ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — III
III
ՀԱՅՐԵՆԻՔ
Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ` թէ սուրբ է հայրենի հողը:
Նա ստեղծուեց այն օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:
Երկիրը — դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակոյթը:
* * *
Ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը` ահա՛ հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ:
Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբէնը, Մամիկոնեանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործութիւնը:
* * *
Իբրեւ հասկացողութիւն` հայրենիքն ընդգրկում է ո՛չ միայն անցեալն ու ներկան, այլեւ` գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն:
* * *
Հայրենիք չէ կայսրութիւնը: Հայրենիքը խորացող էութիւն է: Դա արտաքին նուաճում չէ, այլ` ինքնանուաճում, ինքնամշակում:
Հրէութեան համար` հայրենիքը խորհրդանշող «լացի պատ»ը աւելի մեծ հոգեւոր տարողութիւն ունի, քան Չինաստանը` չինացիների համար:
Աշխարհակալութի՛ւն — ահա՛ հայրենիքների թշնամին` հարազատ թէ օտար: Վերջ ի վերջոյ կործանւում է աշխարհակալող ամէն երկիր Բաբելոն, Հռոմ, Բիւզանդիա, որովհետեւ նա սպանում է ե՛ւ իր սեփական հայրենիքը:
Խելագար անձնասպանութիւն է աշխարհակալութիւնը, հոգեսպանութի՛ւն:
* * *
Մարդկային գործերի մէջ հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը:
Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական: Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ:
Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ:
Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամէն զօրականի: Սպանութեան եւ կողոպուտի ելած բանակը կարող է քաջ աւազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ եւ հերոսներ:
* * *
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպէս հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապէս հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:
* * *
Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է հայրենիքը:
Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպէս մշակուելու ազատութիւն ունեմ ես»:
* * *
Հայրենիք ստեղծել` նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճել երկիրը, շունչ եւ իմաստ տալով նրանց:
Ի մի բան` հայրենիք ստեղծել` նշանակում է հարազատել իր երկիրը եւ հարազատանալ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի ոգին ու հայրենիքը: Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է հայրենիքը:
* * *
Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողութիւնը հայրենիքի մասին, այնքան զօրաւոր է նրա երկիրը, նրա հայրենասիրութիւնը:
* * *
Իմ հայերնիքը — դա մարդկայնօրէն այն լաւագոյնն է, որ կայ Հայաստանում:
* * *
Կեսարը կ’ուզէր լինել առաջինը գիւղում, եւ ոչ երկրորդը` քաղաքում:
Հեթանոսական փառասիրութի՛ւն: Ես կը ցանկանայի լինել վերջինը Հայաստանում, միայն թէ ազատ եւ անկարօտ լինէին նրա բոլոր զաւակները:
Նման հայրենիքում բաւարարուած կը լինէին բոլոր փառասիրութիւնները եւ ապահովուած` բոլորի երջանկութիւնները:
* * *
Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դէմ: Արդար է հայրենիքին ծառայել ամէն ինչով, բացի ստորութիւնից:
* * *
Մեռի՛ր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ — ահա՛ իմ դաւանած հայրենասիրութիւնը:
Հերոսական գործերէն աւելի ոգեշնչող է մա՛հը հերոսական:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!