Գարեգին Նժդեհ

ԱՆԱՐԻՈՒԹԻՒՆԸ — ՄԱՅՐ ՉԱՐԵԱՑ

Խորհրդածութիւններ Վարդանանց տօնի առթիւ

Ներքին թշնամին:

Հին է սրա պատմութիւնը: Նա երէկ չէ ծնւել եւ վաղը չպիտի մեռնի: Խօսել սրա մասին կը նշանակէ պատմել մեր ցեղի պատմութեան ամենատխուր էջերը:

Դա զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու, որի մասին հայոց պատմութիւնն ասում է զայրոյթով` «Շապուհի զօրքերը կ’առաջնորդէին հայանուն դաւաճանները` ծանօթ Հայաստանի դիրքերին ու դրութեան»:

Ազգադաւն է նա, որի սեւ գործերի մասին խօսելիս վաղուայ պատմիչը զզուանքով պիտի գրէ` «Տաճիկ զօրքերին դէպի Հայաստան կ’առաջնորդէին հայանուն կարմիրները»:

Երէկ նա չէր ճանաչում ազգային անկախ պետութիւն, այսօր ներքին թշնամին կաշուից դուրս է գալիս արդարացնելու եւ ամրացնելու օտար իշխանութիւնը Հայաստանում:

Օտարի լուծը ժամանակին նա արդարացրել է Պարսկահայաստանում, Տաճկահայաստանում, Ռուսահայաստանում, եւ վաղը եթէ իրերու բերումով թաթարները մտան մեր երկիրը, եւ վաղը եթէ մեր երկրում ապրող մի բուռ եզիդներն իսկ արիութիւն ունեցան հայութեան պարտադրելու իրենց գերիշխանութիւնը — ներքին թշնամին` անարի հայը, ծափ կը զարնէ եւ սրանց:

Միայն ազգային իշխանութիւն չէ ճանաչում դա:

Վաղը նա չպիտի ճանաչի եւ երրորդ Հայաստանը, եթէ այնտեղ յեղափոխականների փոխարէն իշխեն հայ-կաթոլիկները` ամենից չէզոքները:

Այս է, այսպիսին է մեր ներքին թշնամին, որը այնքան սեւ դարեր եւ օրեր է ապրեցրել հայութեան, որը քանիցս ու քանիցս ներսէն է պայթեցրել մեր բերդերը եւ հեշտացրել օտարների մուտքն ու իշխանութիւնը Հայաստանում:

* * *

Վատերը կարճայուշ են լինում:

Մենք գիտենք, սակայն, թէ ինչպէս պատժուեց Ե. դարի հայու վատութիւնը: Քաղաքական հեռատեսութեան դիմակի տակ գործող Վասակի դաւաճանութիւնը չմնաց անպատիժ, իսկ Աւարայրի խնկելի «արկածախնդիրը» հայ ժողովրդի կողմից հռչակուեց սուրբ:

Նոյն ձեւով պատժուեցին եւ Դավիթ բէկի հակառակորդները ԺԸ. դարում:

Աւելի խստագոյնս պիտի պատժուին հայոց պատմութեան կողմից մեր օրերի ներքին թշնամիները:

Պատմութի՜ւնը… Ա՜հ, դատաւորների այդ մեծ եւ անմահ դատաւորը, որին չէ յաջողել լռութեան դատապարտել եւ ոչ մի ոյժի, չպիտի կարողանայ կաշառել եւ կարմիրների արծաթը: Պատմութեան դատաստա՜նը ահա սեւ օրերը վատերի:

Այդ օրը նա պիտի թքէ վատ մեռելների գերեզմանին եւ կենդանի վատերի ճակտին անփառունակ:

* * *

Սակայն, իրենից ի՞նչ է ներկայացնում ներքին թշնամին` հոգեբանօրէն: Ո՞վ եւ ի՞նչ է դա որպէս հոգեբանական նկարագիր: — Անարին է դա:

Դա կենդանի համադրութիւնն է հին փառասէր հայու եւ դարերի ընթացքում օտար լծերի տակ տկարացած, անարիացած հայու:

Անարին է դա, որի մէջ դեռ ապրում է Տիգրան Մեծի շրջանի հայ մարդու փառասիրութեան մի մասը:

Անարին է դա, որի մէջ անթեղուած մնում է դեռ Արշակունիների շրջանի հայ մարդու փառասիրութեան մի մասը. — Արշակունիները, որոնց օրօք հայկական զինանշանը կը խորհրդանշէր Արծիւը` թեւաբաց` աշխարհակալ:

Անարին է դա, Տիգրան Մեծի եւ Արշակունիների աշխարհակալ հայութեան փառասիրութեամբ օժտուած, բայց դարերի ստրկութեան մէջ իր արիութիւնը կորցրած հայն է ներքին թշնամին:

Կա՛յ, սրա մէջ կայ փառասիրութիւն, բայց պակասում է արիութիւնը: Իսկ նման արարածը ե՛ւ դժբախտ է, ե՛ւ վտանգաւոր: Սրան պէտք է բաւարարել իր փառասիրութիւնը, բայց աւա՜ղ, արիութեան պակասի շնորհիւ սա անընդունակ է զոհաբերութիւն պահանջող մեծ, բարի եւ առաքինի գործերի: Նա կ’ուզէր երկնքի աստղերը վեր բերել, արծւի թեւերից փետուր խլել. նա կ’ուզէր իր անւան շռինդով առնւազն հայոց աշխարհը լեցնել… Նա փառասէր է եւ… այսքանը:

Փառասէր, բայց եւ ոչ արի: Իսկ նմանը ե՛ւ դժբախտ է, ե՛ւ դժբախտացնող. իսկ նմանը չար ոյժ է, չարագործ, հրէշ:

* * *

Անարի փառասէրն իր հետքերն է թողել եւ համաշխարհային պատմութեան մէջ: Նախանձի որդը հանգիստ չէր տայ Հերոստրատին:

Նա կ’ուզէր անմահանալ, յաւերժանալ, բայց կը պակասէր արիութիւնը: Եւ ահա՛ մի գիշեր նա ուզեց անմահանալ: Եւ մթութեան մէջ կատարեց իր մութ գործը. նա հրդեհեց, կրակի մատնեց հին աշխարհի ամենամեծ տաճարը եւ իր անունը կապեց պատմութեան, անմահացաւ… որպէս չարագործ:

* * *

Մեր ներքին թշնամին.

Հայ Հերոստրատն է դա, որն իր սեւ գործերով մեր դարերի պատմութիւնն է սեւացրել: Եւ որքան շա՜տ են նրանք, — փոքրիկ Հերոստրատները: Հիւանդոտ փառասիրութեամբ, բայց զուրկ արիութիւնից: Նրանք, բոլոր տեսակի Հերոստրատները գործի վրայ են այսօր: Նրանք գործում են եւ անմահանում… Հերոստրատաբար, չարագործաբար:

Նրանք այսօր հայ ցեղի սրբութիւնների ամօթալի աճուրդն են կազմակերպել: Սրբութեանց առեւտուր: Ծախու են հանուած Մայիս քսան եւ ութը, Եռագոյնը, Հայկական անցագիրը: Դաւել են եւ դաւում են վատերը հայ ցեղի գոյութեան եւ այդ գոյութիւնն արդարացնող սրբութիւնների դէմ:

Արիութեան պակասը, անարիութիւնը — ահա՛ վատ հայերի եւ նրանց վատութիւնների մայր պատճառը:

Քանի դեռ հայ մարդու փառասիրութեան չէ միանում վտանգն ու մահը անգիտացող արիութիւնը, քանի դեռ կայ անարի հայը — կը լինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կայ այդ հրէշը — քաղաքական աւելի բարւօք վիճակը երազ պիտի մնայ մեզ համար:

Անարիութիւն — ահա՛ վատ հայու գոյութեան պատճառը: Վատ հայը — ահա՛ հայ ժողովրդի դարերի եւ այսօրւայ դժբախտութեան գլխաւոր պատճառը:

* * *

Եթէ անարիութիւնը` մայրը բոլոր չարագործների եւ չարեաց` եթէ անարիութիւնն է երբեմնի հոգով արծիւ մեր ժողովուրդը դարձրել Գառն Աստուծոյ — դարերի անմեղ որսը Արեւելքի գայլ ցեղերի համար, արիութիւնն է, որ պիտի փրկէ հայութիւնը:

Արիութիւն — յետ այսու սա՛ պիտի լինի հայ մարդու կոչումը:

Վահագնի հետ պիտի խօսի հայ մարդը հիմա — Աստուածը հին հայոց, Աստուածը Արիութեան եւ Յաղթանակի:

Փտած, եղծանւած են հին մագաղաթները:

Նոր աւետարանի խօսքը պիտի լսի հայութիւնը:

Ցեղօրէն անկախ ապրելու եւ ստեղծագործելու` եւ ոչ ժամանակաւոր կեանք մուրալու համար հայ ժողովրդի հաւաքական հոգու մէջ հրամայողաբար յարութիւն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզօր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան Արարատեան դաշտում, Սիւնիքում, Արցախում, մեր գաղութներում, ամէն տեղ, ուր կ’ապրի հայը` ամէն մի հոգու մէջ, քանզի արիութիւնն է եղել յաւիտենական պարտականութիւնը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել:

— Արիացի՛ր, արիացո՛ւր` սա պիտի լինի մեր օրուայ նշանաբանը: Վահագն-Աստուած, արիապաշտութիւնը — նոր կրօն, հայ մարդն — արի՛, եթէ չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջիլ մեզնից արիներին:

«Արաքս» օրաթերթ,

Սոֆիա 1926թ., 11 փետրվար

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով