ, հայութիւնը մնաց իբրեւ գրանիտէ ժայռ` իրեն խեղդել փորձող ծովում:
Եւ, այնուհետեւ, քանի-քանի եղեռններ, վայրագութեան նախճիրներ պայթեցին Հայաստանի գլխին:
Մի բազմաղէտ երկիր, որն ըստ արաբ պատմագրի, դարերով ծեծեցին, տրորեցին «օտար սմբակներն ու կայծակները»: Այս պայմաններում գերապրեց հայ ազգութիւնը:
Աններելի սխալ է կրօնական կրքով բացատրել հայու հաւատարմութիւնը քրիստոնէութեան հանդէպ: Հայ հոգուն անծանօթ է ֆանատիզմը. վկա՛յ թոնդրակեցիների շարժումը, միջնադարի մեր կենսահաստատ պոեզիան, եւ մերօրեայ ժամանակայարմար հայ եկեղեցականութիւնը: Տիրապետող գիտակցութիւնը հայու մէջ վաղուց է ինչ ազգայինն է, եւ ո՛չ կրօնականը, ինչպէս որոշ ժողովուրդների մօտ: Նա շատ վաղ հայացրեց քրիստոնէութիւնը: Հայկականութի՛ւնն է հայու ճշմարիտ կրօնը:
Արդ, թէ ինչու եմ ասում`
— Չկան «հայեր», կայ Հայը:
Խորհրդածում եմ հայկականութեան մասին եւ միտքս հանգչում է նրա ամենաազնուական անօթների վրայ:
Ահա՛ մեր նախահայրերը լուսադաւան — Մեծն Ներսէս, Սահակ, Մեսրոպ. ապա` հերոսական փաղանգը Մամիկոնեան զօրավարների Մուշեղ, Վարդան, Վահան — կենդանի վահանը Հայաստանի պաշտպանութեան, Աշոտ` մարտերի բոցերում երկաթացած. իսկ նոր եւ նորագոյն ժամանակներում` Աբովեան, Խրիմեան, Ալիշան, Պատկանեան, Զաւարեան… Վերջապէս, յեղափոխականն ու ռազմիկը միշտ մահապատրաստ, որոնց համար Հայաստանը աստուածութիւն էր, Հայկականութիւնը` կրօն:
Եթէ գեղեցիկն այն է, որ հարազատօրէն համապատասխանում է իր սեռի-տեսակի գաղափարին, ապա` հայօրէն հարազատ է նա, ով` հանդիսանալով ներկայացուցիչն ու կրողը հայկականութեան` վերջինը արտայայտում է առաւելագոյն չափով:
Գերազանցն իր տեսակի մէջ — ահա՛ ճշմարիտ հայն իբրեւ ոգի եւ կերպար:
* * *
Հայն իր Վահագնը ունէր — աստուա՛ծը քաջութեան: Քաջ եւ քաջապաշտ է նա:
Հոգեկան այդ պաթոսին` քաջութեան կը պարտի հայը իր բազմավտանգ գոյութիւնը: Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները: Սրանցից է հայը` գերազանցօրէն: Հեթանոս հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ` դա ընդունեց արտայայտութեան մի նոր ձեւ եւս-նահատակութիւնը կամաւոր, որն իր խորքի մէջ ոչ այլ ինչ է, բայց եթէ` գիտակցական մահուամբ քաջաբար անմահանալու ձգտումը: Ըստ էութեան` մահամերժ ոգու խիզախանքն է — քաջութիւն թէ նահատակութիւն:
Հայն իր ամենասիրելի ու սրբացրած հերոսին անուանել է քաջ, եւ այսպիսով տուել իր գերագոյն գնահատականը ոչ միայն քաջին, այլեւ` քաջութեան, ընդհանրապէս:
* * *
Օտար լծերի տակ երկարօրէն ապրած ժողովուրդներին յատուկ է մի հոգեգիծ, որը հոգեգիտութիւնը անուանում է «ստրկական երկիւղ»:
Այդ ամօթալից արատից, այդ չարիքից զերծ է հայ էութիւնը, որովհետեւ օտար իշխանութեանց լուծը կրելով հանդերձ, նա չէ դադարել իրեն զգալ աւելի բարձր իր երկրին բռնօրէն տիրողից:
Տրդատներից մինչեւ Մամիկոնեանները, եւ Դաւիթ Բէկից մինչեւ մի բուռ յեղափոխականներով «Բանկ Օտոման»ը գրաւող Բաբկէն Սիւնին` քաջութիւնը հայու համար եղել է այն, ինչ որ է համը պտուղի համար` բնօրէն: Այնպիսի մեծագործութիւն պիտի կատարեմ, որ նրա մասին խօսեն երկնքում անգամ` ասում է Վարդանը Սասանեան արքունիքում: Նաեւ ասպետական է հայավայել քաջութիւնը: Հայ էպոսի հերոսը առաջին հարուածը զիջում է Մսրամելիքին, առանց մտածելու, թէ դա կարող է մահացու լինել իրեն համար: Այժմ հարուածելու հերթը Դաւիթինն է, սակայն, միջամտում է հակառակորդի քոյրը, եւ հայ հերոսը խնայում է իր առաջին երկու հարուածները Մսրամելիքին:
— Հէ՛յ, հէ՛յ, — ձայն է տալիս Դաւիթը, նախազգուշացնում թշնամուն, թէ գալիս է: Հին գող է Մսրամելիքը. հայ հսկան` բարեմիտ, միամիտ կոչուելու աստիճան:
Այսպիսին է հայու քաջը` արդարօրէն հպարտ, բայց ոչ` բարձրագլուխ, գոռոզ:
Զա՛րկ միայն նրան, որն ի վիճակի է պատասխանելու զարկիդ — ահա՛ հայու մորալը:
* * *
Ժողովուրդները եւս մտածում ու գործում են ըստ իրենց աշխարհայեցողութեան, որն այլ բան չէ, բայց եթէ նրանց տեսական, նրանց մտածողութեան նկարագիրը:
Հայոց ընդհանուր նկարագրի հիմնական որոշիչներից մէկն էլ շինարարական տենչանքն է` անշէջ, անսպառ:
Ինչո՞վ է պայմանաւորւում այդ պաթոսը, ի՞նչն է սնուցանում այդ խանդը, եւ որո՞նք են նրա հոգեբանական նախադրեալները:
— Նախ` աշխարհի, մարդու եւ կեանքի մասին իր կառուցած էթիկական հասկացողութիւնը:
Պատմութեան նպատակաբանական սկզբունքին հաւատարիմ` հայն իրեն զգում է աւելի իբրեւ պարտականութեան, քան միայն անձնական երջանկութեան ձգտող էակ: Արդ, թէ ինչու հայու մորալը էւդեմոնիստական չէ — երջանկապաշտական չէ:
Նա ունի գիտակցութիւնը իր առաքելութեան, որի աստիճանական իրականացման մէջ է տեսնում երջանկութեան իր իրաւունքը: Նա վոլունտարիստական տիպ է: Եթէ սիրէր փիլիսոփայութիւնը` նա պիտի նախընտրէր Ֆիխտէին — նրա կամապաշտական իմաստասիրութիւնը: Ծանրածանր պայքար, վտանգներ, եւ իբրեւ սրանց բնական հետեւանքը` մշտակայ տառապանք — ահա՛ բովանդակութիւնը հայոց պատմութեան, ահա՛ երրեակ դաստիարակիչները հայ կամքի: Աշխատա՛նքն է օրէնքների օրէնքը հայու համար: Կուրօրէն ու կրաւորաբար չենթարկուել իր դժխեմ ճակատագրին, այլ` պայքարել նրա դէմ, պայքարել շինարարելով: Այսպէս են վարւում հայաբարոյ ժողովուրդները միայն:
Հայու համար շինարարութի՛ւնն է գերագոյնը պայքարներից, եւ յաւերժացողը յաղթանակներից: Շինարարել նշանակում է` ճգնել յաղթահարելու իր տառապանքը: Երբ խզուած է արտաքին, քաղաքական ազատութիւնը` որոշ տիպի ժողովուրդներ այն փոխարինում են ներքին ազատությամբ, — մի բան, որ ենթակային տալիս է շինարարութիւնը: Այս դէպքում դեր է կատարում նաեւ հոգեւոր կոմպենսացիայի օրէնքը. իրաւազրկուած` գործելու մի բնագաւառում, ենթական երեւան է գալիս մի այլում: Անկարող սեփական հայրենիքում իր կարողութեանց ու կորովի համար ասպարէզ գտնել` հայ տաղանդը եւ քաջութիւնը տեղ գտան ու երկար ժամանակ մնացին բազմած Բիւզանդիոնի գահի վրայ:
* * *
Չար ու աւերիչ են լինում ստեղծագործելու անզօրութիւնից տառապող ժողովուրդները միայն:
Հայաստանի հարեւաններից եւ նրա հեռակայ ոսոխներից, դժբախտաբար, քիչերն էին զերծ այդ չարանիւթ տկարութիւնից:
Ահա՛ թէ ինչու արիւնը, աւերն ու աւարը անպակաս եղան Հայաստանից: Այս պայմաններում իսկ, իր էութեան հաւատարիմ` հայը պիտի մղուէր շինարարել եւ վերաշինել անդադրում: Նա, որ մի ժամանակ ասել էր` «Անին շէ՛ն, աշխարհ աւեր», պիտի չկարողանար հաշտուել իր երկրի կիսաւեր վիճակի հետ: Իր պատմութեան կարելիութեանց սահմաններում` հայն այսպէս է հատուցել իր գոյութեան թշնամիներին. «Քանդեցին, ահա՛ աւելի լաւը կը կառուցեմ»: Կառուցանել աւելի լաւը քան էր կործանուածը — ա՛յս եղաւ հայու նշանաբանը պատմականօրէն: Եւ, հետամուտ աւելի անթերին կառուցելու, հայը պիտի ճարտարանար, պիտի կատարելագործէր իր շինարարական տաղանդը: Վկա՛յ Բագրատունիների բազմաշէն մայրաքաղաքը, Կիլիկիոյ Սիսը, Տարսոնը, որոնք յարաբերօրէն այնքան կարճ ժամանակամիջոցում կուլտուրապէս օրեկան-տարեկան դարձան:
Դա այլեւս սովորական շինարարութիւն չէր, այլ` մշակութային հրաշագործութիւն:
* * *
Հոգեւորապէս չափահաս եւ ազգօրէն ինքնատիպ — ահա՛ թէ իբրեւ ինչպիսին է մեզ ներկայանում հայը իր պատմութեան դեռ արշալոյսին:
Չկա՛յ դիմազուրկ արուեստ. եթէ կայ` մեռեալ է դա: Հայն ունի ուրոյն դէմք, շեշտուած անհատականութիւն, իր շինարարութիւնը` իւրայատուկ ոճ:
Շինարարելիս, ստեղծագործելիս` նա սիրում է ex ipso fonte bibere***:
Լուսաբա՛ղձ ժողովուրդ, որն ապրել, պայքարել, շինարարել է գիրքը ձեռքին: Նա գործել ու ստեղծագործել է` միտքը երկնքում, ձեռքը երկրի վրայ` պիտի ասէր Ալիշանը:
Մեր երկրագնդի վրայ երկու ուժեր չեն յոգնում – ժամանակն ու հայը` մէկը կործանելով, միւսը` վերաշինելով:
* * *
Պատմութեան նպատակն է ժողովուրդներին եւ մարդկային անհատներին վարել դէպի ներքին բարոյական ազատութիւն, առանց որի սակաւարժէք է արտաքին ազատութիւնը:
Երբ մի ժողովուրդ` հոգեկան կուլտուրայի զօրութեամբ տիրած է բարոյական ազատութեան, օտարի լուծը, բռնութիւնը կարող է միայն խոչընդոտել նրա պատմական չուն, բայց ոչ ե՛ւ ուժաթափել, խեղդել նրա ոգին: Այդ ներքին ազատութիւնը ձեռք է բերւում շինարարութեամբ եւ ստեղծագործութեամբ միայն:
Որքա՛ն պոէզիա, որքա՛ն խորհուրդ կայ հայ շինականի կեանքում: Նա սրբազնութեան շունչ է հաղորդում իր աշխատանքին` երկիրը մշակելիս անգամ:
Երկրագործել դեռ այսօր էլ հայու համար նշանակում է` ազնուացնել բնութիւնը, եւ ուրախ պտղառատութիւն տարածել:
Միհր-միթրայական այդ վեհ հասկացողութիւնը աշխատանքի մասին գալիս է հեթանոս դարերի խորքից:
Իսկ ճարտարապետել — հայկական, ինչպէս եւ հեգելեան իմաստով նշանակում է` սրբել, սրբագործել երկրի որոշ կէտերը, որպէսզի այնտեղ Աստուած ու աստուածայինը բնակեն:
Այսպէս, այս նպատակով է տաճարներ կառուցել հայը — տաճարնե՛ր, որոնց գմբէթները ո՛չ միայն ձգտում են դէպի երկինք, ինչպէս գոթականը եւ անտիկը — այլեւ` անխօս խօսում նրա մասին:
Սահմանակցել իդէալականին, սրբազանին եւ յաւերժին, նրանց շունչը խառնել իր առօրէական կեանքին, նրանցով սնուցանել իր ստեղծագործական աւիւնը — ահա՛ հայ հոգին:
Յաւերժանալ շինարարելով, ստեղծագործելով — ահա՛ հայկականը, չափազա՛նց հայկականը:
Միայն նման ժողովուրդը, որը սիրում է աշխարհն ու իրերը դիտել sub specie aeternitatis — յաւերժութեան բարձունքից` կարող էր պատմութեան ամէնադժուարին պայմաններում ոչ միայն վարել իր անհաւասար գոյամարտը, այլեւ հարուստ ստեղծագործութեան փառահեղ էջ բանալ համաշխարհային մշակոյթի պատմութեան մէջ:
Շինարարութեան բնածին հերո՛ս է հայը:
*Մի հատուած իմ «Հայկական նկարագրի հիմնական գծերը» ձեռագրից:
**«Սասունցի Դաւիթ»:
***Խմել սեփական ակնաղբիւրից:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!