ԱՆԵՐԵՒՈՅԹ ԴԱՏԱՒՈՐԸ
Սիւնիքը կը չափուէր թուրք, թաթար եւ կարմիր հորդաների հետ: Կտրուած էինք աշխարհից, պաշարուած: Ռազմամթերք չկար, պակասում էր հացը:
Այդ գերազանցօրէն ծանր օրերից մէկն էր: Շրջագայում էի ճակատէ ճակատ, դիրքէ դիրք` զօրամասերս հոգեպէս գօտեպնդելու համար:
Արեւիքի հարաւ-արեւմտեան ռազմաճակատներից մէկում, Ալագեազի բարձունքների վրայ, մօտեցաւ ինձ հարիւրապետներից մէկը.
— Պարո՛ն սպարապետ, անկարելին կարելի դարձնելով մենք թշնամու հետ չափուեցինք մինչեւ օրս. չէ՞ք կարծում, թէ այլեւս անկարելի է դիմադրել:
Չուզեցի իսկոյն եւ եթ պատասխանել նահանջի մասին մտածող վաշտապետիս, որը կարծես դադարել էր գիտակցել, թէ տեղի տալ այդ կէտի վրայ` կը նշանակէր թոյլ տալ թշնամուն Արեւիքի հայութեան գերեզմանի վրայով միանալ թաթար Ադրբէջանին: Հրամայեցի կանչել բոլոր ղեկավարներին: Եկան:
Շատերն, առանց արտայայտուելու, մատնում էին իրենց անհանգստութիւնը մեր հետագայ յաջող դիմադրութեան կարելիութեան մասին: Նախ հոգեպէս են պարտւում ե՛ւ ղեկավար տարրերը: Եւ թշնամու յաջողութիւնը սկսւում է հէնց այն վայրկեանից, երբ իր դէմ կռուող բանակի հրամանատարութեան մէջ սկսւում է տկարանալ յաղթանակելու հաւատը: Զօրքը նման դէպքերում բնազդաբար զգում է, թէ ինքն այլեւս բարոյապէս անտէր է, անգլուխ:
Հոգուս աչքերով տեսնում էի պարտութիւնը` կախուած մեր գլխին: Մենք պարտուած էինք արդէն. մնում էր, որ թշնամին արիութիւն ունենար հազար քայլ առաջանալու, որպէսզի մենք լքէինք մեր դիրքերը:
Երբեմնակի լսւում էր գնդակների չար երգը եւ խռովում գիշերուայ լռութիւնը:
Նահանջելու տրամադիր վաշտապետս սպասում էր պատասխանի: Ես խորհրդածում էի: Հերիք չէ ասել` հրամայում եմ կռուել, մեռնել: Նման վայրկեաններում, անզօր են հրամանն ու սպառնալիքը: Փորձով գիտէի այդ, եւ շարունակում էի դեռ մտմտալ: Խոհերս սկսել էին բիւրեղանալ. արդէն գիտէի ասելիքս եւ անելիքս, բայց եւ այնպէս, շարունակում էի լուռ մնալ, երբ կորովաթափ վաշտապետս խզեց լռութիւնը.
— Ի՞նչ էք մտածում, պարո՛ն սպարապետ:
— Այն, հերոս վաշտապետս, որ դու, ինչպէս տեսնում եմ, եւ մի քանի ուրիշները մոռացել էք հայոց պատմութիւնը, որը մեր կռիւներով չէ՛ սկսուել եւ մեզնով չէ՛ վերջանալու: Այս լեռների վրայ կռիւներ են տեղի ունեցել մեզնից առաջ, տեղի պիտի ունենան եւ մեզնից յետոյ: Ասացէ՛ք, ի՞նչ անուն կը տայիք Դաւիթ Բէգին, եթէ մարդկային այս կամ այն տկարութիւնից մղուած նա Սիւնեաց աշխարհը յանձնած լինէր թուրք ու թաթար հորդաներին:
Մեզնից առաջ այս լեռների վրայ կռուող հայը խորապէս գիտակցել է, թէ Սիւնիքը յանձնել թշնամուն` կը նշանակէ հայ երկրի բանալիները եւ հայ ժողովրդի բախտն ընդմիշտ յանձնել իր իսլամ հարեւաններին: Նոյն փրկարար գիտակցութեամբ, այս բարձունքների վրայ պէտք է կռուէ, մեռնէ ու յաղթէ ե՛ւ վաղուայ հայութիւնը: Ի՞նչ, միայն ձե՞զ է պակասում այդ գիտակցութիւնը: Մոռացե՞լ էք, թէ կայ հայ ցեղի յաւիտենագիր հրամանը` յաղթել կամ մեռնել:
— Ո՛չ, — եղաւ վաշտապետներիս պատասխանը:
— Ես բնաւ չեմ մտածում նահանջի մասին, որովհետեւ սովորութիւն ունիմ նման օրհասական վայրկեաններում դիմելու իմ խղճին` հարցնելու իմ ներքին դատաւորին` ի՞նչպէս են վարուել նման եւ աւելի ծանր վիճակում Վարդաններն ու Դաւիթ Բէգերը.
— Մեռնել, բայց յաղթել:
— Ինչպէ՞ս կ’ուզէիք, որ վարուէին նման դէպքերում այն բոլոր ղեկավարները, որոնց ապագայում պիտի վիճակուի վարել մեր ցեղի ինքնապաշտպանութեան սրբազան գործը.
— Մեռնել, բայց չզիջել հայոց լեռնաշխարհը:
— Իմ ներքին դատաւորի թելադրութեամբ` միշտ էլ այսպէս եմ պատասխանել, այսպէս եմ պատասխանում ինձ եւ այժմ…
— Ես,- արդարանալ փորձեց վաշտապետս,- ես ուզեցի ասել, թէ այլեւս ռազմամթերք չունենք:
— Բայց ո՞վ ասեց, թէ միայն առատ ռազմամթերքով են յաղթում: Շատ անգամ յաղթում է այն կողմը, որը նուազ է կրակում: Վախկոտն է յաճախակի աղմկում, մատնելով իր անարիութիւնը: Հրացանից, գնդացիրից, թնդանօթից չէ՛ որ սարսափում է թշնամին, այլ` քար լռութիւնից: Չկա՛յ աւելի ահաբեկիչ բան, քան լուռ առաջխաղացումը, մասնաւորապէս գիշեր ժամանակ, երբ քարը, թուփը, այն ամէնը, որ կարող է զբաղեցնել մարդուս աչքն ու երեւակայութիւնը, դառնում է գրոհող հակառակորդ: Լուռ յառաջացող տասնեակը մի ամբողջ գունդ է, վաշտը` մի ամբողջ բանակ պաշտպանուողի համար: Գիշեր ժամանակ յարձակուողի զինակիցներն են` խաւարը, լռութիւնը, ժայռերը: Իսկ երբ նախայարձակուողը մենք ենք` այդ լեռների տէրը, մեզ հետ են նաեւ այն բոլորի վրէժխնդիր ստուերները, որոնք մեզնից առաջ հեգնել են մահը եւ ընկել այդ սրբազան բարձունքների վրայ: Իսկ երբ մենք ենք նախայարձակուողը` մեզ հետ է նաեւ մեր լեռների հզօր ոգին: Ուրե՛մն, ռազմամթերքի կարիքը չզգալու համար` մնանք հաւատարիմ մեր օրհնուած ռազմավարութեան տարերային ձեւերին: Գիշերամա՛րտը թող լինի մեր բաժինը: Ուրե՛մն, յարձակուե՛նք, ինչպէս յարձակւում է մահը` լուռ եւ անակնկալ :
— Յարձակուե՛նք,- միաբերան կրկնեցին վաշտապետներս, եւ յուսավառ` վերադարձան դէպի իրենց վաշտերը, դէպի կրակի գիծը:
Լուսաբացին, Ալագեազի բարձունքներում թշնամին ծեծուած ու գերուած էր գրեթէ առանց ռազմամթերքի:
Իմ զինուորը այդ օրը օրհնում էր ճակատագիրը, որ չէր յապաղել թշնամու ձեռքով մեզ առատ ռազմամթերք հասցնելու:
Այդ կռւում սիւնեցին մի անգամ եւս զգաց, թէ յաղթում է ա՛յն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ` իր ներազէն գերազանցութեան:
Որ ցեղի ոգու ձեռքով ղեկավարուող ժողովուրդը կարիք չունի երկար սրի:
Իր լեռների վրայ սիւնեցին այդ օրը հաստատեց, թէ երկաթէ զէնքերի դէմ հե՛շտ է վահան գտնել, բայց ոչ եւ ոգու զէնքերի, որպիսին են ցեղի զէնքերը:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!