ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — ՅԱՒԵԼՈՒԱԾ

ՅԱՒԵԼՈՒԱԾ

ԻՄ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ

Անցո՛րդ, կանգ ա՛ռ, կա՛նգ, անցորդ այս անյայտ հողաթմբի առջեւ, որում ինձ տրուած չէ հանգչել:

Եւ, ասա՛ դեռ աշխարհ ու արեւ կա՞յ…

Չիցէ՞ քուն են մտել սրտերը հայոց, երբ մեռելները քուն չունեն, քանզի գերեզմա՛ն չունեն:

Ո՛հ, ձայնը, խռովիչ ձա՛յնը մեռելների լսո՞ւմ ես, անցո՛րդ, հայոց արեան վայրերից բարձրացող կանչը… Կա՛նչը կարմիր եղեռնի բիւրաբիւր մեր զոհերի… Կա՛նչն անլռելի, որ մերթ` իբրեւ խօլ փոթորիկ մռնչում է մարդկային ազգի խլութեան դէմ, եւ մերթ իբրեւ անզօր հողմ` նրա մեռեալ խղճի դռանը սւսւում…

Գերեզմա՛ն են ուզում մեռելները, անցո՛րդ: Ա՛հ, երանի՛ հայրենի հողում, հողի քնով քնած երջանիկներին. երի՛ցս երանի՛…

Հանգի՛ստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզմա՛ն…

Եւ, պիտի հանգչեն… Այնժամ պիտի հանգչեմ ե՛ւ ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները` Մասի՛ս, Նեմրո՛ւթ եւ Սիփա՛ն իրար ձայն տան, կանչեն ցնծագին. «Հէ՛յ, հէ՛յ, էլի՛ հայո՛ւն ենք, էլի՛ հայ, էլի՛ Հայաստա՛ն»…

* * *

Անցո՛րդ, ասա՛, հեռո՞ւ է այդ օրը:

Բաբէ՛, դու լալի՞ս ես, դու զինաթա՞փ ես, երբ ես դեռ ոգորում, դեռ շարունակո՛ւմ եմ կռիւը:

Ի մա՛րտ, անցո՛րդ, ի մա՛րտ, որպէսզի տարաբնակ հայը` հայրենադարձ, եւ մեր մեռելները` գերեզման ունենան:

Ի մա՛րտ…


Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով