ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 6

ԴՈՒՐԵԱՆԸ ԴՈՒՐԵԱՆԻ ԴԷՄ

“Jþaccuse” :

ԶՕԼԱ

Երբ մէկը թշնամանում է մէկին` դա հասկանալի է: Բայց երբ ժողովրդի մի մասը չի բաւականանում օրէնքի նախատեսած խստութիւններով, այլ հաւաքում է մի քանի տասնեակ հազար ստորագրութիւններ, ծախու է հանում մեռածի մօրուքի թելերը, օգտւում է թրքատիպ գորգավաճառի գրպանից, թրքախօս տականքների լումաներից, օտարացեղ խաժամուժից, մութ աղբիւրներից` թրքական թէ բոլշեւիկեան, գաղութից գաղութ ցուցադրում է սպանեալի լէշի պատկերը` դրամ եւ բողոքի հեռագրեր մուրալով, երբ զարկում է բոլո՛ր դռները` օտար թերթերի, եկեղեցիների, համայնքների եւն., երբ մեռած Ղեւոնդի արժէքը յաչս օտարների բարձրացնելու նպատակով շահագործում է անգա՛մ լուսապսակ Եղիշէ Դուրեան Պատրիարքի անունը — սրա գործերն ամերիկեան մամուլում նրան վերագրելով, երբ հոգեւոր ճիւաղութեան բոլոր կերպերը, մարդկային ցած հոգու բոլոր հնարամտութիւնները փորձում է մոխրացած տեսնելու երկու ընտիր հայորդիներ — ա՛հ, այս բոլորն, իրոք որ, անմարդկային է, անըմբռնելի:

Այս կեղծ մոլեռանդութիւնը, իբր ախտաբանական երեւոյթ, յիշեցնում է իսլամ խուժանավարներին, որոնք մեռած մի հաւատացեալի դիակը ծակոտում էին դաշոյնի հարուածներով եւ ցուցադրում իբր քրիստոնեաներից սպանուած մահմեդական, ողբում, լալիս, ոռնում, աղաղակում` մինչեւ որ յաջողէին սադիստական հոգեվիճակ, ոճրային պսիխոզ ստեղծել իսլամ տգէտ ամբոխի մէջ — կոտորած եւ թալան առաջացնելու նպատակով: Բոլո՛ր դէպքերում, երբ առաջնորդը անազնիւ խուժանավար է եւ ամբոխը խաւարամիտ` մասնակի մի պատահար դառնում է առիթ հանրային կրքերի բորբոքումի, հոգեւոր ընդհանուր համաճարակի:

Մոլեռանդութիւն արուեստաւորելու առիթը ամերիկահայ տականքի համար հանդիսացաւ խորհրդաւոր սպանութիւնը մի կղերականի, որ տխուր հետքեր էր թողել Բուլգարիայում, Զմիւռնիայում, Մանչեստրում, որ Ամերիկայում գործիք դարձած հակահայ մութ տարրերի ձեռքը, ամէն ինչ արեց եկեղեցու միջոցաւ կիսել, բաժանել հայ եկեղեցին , որի մէջ սպառուած էր Յիսուսի շունչը եւ ամէն ինչ տեղի տուած հայութիւնը կոտորակելու, ներքուստ փլուզման ենթարկելու բոլշեւիկեան քաղաքականութեան: Այդ վեղարաւոր գործակալի ներքին մարդը ցոյց տալու համար` նախ խօսեցնել տանք իրեն, նախ լսենք ի՛ր ինքնամերկացման վկայութիւնը:

«Տաթեւ» կրօնական տարեցոյցի մէջ գրած «Հայ եկեղեցւոյ փոթորկայոյզ գիշերը» իր յօդուածում, Դուրեանը ասում է.- «Հայ եկեղեցին ստուգիւ կ’անցընէ մրրկայոյզ շրջան մը Հայ Խորհրդային Հանրապետութեան սահմանադրութեան այն օրէնքին գործադրութեան հետեւանօք, որով եկեղեցական եւ կրօնական բոլոր հաստատութիւններն ու շէնքերն պետականացուեցան: Այս պարագան Հայ եկեղեցւոյ համար ճգնաժամ մըն է ինչ ինչ տեսակէտներով» (Ե-րդ տարի,1929թ., Հալէպ-Սուրիա): Նա ընդունում է, որ «ճգնաժամ» կայ, բայց, իբր բոլշեւիզան, փոխանակ հայ եկեղեցու տագնապը ուղիղ կերպով ներկայացնելու` ճգնում է մոլորանք ստեղծել:

Որպէս թէ եղածը բռնագրաւում եւ կողոպուտ չէ, այլ պետականացում: Որպէս թէ չգիտէ, թէ եկեղեցու պետականացում նշանակում է` առանձնաշնորհումներ տալ, ինչպէս Տրդատի օրով, երբ հայ եկեղեցին պետականացաւ, եւ ոչ թէ իրաւազրկուեց: Իբր թէ «Հայ Խորհրդային Հանրապետութեան սահմանադրութեան» տրամադրութեամբ եղած է այն, երբ աշխարհը գիտէ, որ գոյութիւն չունի «Հայ խորհրդային սահմանադրութիւն», որ եղածը համախորհրդային օրէնքն է, որով կառավարւում է ե՛ւ Երեւանը, որը, իբր մասնիկը Խ. Միութեան եւ ո՛չ թէ իբր ինքնավար հանրապետութիւն, չի կարող իր մասնաւոր սահմանադրութիւնն ունենալ: Նա այս կեղծիքն անում է կանխելու ժողովրդական զայրոյթը` մտածելով, որ գաղութահայերը առանձնապէս խռովուելու հիմք չեն ունենայ, որովհետեւ հայ եկեղեցին գրաււում է ո՛չ թէ բոլշեւիկների թելադրութեամբ, այլ «Հայ խորհրդային սահմանադրութեան» օրէնքով: Բայց լսենք խ. իշխանութեան հակակրօնական այդ քայլն արդարացնող հետեւեալ յիմարութիւնը.- «Պետութիւնը իր ձեռքը եկեղեցիի շէնքերուն վրայ դնելով չէ թէ բուն Եկեղեցիին ոգին իր ճանկերուն մէջ խեղդած կ’ըլլայ, ինչպէս կը կարծեն ոմանք, այլ այդ գործադրութեամբ մեծապէս նպաստած կ’ըլլայ ճշմարտապէս կենդանի եւ ժողովրդական Եկեղեցւոյ մը վերաշինութեան: Եկեղեցւոյ շէնքերը պետականացուելով բուն եկեղեցին գրաւուած չի նկատուիր: Եկեղեցի ըսուածը շէնքը չէ, Եկեղեցին ժողովուրդին ոգին է. եւ այս ոգին այնքան կը զօրանայ, որքան նիւթական կապանքներէ կ’ազատի»:

Նա այստեղ ցոյց է տալիս թէ՛ իր բոպիկութիւնը, թէ՛ բոլշեւիզանութիւնը: Դուրեանը տգէտ է ձեւանում եւ իբր թէ չի հասկանում, որ եկեղեցիների շէնքերը գրաւելը պետականացում չէ, այլ բռնագրաւում, կողոպո՛ւտ: Նա իբր թէ չգիտէ, որ խ. իշխանութիւնը եկեղեցին չի պետականացնում, այլ սպանում. իբր թէ չգիտէ, որ նա անաստուած է, անկրօ՛ն: Ամէնից եղկելին, սակայն, այն է, որ վեղարաւոր այս չարագործը իդէալիզմ կեղծելով` ընկնում է րուհճիական բանդագուշանքների մէջ: Նա եկեղեցու փրկութիւնը տեսնում է նրա նիւթական կործանումի մէջ եւ խուժանավարում «ոգին այնքան կը զօրանայ, որքան նիւթական կապանքներէն կ’ազատի ու նիւթական կապանքներէն ազատուելու փրկարար միջոց մըն է եկեղեցւոյ պետականացումը»: Սա՛ է «ճշմարտապէս կենդանի եւ ժողովրդական» եկեղեցին, երբ Դուրեանի տարփողած «պետականացումը» ասել է բոլշեւիկեան կողոպուտ: Նշանակում է, որ հայ եկեղեցին մինչեւ այսօր ո՛չ «ճշմարտապէս կենդանի» եղած է, ոչ էլ «ժողովրդական», այսինքն` օրինակ, Մեծն Ներսէսը, որ հայ եկեղեցու նիւթական բարօրութիւնը նախանձելի դրութեան հասցրեց, կամ Խրիմեանը, որ հայ եկեղեցու նիւթական հարստութիւնը փրկելու համար ռուս գիշատիչ կառավարութեան դէմ մաքառեց` նիւթական կապանքներից կաշկանդուած անզօր ոգիներ էին կամ քրիստոնէապէս անկենդան եւ մարդկօրէն հակաժողովրդական եկեղեցականներ: Ըստ այսմ` րուհճիների խօսքը, թէ թուրքերի կոտորածով հայոց հոգիներն ազատուեցին մարմնական եւ նիւթական կապանքներից ` Դուրեանի սրտին խօսող մի ճշմարտութիւն է: Այդ դէպքում, ինչո՞ւ երախտապարտ չմնալ թուրքին, որ` օրինակ, թուրքաց Հայաստանի վանքերն ու եկեղեցիները հիմնահատակ կործանելով, հայ եկեղեցին ազատեց «նիւթական կապանքներէ», եւ հայութիւնը ջարդելով` դարձրեց «ճշմարտապէս կենդանի ժողովուրդ»: Չկայ աշխարհում աւելի զազրելի արարք, քան մարդկային ճակատագրի գրքի եղծումն ու պղծումը: Դուրեանը Աւետարանի եղծանիչն է եւ հայ պատմութեան պղծիչը: Դուրեանը երախտապարտ է տաճիկներին: Դուրեանը բոլշեւիկների եկեղեցաքանդ քաղաքականութեան պաշտպանն է: Դուրեանը նրանց գործիքն է: Դուրեանը հայ եկեղեցու եւ նրա նահատակների թշնամին է:

Անհոգի դաւաճանի յատկանշական գծերից մէկն էլ ինքնահակասումն է: Լսե՛նք հիմա, թէ ի՞նչ է ասում մինչեւ այժմ «Եկեղեցեաց պետականացումը» փրկարար միջոց համարող այս տգէտը, ընդամէնը երեք պարբերութիւնից յետոյ.- Նախ պետք է գիտնանք, որ Յիսուս առաջինը եղաւ Եկեղեցին պետութենէն զատորոշողն, երբ ըսաւ, «տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ» : Այսպէ՛ս, Յիսուսը «զատորոշեց» Եկեղեցին պետութիւնից եւ ըստ Դուրեանի` լա՛ւ արեց: Բոլշեւիկները պետականացուցին եկեղեցին եւ ըստ Դուրեանի` փրկեցին նրան: Յիսուսը կայսրի բաժինը տալիս է կայսեր, Աստծու բաժինը` Աստծուն: Դուրեանն այդ արդար է համարում. բոլշեւիկները կայսրի բաժինը ուտելուց յետոյ, խլում են նաեւ Աստծու բաժինը: Դուրեանն ա՛յդ էլ արդար է համարում: Տեսէ՛ք, թէ խղճմտանքի անմաքրութիւնն ինչպէ՜ս է պատժում, ծիծաղելի դարձնում տկար էակին: Դուրեանը թէ՛ Յիսուսի զատորոշումն է ընդունում, թէ՛ բոլշեւիկների պետականացումը, թէ՛ նրա «ո՛չը», թէ սրա «այո՛ն», թէ Աւետարանը, թէ՛ բոլշեւիկեան դեկրէտը: Դուրեանը թէ՛ քրիստոնեայ է, թէ՛ բոլշեւիկ, թէ՛ աստուածապաշտ է, թէ անաստուած: Դուրեանը գռեհիկ տեսակի ստահակ է — ահա՛ ճշմարտութիւնը:

Այս վեղարաւոր շառլատանը շարունակում է.- «Եկեղեցին երբ կը հեռանայ իր կոչումէն, հոգեւորական կալուածէն, եւ երբ կը մտնէ քաղաքական կալուածին մէջ, ան իր վսեմ սկզբունքէն շեղած կը նկատուի եւ կը դատապարտուի վտանգուելու: Եկեղեցին պէտք է միշտ լուրջ եւ չէզոք մնայ եւ չի վստահի քաղաքային (ուզում է ասել «քաղաքական») համակրութեանց» …

Երէկ այսպէ՛ս էր մտածում — եթէ երբեւիցէ յուդայացածը կարող է սեփական մտածում, համոզումի անկախութիւն ունենալ — իսկ մի քանի տարի յետոյ, ամերիկահայ եկեղեցին դարձնում է «քաղաքական կալուած»: Երէկ պէտք էր այդպէս մտածել, որովհետեւ անհրաժեշտ էր «տեսականօրէն» արդարացնել իր ըմբռնած պետականացման քաղաքականութիւնը` այսինքն` հայ եկեղեցու նիւթական կործանումը եւ բարոյական անկումը: Յետոյ, երբ խորհրդային սահմաններում հայ եկեղեցին պետականացաւ, այսինքն փրկուեց իր նիւթական հարստութեան կապանքներից եւ դարձաւ հոգով թեթեւացած մուրացկան, երբ կիսամեռ եղած հայ հոգեւորականութիւնն իր կաշին փրկելու համար` նետուեց բոլշեւիկեան քաղաքական ուռկանի մէջ եւ տնկուեց ազգային Եռագոյնի, որով` մեր ցեղի բոլոր սրբութիւնների խորհրդանշանի դէմ, Դուրեանը պէ՛տք է որ հայ եկեղեցին փոխադրէր Չիկագոյի աշխարհահանդէսի կալուածը:

Ամէն անսկզբունք մարդ իր գործունէութեան ընթացքում ղեկավարւում է միմիայն տակտի թելադրանքով: Իսկ տակտը Դուրեանի պէս աննկարագիր մարդուն երբեմն դարձնում է «լուրջ եւ չէզոք», երբեմն էլ անլուրջ եւ խառնակիչ:

Բայց Դուրեանի չէզոքութեան խորհուրդ բանին գտնւում է նրա հետագայ խօսքերի մէջ.- «Սխալ է ազգային շահերը նոյնացնել Եկեղեցւոյ շահերուն հետ, կամ փոխադարձաբար Եկեղեցին գործիք դարձնել ազգային շահերուն, ինչպէս սա վերջին յիսուն տարուան մէջ այնքան շեշտուեցաւ այս ուղղութիւնը: Եղան շրջաններ` որում ականատես իսկ եղայ եւ ցաւօք նոյնիսկ բողոք բարձրացուցի, երբ աշխարհի առջեւ ցոյց մը ըրած ըլլալու նպատակաւ եկեղեցիներն փակուեցան եւ պաշտամունքներն դադրեցուեցան ազգային դատին համար: Ասիկա մեծագոյն սխալն էր, որ եղաւ, եւ ի՞նչ մեծ վիրաւորանք մը մեր Փրկչին անուան եւ Աւետարանին: Եկեղեցին չի կրնար փակուիլ ազգային դատի պաշտպանութեան համար» :

Սակայն, այս ազգուրաց լրբութիւնից մի քիչ յետոյ, նոյն Դուրեանը գրում է.- «Յիսուս ալ հայրենասէր մը եղաւ. անոր արտասուքը Երուսաղէմի վրայ հայրենասիրական ցոյց մըն է» : Այսպէ՛ս, երբ Յիսուսն է արտասւում իր հայրենիքի համար` ոչի՛նչ կայ անբնական, երբ հայ եկեղեցին է ողբում իր հօտի, իր հայրենիքի անչափելի վիշտը, որից Յիսուսի սիրտը կարող էր պայթել, այդ` «վիրաւորանք մըն է Փրկչին անուան եւ Աւետարանին»: Դուրեանը հիանում է Յիսուսի հայրենասիրական ցոյցի վրայ, Դուրեանը «ցաւօք» բողոք է բարձրացնում, երբ հայ եկեղեցին է նման ցոյց անում: Դուրեանը կեղծում է հայոց քաղաքական եւ եկեղեցական պատմութիւնը , ասելով թէ` «ազգային եւ եկեղեցական շահերի նոյնացումը շեշտուեց սա վերջին յիսուն տարուան մէջ», այսինքն` մօտաւորապէս հայ յեղափոխութեան սկզբնաւորութիւնից ի վեր: Դուրեանը թշնամի է Ներսէս Վարժապետեանի եւ Խրիմեանի, Իզմիրլեանի եւ Գեւորգ Ե. Վշտակրի քաղաքականութեան: Դուրեանը դէմ է Ներսէս Աշտարակեցուն, Ներսէս Շնորհալուն, Ղեւոնդ Երէցին, Յովսէփ Կաթողիկոսին, Սահակ Պարթեւին, Մեծն Ներսէսին եւ բոլորի՛ն, բոլորի՛ն, որոնք մեր պատմութեան մէջ սրբացան հայ հայրենիքի դատի համար մաքառելով, տքնելով: Դուրեանը լռելեայն սրանց բոլորին համարում է «Փրկչի անուան» վիրաւորանք հասցնող, Աւետարանի ոգուց շեղուող: Դուրեանը չի հասկանում հայ-քրիստոնեայ դարձուածքի խորհուրդը: Նա չի ուզում գիտնալ, որ սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն : Նա չգիտէ, որ այս երկուսի ճակատագիրը նոյնացած է: Երբ Տարոնի ժողովուրդն է բնաջնջւում, կործանւում է նաեւ Ս. Կարապետի վանքը:

Իբր բոլշեւիկներին վաճառուած մարդ` Դուրեանը նրանց հակահայրենական եւ հակազգային քաղաքականութիւնը արդարացնելու նպատակով, շահագործում է անգամ Քրիստոսի հեղինակութիւնը` «Եկեղեցւոյ գլուխը Յիսուս Քրիստոս եւ ոչ հայրենիքը» : Այս հայրենուրացը` հասկանալով, որ հայ հայրենիքի եւ բոլշեւիզմի շահերն իրենց էութեամբ խոտորնակ են, որ նրանց միջեւ հաշտութեան եզր չի կարող լինել` ճգնում է նախ յանուն Քրիստոսի գերակայութեան` եկեղեցին բաժանել հայրենիքից , որպէսզի այնուհետեւ կարողանայ նրան լծել բոլշեւիկեան կառքին` հայ ազգայնականութեան դէմ ցցելով Յիսուս-Լենին զինակցութիւնը :

Իբր ցեղօրէն ընկած տիպ` նա ուզում է Քրիստոսն անգամ դարձնել բոլշեւիկեան գործակալ եւ լծել կոմունիստների հայաստանասպան քաղաքականութեան:

Դուրեանը հայ եկեղեցական չէ՛: Դուրեանը մասօն էլ չէ՛: Ամէն մասօն հայրենիքը չի զոհաբերում: Դուրեանը հայ-քրիստոնեայ չէ՛, այլ ծպտուած բոլշեւիկ: Բոլշեւիկն է բոլոր բարձր գաղափարները օգտագործում ստորին նպատակների համար :

Եւ Դուրեանն արդէն կանգնած է բոլշեւիզմի եւ քրիստոնէութեան հաշտութեան եւ միաբանութեան փաստի առջեւ: Լսէ՛ք, թէ ի՞նչ է ասում նա.- «Պէտք է գիտնանք, որ Եկեղեցին սկզբամբ հակառակ չէ եւ չի կրնար ըլլալ Խորհրդային Հանրապետութեան բոլոր վարչաձեւերուն: Խոստովանինք, որ Հայկական պետութեան քաղաքային մարդոց մէջ լուրջ եւ անձնուէր հեղինակութիւններ կան, որոնք կը խորհին ինչպէս երկրին, նոյնքան ե՛ւ եկեղեցիին համար» :

Աշխարհը մինչեւ այսօր այս բանից տեղեկութիւն չունի, մինչդեռ Դուրեանը 1928 Յունիս 10.ին — իր յօդուածի թուականը — Մանչեստրում լուծել, վերջացրել է եկեղեցու եւ բոլշեւիզմի միացման խնդիրը: Եկեղեցին դէմ չէ խորհրդային «բոլոր վարչաձեւերուն», իսկ բոլշեւիկ հեղինակաւոր անձերն էլ մտածում եւ աշխատում են «եկեղեցիի համար»: Հիմք կա՛յ այլեւս հայրենիքին կառչելու, երբ ապահայրենական բոլշեւիզմը եկեղեցին դրել է շատ աւելի նախանձելի, երջանիկ վիճակում, երբ օր ու գիշեր նրա մասին է մտածում: Կեղծելու մէջ սատանայի չափ յամառ է այս թշուառականը: Համաշխարհօրէն յայտնի է, որ բոլշեւիզմը ըստ էութեան քրիստոնէութեան հակասումն է, որ առաջինի նիւթապաշտութիւնը եւ վերջինի գաղափարապաշտութիւնը տրամագծօրէն հակառակ, զիրար ժխտող ըմբռնումներ են: Աշխարհը գիտէ, որ բոլշեւիկները կրօնը հռչակած են թոյն, եկեղեցին` հոգեւորականութեան շահատակութեան վայր, եկեղեցականութիւնը` ժողովրդի թշնամի, բոլորը գիտեն, որ եկեղեցիները վերածւում են կինօների, ակումբների, անգա՛մ բաղնիքների, որ խ. իշխանութիւնը մասնաւորապէս շնական ծաղրանք ունի Յիսուսի եւ իր խաչելութեան մասին, որ դա այդ բոլորը համարում է յիմարական հէքիաթներ, որ բոլշեւիկները ստեղծած են «անաստուածական» շարժում, որ քրիստոնեայ հոգեւորականութեան մեծ մասը ենթարկուած է զանգուածային ջարդի. որ հէնց Հայաստանում բազմաթիւ քահանաներ իրենց կաշին փրկած են աստուածուրաց մեղայագրով: Դուրեանի համար այս բոլորը նշանակում են «խղճի եւ կրօնի ազատութիւն»: Ըստ սասունցիական առակաբանութեան, Դուրեանը ա՛յն յիմարն է, որ կարասի մէջ գլուխը խօթած եզն ազատելու համար` կտրում է նրա վիզը եւ աղաղակում, «ե՛զը փրկուեց»: Մորթուած է քրիստոնէութիւնը, եւ այդ փաստը Դուրեանն արձանագրում է իբր «խղճի եւ կրօնի ազատութիւն»: Դուրեանը քրիստոնեայ չէ: Աւելին` նա բարեկամն է, զինակիցը քրիստոնէութեան դահիճների:

Դուրեանը շարունակում է- «Պետութիւն մը, որ պայքար կը բանայ կրօնքի դէմ, պետութիւն ըլլալէ կը դադրի եւ կը դառնայ կրօնական աղանդ մը» : Ճի՛շտ է ասում Դուրեանը եւ այս մէկ նախադասութիւնը թողնում է այն տպաւորութիւնը, որ նա միամիտ մի մոլորուած է, որ նրա սայթաքումները արդիւնք են ա՛յն բանի, որ նա բոլշեւիզմի էութեան մասին հասկացողութիւն չունի, իսկապէս Դուրեանը չգիտէ՞, որ բոլշեւիզմը սոսկական պետականութիւն չէ, ոչ էլ սովորական քաղաքական կառոյց, այլ ամէնից առաջ` մի ընկերային վարդապետութիւն: Նա չգիտէ՞, որ կոմունիզմի դաւանաբանութեան հիմքը, այսպէս կոչուած, պատմական նիւթապաշտութիւնն է, որն իր էութեամբ մի ընդվզում է քրիստոնէական գաղափարապաշտութեան դէմ: Նա չգիտէ՞, որ ճիշտ այն օրէնքով, որով այս գաղափարապաշտութիւնը ծնունդ է տուել քրիստոնէական դաւանանքին, հէնց նոյն օրէնքով էլ նիւթապաշտութիւնից ծագել է կոմունիստական դաւանանքը: Որով` եթէ քրիստոնէութիւնը կրօն է կամ աղանդ, այդպիսին է նաեւ մարքսականութիւնը: Եւ հէնց այդ պատճառով էլ, բոլշեւիկեան աղանդը թշնամի է քրիստոնէութեան — դա անաստուածութիւն է, սա` աստուածապաշտութիւն: Իսկապէ՛ս, այս հասարակ բաները Դուրեանը չգիտէ՞: Չգիտէ՛, այլապէս ինչո՞ւ է ասում թէ` «Հանրավարականներու մօտ կը հանդիպինք հոսանքներու, որոնք բացայայտօրէն հակառակ են աւետարանական սկզբունքներուն» : Ինչպէս երեւում է, նա բաւական բաներ գիտէ, եւ եթէ չգիտնալ է ձեւացնում, ապա այդ նրա համար, որ յոյս ունի նուաստութեան ճարպիկ մի խաղով «Երուսաղէմը գրաւել»:

Դուրեանը հաւատում է, որ հեռու չէ այն օրը, երբ եկեղեցուն հակառակ բոլշեւիկ հոսանքները «մեծարանք պիտի ընծայեն» նրան: Եթէ այդպէս է` ապա էլ ինչո՞ւ կառչած մնալ ազգայնական հայութեան, ինչո՞ւ այժմեանից իսկ չմիանալ բոլշեւիկներին: Դուրեանը թշնամի չէ բոլշեւիկներին, որովհետեւ նրանք մի օր քրիստոնեայ պիտի դառնան: Դուրեանը թշնամի է ազգայնական հայութեան, որովհետեւ ներկայի քրիստոնեաներ են: Դուրեանը հասկացել է աշխարհի անցաւորութեան իմաստը եւ դարձել է կրօնական ապագայապաշտ: Դուրեանն այն սնանկ փերեզակն է, որ իր կորած ապառիկների հաշուին խաչագողութիւն է անում: Դուրեանը բոլշեւիկեան գործակալ է դառնում, որպէսզի մի օր` անաստուածներին քրիստոնեայ դարձնի: Դուրեանը ա՛յն հովիւն է, որ իր ոչխարները ազատելու նպատակով զինակցում է գայլին:

Եւ սա այն մարդն է, որ քարոզում է.- «Մեր եկեղեցւոյ պետերը հեռու պէտք է մնան քաղաքական կամ ազգային ոեւէ գործէ, անոնք ներշնչուած պէտք է ըլլան Յիսուսէ Քրիստոսէ: Ասով միայն պէտք է վստահութիւն ներշնչեն իրենց շուրջը եւ այն պետութեան` որուն հետ կապուած են իբր քաղաքացի» :

Այս խօսքերը գրող Դուրեանը այն մարդն է, որ Չիկագոյի ցուցահանդէսում դէմ կանգնեց հայ դրօշին: Դուրեանը չգիտէ՞, որ դրօշակին դէմ լինել նշանակում է քաղաքականութիւն խաղալ: Նա չգիտէ՞, որ օրինակ մէկը, որ համակիր է բոլշեւիկներին` քաղաքականութեան է խառնւում, ինչպէս նաեւ մէկը, որ թշնամի է բոլշեւիկներին` դարձեալ քաղաքականութեան է խառնւում: Երբ մէկն ասում է, որ դրօշակը քաղաքական մի ցոյց է եւ դէմ է նրան` իր դէմ լինելովը ինքն էլ որոշ քաղաքականութեան է հետեւում, ինչպէս մէկ ուրիշը, որ կողմնակից է նրան` իր կողմնակցութեամբ դարձեալ քաղաքական որոշ ճակատի վրայ է կանգնում: Մէկը, որ կողմնակից է Ռուզվէլտին` քաղաքական որոշ դիրք է բռնում, մէկը որ դէմ է նրան` դարձեալ քաղաքական դիրք է բռնում: Երբ մէկն ասում է` թո՛ղ ծածանի մեր դրօշակը` քաղաքական նպատակ է հետապնդում — նա ուզում է, որ «կործանուի Տաճկաստան», երբ մէկ ուրիշն ասում է` թո՛ղ նա վա՛ր իջնէ` նա էլ քաղաքական նպատակ է հետապնդում — ուզում է որ Հայաստանը կործանուած մնայ: «Քաղաքական կամ ազգային որեւէ գործէ հեռու» մնալ` նշանակում է չէզոք դիրք բռնել: Չէզոքը նա է, ով թէ՛ մէկ տեսակէտի եւ թէ միւսի հանդէպ անտարբեր է: Նմանի համար բոլորովին միեւնոյն է թէ` դրօշակը բարձրանո՞ւմ է, թէ չի բարձրանում, թէ Ռուզվէ՞լտն է նախագահ թէ մի ուրիշը, թէ Ռուսաստանը բոլշեւիկներին կը մնա՞յ թէ չի մնայ: Բայց ի՞նչ է անում Դուրեանը, նա ասում է.- «Պարոննե՛ր, ես չէզոք եմ եւ պահանջում եմ, որ այս դրօշակը վար առնուի»: Նա ասում է.- «Ես քաղաքականութեան չեմ խառնւում, անգլիահպատակ եմ եւ ամերիկահայոց Առաջնորդը, բայց վստահութիւն եմ ներշնչում բոլշեւիկներին: Երբ անգլիական դեսպանն է գալիս` ես խանդավառուելու հիմք չունեմ, երբ Լիտվինովն է գալիս` ես պարտաւոր եմ նրան ողջունել, սեղանակցել» : Դուրեանը ոչ միայն ցեղօրէն է անհաւատարիմ, այլեւ քաղաքացիօրէն: Նա ա՛յն դժբախտներից է, որոնք գործում են իրենց ասածին հակառակ, եւ ասում են իրենց գործածին հակառակ: Նրանցի՛ց, որոնք իրենք իսկ դառնում են իրենց գլխին պատուհաս — Դուրեանը` Դուրեանի դէմ, Դուրեանը` Դուրեանին դատաւոր, Դուրեանը` Դուրեանին մերկացնող:

* * *

Բոլշեւիկեան քաղաքականութիւնը` կաթողիկոսական գահը որպէս խայծ ծառայեցնելու ` շեղում է հայ բարձրաստիճան հոգեւորականութեան որոշ տարրերը ազգային գծից: Շատերը դառնում են մութ գործիք, որոնցից ոմանց դիմակազերծ արեց Չեկայի հիասթափուած գործակալ Աղաբեկովը: Սրանց միջացով խ. իշխանութիւնն իր պրոպագանդն է տանում արտասահմանում: Յատկապէս Գէորգ Ե. Վշտակիր Կաթողիկոսի տկարութեան օրերին եւ մանաւանդ նրա մահից յետոյ, երբ հոգեւոր իշխանութիւնը կենտրոնացաւ «Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի» ձեռքը` բոլշեւիկներն յարմարագոյն առիթը գտան խորացնել իրենց գործակալների գայթակղութիւնը` նրանց հմայելով կաթողիկասական գահի հեռանկարով: Այդ հովերով տարուեցին ո՛չ միայն Մեսրոպ Մագիստրոսը, այլեւ անբարոյական Ղըլըտճեանը, Դուրեանը եւ ուրիշները: Խ. իշխանութիւնը Էջմիածնին նորանոր զիջումներ պարտադրելու նպատակով, ձգձգեց կաթողիկոսական ընտրութիւնը, մինչեւ որ սակարկութիւնը որոշ արդիւնքի կը յանգէր: Երկար խաղերից յետոյ, Էջմիածինը ստիպուեց տեղի տալ, եւ 1929թ.ին արտասահման հասաւ նրա առաջին կարմիր ծիծեռնակը — Գերագոյն Հոգեւոր Խորհրդի սպառնագիրը, որից պարզւում էր, որ Էջմիածնին պարտադրուած է լծուել պայքարի` ընդդէմ ազգայնական հայութեան: Դրանից անմիջապէս յետոյ բեմադրուեց կաթողիկոսական ընտրութիւնը: Բուն գործակալները չընտրուեցին, եւ կարիք էլ չկար, որ ընտրուէին, նրանք այնպէս էին ընկել Չեկայի ցանցերում, որ այլեւս իբր հասարակ գործակալներ կարող էին օգտագործուել` առանց մեծ վարձատրութեան: Ոմանք արդէն վտարուած արտասահմանից, ինչպէս Մագիստրոսը Պարսկաստանից, կամ ուղղակի փախած, ինչպէս Ղըլըտճեանը: Իսկ Դուրեանի պէս անձերն էլ, որոնք իրենց կապը իսպառ խզել էին ազգայնական հայութեան հետ, այլեւս ո՛չ միայն չէին կարող դարձ ունենալ, այլեւ իրենց դիրքը մի կերպ պահելու նպատակով, ստիպուած էին ամբողջովին անձնատուր լինել իրենց տիրոջ — Չեկայի հրահանգներին:

Հասկանալի պատճառներով` խ. իշխանութիւնը մեծ ուշադրութիւն պիտի դարձնէր ամերիկահայ գաղութի վրայ, որ համեմատաբար մեծազանգուած է, նիւթական առատ միջոցներ ունի, որից կարող էր օգտուել: Ապա որ` հայ դատն այնտեղ տակաւին իր բարեկամներն ունի, ու վերջապէս` նա Դաշնակցութեան կարեւորագոյն ամրոցներից մէկն է: Սրելով ներքին պայքարն Ամերիկայում, խ. իշխանութիւնը հաւատացած էր, թէ կարելի պիտի լինի վարկաբեկել հայ դատը ո՛չ միայն յաչս ամերիկեան հասարակական կարծիքի, այլեւ Հայաստանի ջերմ բարեկամների: Կար նաեւ ա՛յն համոզումը, որ եթէ յաջողուի Դաշնակցութիւնն այնտեղ քարին զարկել` Չեկան ընդհանրապէս տկարացրած կը լինի Դաշնակցութիւնը: Այս պատճառներով, նա իր կարմիր թաթը երկարեց Ամերիկա եւ գործակալ եպիսկոպոսն իր արբանեակներով լծեց գործի:

Բոլշեւիկները նախ ջնջել տուին «Նահատակաց Տօնը» — եւ առաջին գործադրողը գաղութում եղաւ Դուրեանը, առանց հասկանալու, որ եկեղեցին նահատակներով է եկեղեցի, որ նահատակ չունեցող եկեղեցին ամէն ինչ է, բայց ո՛չ եկեղեցի, որ հայ եկեղեցին ազգային եկեղեցի է, որ ազգային բացառիկ մի աղէտի զոհերը, որպիսիք են վերջին կոտորածների զոհերը, որոնք ընկան ո՛չ միայն իրենց զուտ ազգային, այլեւ կրօնական հաւատին հաւատարիմ մնալու գաղափարականութեան հետեւանքով — եկեղեցական նահատակներ են: «Հայ-քրիստոնեաներ» էին նրանք, որոնք մեռան ո՛չ միայն իրենց «հայութեան», այլեւ «քրիստոնէութեան» համար: Այս փաստն ուրացող Դուրեանի եկեղեցին ո՛չ հայ եկեղեցի է, ո՛չ էլ քրիստոնէական: Դուրեանը ո՛չ միայն ազգային դաւաճան է, այլեւ կրօնական, նա ո՛չ միայն բոլշեւիկների կամակատարն է, այլեւ թուրքի, թո՛ւրքը չի կարող հանդուրժել, որ նրանց յիշատակն ապրի` ապրեցնելով ժողովրդի մէջ վրէժի զգացումը` թրքութեան հանդէպ: Թրքասիրական պրոպագանդի ամենախելացի ձեւն է` հայութեան ասել «Մոռացի՛ր նահատակներդ»: Դուրեանը թրքասիրական ախտից բռնուած հայ բարձր հոգեւորականների ամենակարկառուն ներկայացուցիչն է:

Դուրեանը ճշտօրէն նկատում է` եկեղեցին` դա «ժողովուրդն» է , բայց չի հասկանում, թէ երբ ժողովուրդը ցաւի յիշողութիւն ունի եւ եկեղեցին անտարբեր է մնում` նա այլեւս ժողովրդական եկեղեցի չէ, երբ ժողովուրդը դրօշակ ունի եւ եկեղեցին ճգնում է նրան անդրօշ դարձնել` նա այլեւս ժողովրդի թշնամին է: Դուրեանը չհասկացաւ, որ երբ ժողովուրդը անդրօշակ է, այսինքն աննպատակ, եկեղեցին էլ անդրօշակ է, որով` աննպատակ ու անսուրբ: Որքան զզուելի է անդրօշ ժողովուրդը, նոյնքան ե՛ւ աւելի զզուելի է ե՛ւ անդրօշ եկեղեցին: Ժողովուրդը` որ զուրկ է բարձր իդէալից` դատարկ է մարդկայնութիւնից, եկեղեցին` որ զուրկ է մարդկայնութեան բարձր իդէալից` դատարկ է աստուածային շնչից: Դուրեանը չհասկացաւ այս բոլորը եւ իբր կրօնական էակ նուիրուեց սատանայի ծառայութեան, իբր մարդ` հասարակական չարագործութեան, իբր հայ մարդ` հայ ցեղի դահիճներին:

Թուրքն ու բոլշեւիկը դէմ են մեր նահատակների յիշատակին` նրանց սգատօնին — դէմ է նաե՛ւ Դուրեանը:

Նրանք դէմ են մեր դրօշակին — դէմ է նաե՛ւ Դուրեանը:

Նրանք դէմ են մեր ցեղի ժամանակակից պատմութեան հերոսականին — Մայիս 28.ին — դէմ է նաե՛ւ Դուրեանը:

Եւ այդ էր պատճառը, որ Չիկագոյի աշխարհահանդէսի իր գայթակղութեան առթիւ` նա արժանացաւ թուրք մամուլի ծափողջոյններին:

Իր ըմբռնումը եկեղեցու եւ եկեղեցականի կոչումի մասին` այս դժբախտին պիտի մղէր Զմիւռնիայում թողնել ժողովուրդը եւ փախչել: Ո՞րն էր աւելի սիրում — չգիտենք, բայց թողեց թէ՛ մէկը եւ թէ՛ միւսը: Նա կաշուապաշտ էր, ո՛չ աստուածապաշտ, նա եսասէր էր, ո՛չ ժողովրդասէր: Եկեղեցին «ժողովո՞ւրդն» է — եթէ այո՛, ինչպէ՞ս եղաւ, որ նա լքեց նրան: Յոյն մետրապոլիտ Խրիսոստոմոսը հասկացաւ, թէ եկեղեցին եւ ժողովուրդը նո՛յնն են, մնաց իր հօտի հետ եւ ստացաւ նահատակի լուսապսակը: Նրա համար եկեղեցականի կոչումը վտանգուած հօտի տառապանքի խաչն է. Դուրեանը տառապել չգիտէ, խաչը նրա համար պաշտօնապղծութեան միջոց է, խաչը նրա ձեռքում մոլորանքի գործիք է: Հայր Գապոնի զէնքն էլ խաչն էր, որով այդ գործակալ հոգեւորականը մոլորեցրեց տասնեակ հազարաւոր բանուորներ եւ առաջնորդեց դէպի սպանդանոց: Գապոնը խաչով իր զոհերը քաշեց դէպի «յեղափոխութիւն», նոյն զէնքով Դուրեանն ուզեց սրբաթափ անել ամերիկահայութիւնը եւ նրան առաջնորդել դէպի բոլշեւիզմ:

Եւ այդ մարդը, որ թուրքի եւ բոլշեւիկի չափ ատեց մեր դրօշակը, որ իր ձեռքի խաչը ցցեց մեր սրբազնագոյն զգացումների դէմ, որ յաչս ազգայնական հայութեան այլեւս կնքած էր իր բարոյական մահկանացուն, մի օր Նիւ Եորքում պիտի սպանուէր նաեւ ֆիզիքապէս:

Այս խորհրդաւոր սպանութիւնը, որ վերագրուեց ինը անմեղ հայ մարդոց, որ թուրք-բոլշեւիկեան գործակալների հրահրումով ոտքի հանեց հակազգայնական հայ տականքը` իր սուտ վկաներով եւ այլ անպատմելի մեքենայութիւններով, բոլշեւիկների էութեան ծանօթ եւ տարրական ողջամտութիւն ունեցող մարդուն կարող է մղել միմիայն հետեւեալ խորհրդածութեան: Նախ` բարոյապէս մեռած այս մարդու ֆիզիքական մահուան մէջ իր տէրերը — բոլշեւիկն ու թուրքը — աւելի շահ ունէին, քան ազգայնական հայութիւնը: Աշխարհը գիտէ, որ բոլշեւիկները ոչնչացնում են իրենց բոլոր գործակալները, որոնցից օգտուել են սպառիչ կերպով կամ որոնց ընկածութիւնն այլեւս ակնյայտնի դառնալու շնորհիւ` իրենց դատն ու պրոպագանդը այլեւս շահելու փոխարէն կորցնում է միայն: Բոլշեւիկները նմանում են ա՛յն վայրենիներին, որոնք որսի մեկնելուց առաջ ճարպ են քսում իրենց կուռքերի շրթներին, իսկ անյաջողութեան դէպքում` անսիրտ կերպով գանակոծում նրանց: Բոլշեւիկեան «ճարպից» յետոյ` իր ընկածութեան մէջ դիմակազերծուած Դուրեանը` պէտք է որ արժանանար նրանց «գանակոծման»:

Ո՞վ սպանեց` հարցի պատասխանը կարելի է ստանալ նաեւ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդից, որին անդամ է նաեւ Չեկայի գործակալ Ղըլըտճեանը:

Էջմիածինը կեղծ չէզոքի յանցապարտ դիրքը բռնեց, երբ ամերիկահայութիւնը յանձնուած էր կրքերի ջրապտոյտի, երբ կրքերը ոռնում էին եւ պատճառ տալիս, որ Վաշինգտոնում նստած թուրք եւ բոլշեւիկ դեսպանները շնօրէն հռհռան:

Էջմիածինը, որ սովորութիւն ունէր յաճախ ամենադատարկ բանի համար իր պատուիրակը գաղութ հանելու, այս անգամ մնաց Պիղատոսի դերում, մինչեւ որ բոլշեւիկեան դաւադրութիւնը բեմադրուէր Նիւ Եորքում: Նա ո՛չ միայն չյարգեց մեծամասնութեան կամքը, քուեն, այլ ականջը խցեց ազգայնական հայութեան բազմիցս արած դիմումների դէմ: Ընդհանրապէս նա արիութիւն չունեցաւ կրաւորական չէզոքութիւն իսկ պահպանելու, այլ անբարեացակամ եղաւ բոլոր այն թեմակալ առաջնորդների հանդէպ, որոնք տրամադրութիւն ցոյց չտուին 30 արծաթով վաճառուելու, որպիսին է օրինակ` հայ եկեղեցու հսկաներէն` Ատրպատականի Մելիք-Թանգեանը: Էջմիածինը չկարողացաւ անգամ Բուլղարիոյ Յովակիմեան Արքեպիսկոպոսը պաշտպանել հակազգայնական տարրերի դաւերից, որոնք տարօրինակօրէն սրբակրօն այս նահապետը մղեցին յուսահատ մահուան: Միւս կողմից` նոյն Էջմիածինը խորհրդային արտաքին ներկայացուցչութեանց միջամտութիւնն ու հովանաւորութիւնը ապահովեց հայօրէն եւ կրօնապէս ընկած բոլոր այն առաջնորդների համար, որոնք, ինչպէս Յունաստանի դեւը — Մազլըմեան — դժոխքի վերածեցին մեր գաղութները: Անգամ Դուրեանի կործանումից յետոյ` Ամերիկայի առաջնորդական փոխանորդ նշանակեց Գալֆայեան կոչուած եկեղեցական սիբարիտը, որի տեսքից ամենաբարեպաշտ քրիստոնեան իսկ կարող է մղուել իր Քրիստոսն ատելու: Դրա հանդէպ նա սկսեց եւ շարունակում է հալածել հայ եկեղեցու հաւատարիմ սպասաւորներին: Նա կարգալոյծ յայտարարեց Մարդուկէսեան վարդապետին եւ ուրիշներին, որոնց վայելած ժողովրդականութեան ու յարգանքին հազուագիւտ բարձրաստիճան հոգեւորականներ արժանացած են:

Մենք կ’ուզէինք Էջմիածինը տեսնել նահատակ, քան կողմ, իսկ ամենասարսափելին` գործիք եւ այն էլ որի՞ դէմ — ազգայնական հայութեան: Դարերը պիտի չմոռանան այս փաստը: Կաթողիկոս կայ — բայց կաթողիկոսութիւն չկա՛յ: Հայաստանում որոշ եկեղեցիներ կան — բայց եկեղեցին չկա՛յ: Կան պատեր եւ գմբէթ — բայց տաճար չկա՛յ: Կան նուիրապետական աստիճաններ եւ տիտղոսներ — բայց հոգեւորականը չկա՛յ: Կարճ` կայ սրբաթափ եղած եկեղեցին իր կաշուապաշտ եկեղեցիականութեամբ: Ո՛ւր էր եթէ հակառակը տեղի ունեցած լինէր, ինչպէս եղաւ Ռուսաստանում, Վրաստանում, ուր եթէ եկեղեցուն եւ եկեղեցականութեան նահատակութեան դառն ճակատագիրը վիճակուեց, բայց յաչս ժողովրդի նրանք հոգեպէս մնացին կանգուն:

Արդեօ՛ք, հայոց վերջին Կաթողիկո՞սը պիտի մոռանար, թէ եկեղեցին նահատակութեամբ է ապրում: Նա՞ պիտի մոռանար բոլշեւիկների բռնամահ արած Գիւտ եպիսկոպոսի արդար արիւնը: Նա՞ պիտի հարկադրուէր կեղծ երեմիականներ կարդալ Դուրեանի պէս հասարակ մի ուրացողի դիակի վրայ: Եւ եթէ չի կեղծում, եթէ Երեւանի համար օրհնութիւն չէ ամերիկահայութեան համար ստեղծուած պառակտեալ վիճակը, ինչո՞ւ չի հրամայում, որ օր, ժամ, վայրկեան առաջ հոգին յանձնուի սուտ սուրբի դիակը: Չի՞ ըմբռնում, որ մինչեւ այդ դիակը չթաղուի` ամերիկահայ կեանքը կրծող չարիքը չի թաղուի:

Չգիտենք` ովքե՞ր են ուրացողի տեքնիք սպանիչները, բայց մի բան է յայտնի — նրա հոգեւոր սպանիչը ինքը` խ. իշխանութիւնն է:

Չգիտենք` ովքե՞ր շահ ունէին նրա սպանութիւնից, բայց մէկ բան է պարզ, որ հակադաշնակցական տականքը բաւական շահեց նրա անսուրբ դիակի շնորհիւ:

Հոգեբանօրէն հասկանալի է նաեւ նոյն տականքի ճիգը` ուրացողը «սրբացնելու»: Դուրեանը, որ Եռագոյնին անարգանք հասցնելու օրից կնքել էր ուրացողի իր մահկանացուն, ազգայնական հայութեան համար դադարել էր ապրել` մինչդեռ իր սպանութիւնը ծափահարուեց թուրքից, բոլշեւիկից եւ հայ տականքից: Վերջինս ուրացողի այդ արարքը եւ Եռագոյնը դնելով նժարի վրայ, գտաւ, որ առաջի՛նն է ծանր կշռում: Միշտ էլ այսպէս է վարուել աստուածասպան ամբոխը: Ամէն անարգանք սրբութեան դէմ` սրբութեան սպանութիւն է: Անասնացած ամբոխը միշտ էլ սրբութեան սպանիչ է, բաւական է, որ նա անասնատիպ մի առաջնորդ ունենայ: Մինչեւ բարոյապէս սպանուածի մահը` այդ ամբոխը ժխորեց, աղմկեց: Սակայն ինչո՞ւ է շարունակում իր ոռնոցը նաե՛ւ նրա դիակի շուրջը: Արդեօ՛ք, նրա՞ համար, որ ցաւում է, գնահատում — ո՛չ, ի հարկէ: Յանձին Դուրեանի նա տեսնում է ուրացողի, մեղսակցի իր դէմքը եւ ինքնապաշտպանուելու կոյր բնազդից մղուած, կառչել է նրա դիակին: Դա մի ճիգ է` իր անկումի գիտակցութիւնը խեղդելու: Արդարացնել իր զոհը նշանակում է արդարացում գտնել իր անկման համար: Յանցակցութիւնը Դուրեանի հետ այս ամբոխի երեւակայութեան մէջ բորբոքում է նաեւ նրա ճակատագրի սարսափը: Նրա մահուան մէջ տեսնում է նաեւ իր իսկ պատիժը, եւ ահա ճգնում է աղմուկի մէջ մոռացնել տալ այդ: Կայ նաեւ մի այլ պատճառ: Հակադաշնակցական տականքը չունեցաւ, չունի եւ պիտի չունենայ սուրբը եւ հերոսը: Եւ ահա իր հոգեւոր չտեսութեան շնորհիւ` այս պատահական ուրացողը նրան թւում է երկնքից ընկած բարիք` մի «սուրբ», որի դիակը վերածուեց կանխիկ դրամի: Փերեզակը սրբացնում է ամէն բան, որ կարելի է վերածել դրամի: Իսկ Դուրեանի դիակը կշտացրեց եւ շարունակում է լիացնել շատերին:

Բայց ի զո՛ւր ճիգ: «Մեռելներ կան, որոնց մէ՛կ էլ պէտք է մեռցնել» ասում է Սիամանթօն: Հէնց այդ կարգի մեռելներից է Դուրեանը: Հայոց պատմութիւնն աւելի անողոք եւ արդար է, քան ապրող ժողովուրդը: Նա կը գա՛յ, կը գա՛յ վաղը, կը բանայ միացեալ խաչագողների ձեռքով թաղուած ուրացողի գերեզմանը եւ նրա դիակի հետ կը վարուի այնպէս, ինչպէս դարերի հեռաւորութեան վրայ վարուել է բոլոր ուրացողների հետ:

Դրօշասպան Դուրեանը պիտի չկարողանայ խուսափել մեր պատմութեան թուքից:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով