ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 14
ՄԻ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ
Մեր օրերը շատ տեակէտներով յիշեցնում են Հայոց պատմութեան Vրդ դարը:
Առաջին կէտը, որ մատնանշում է նմանութիւնը մեր ժամանակի եւ Աւարայրի օրերի, դա հայութիւնը բաղկացնող տարրերի հոգեւոր բեւեռացումն է — ազգայնական եւ հակազգայնական : Հայ կեանքի այս շերտաւորումը Աւարայրի շրջանի պատմագիրը բնութագրում է հետեւեալ երկու յատկանշական սահմանումով: Նա ազգայնական հայութիւնն անուանում է` ուխտապահ , հակազգայնականը` ուրացող : Սասանեան Հարստութիւնը, Հայաստանի ապագայ համաիրանացման ու ձուլումի ճամբան հարթելու պետական առաջադրութեամբ, ճգնում էր հայութիւնը բաժանել երկու անհաշտ հատուածների, ինչպէս վարւում է ե՛ւ խորհրդային իշխանութիւնն այսօր:
Այդ առթիւ մեծապէս խռովուած էին հայութեան ազգայնօրէն արթուն տարրերը, ինչպէս ե՛ւ այսօր:
Հայաշխարհի գլխին գալիք փորձանքների նախազգացումը հրդեհել էր ազգը, ինչպէս ե՛ւ այսօր:
Վարդանը յանուն համօրէն հայութեան էր բարձրացրել դրօշակը, ինչպէս ե՛ւ Դաշնակցութի՛ւնն այսօր: Ազգային շարժման մասնակցում էին ժողովրդական բոլո՛ր խաւերը` հոգեւորական, իշխան, ազատ, սեպուհ, ռամիկ, ինչպէս ե՛ւ այսօր: Արտաքին թշնամին գործ ունէր հայ ժողովրդի ծառացած խղճմտանքի հետ, ինչպէս Խ. իշխանութիւնն` այսօր: V դարու ցեղապաշտ հայութիւնը — դա «Արտաշատի ժողովն» է, ուր հայը խրոխտում է. «Այս հաւատից ո՛չ ոք կարող է մեզ խախտել… Անկարելի է, որ մեր Աստուածը փոխենք մարդու հետ»:
Դա` այսօրուայ մարդկային հասկացողութիւնների լեզուով, նշանակում է, թէ` աշխարհը ոչինչ ունի, որի հետ ազգայնական հայութիւնը փոխել ուզէր իր աստուածային Եռագոյնը:
Ահաւոր է այդ շրջանի, մանաւանդ, ցեղաշունչ կղերի ազդեցութիւնը: Նա՛ է քաջալերիչը ժողովրդի, եւ խորհրդատուն` բանակի: Ղեւոնդ երէցն է Հայաստանի հոգեւոր տէրը. նրա ձայնն է դղրդել, շարժել, ոտքի հանել Հայաշխարհը. նրա սրբազան զայրոյթն է այդ ժամանակաշրջանի աստուածապետական դաժան օրէնքի խարիսխը ` «Հայրը թող չխնայի ուրացող որդուն, որդին` հօրը, ծառան` տիրոջ».. . Օրուայ անաստուած եւ յուդայացած եկեղեցականը չկար երէկ` Վարդանանցին. սակայն, ղեւոնդատիպ եկեղեցականներ, թէկուզ նուազ թիւով, բայց կան ե՛ւ այսօր: Ցեղի եւ նրա հաւատի փրկութեան համար հայ եկեղեցին ոտի տակ է առնում յիսուսական ներողամտութեան բովանդակ բարոյականը եւ դառնում է քրիստոնէութեան զինուած բազուկը: Ահաւո՛ր մի ոյժ, որի հանդէպ յանկարծակիի եկած թշնամին ասում է. «Եթէ իրենք` աստուածներն էլ մեզ օգնութեան գան, անհնար է մոգութեան օրէնքները հաստատել հայոց մէջ. մարդիկ, որոնք ո՛չ կապանքներից են զարհուրում, ոչ տանջանքներից վախենում, որոնք մահը կեանքից նախամեծար են համարում — ո՞վ կարող է նրանց դէմ կանգնել»:
Հայոց պատմութեան դատավճիռն այդ շրջանում որոշ է եւ զարհուրելի` «Սատանան — Վասակի մասին ասում է Եղիշէն — ձեռք առած էր իբրեւ վահան, հագած էր դա իբրեւ զրահ` դառնալով նրա կամքին իբրեւ կատարեալ զինուոր»:
Օրուայ հայ քաղաքական վասակութեան մասին, նուազ դաժան չպէտք է լինի ե՛ւ վաղուայ մեր պատմութեան դատաստանը:
Ղազար Փարպեցու սրբազան զզուանքը բառ է կերտում ուրացողը դիմագծելու — «աղուեսակնի՛ք»: Այսպէս, այն ժամանակ էլ ուրացող հայը եղել է երկչոտ ու խարդախ:
Հայ պատմագրի ատելութիւնը ցեղուրաց հայու հանդէպ, ստեղծել է նաեւ մէկ ուրիշ որակում` «ցուրտ մարդիկ»:
«Ցուրտ» է նաե՛ւ օրուայ ուրացողը — հակադաշնակցակա՛նը, հայութեան ներքին եռանդը պաղեցնողը — նա ե՛ւ դասալիք է, ե՛ւ դասալքութեան մղող:
Սո՛ւգ է ուրացող նախարարների տան մէջ. տնեցիները նրանց ընդունում են լացով. «ոչ ոք չէր ուզում նրանց սեղանակից լինել` ո՛չ կին, ո՛չ որդի, ո՛չ ազատ, ո՛չ ծառայ, ո՛չ սպասաւոր»:
Վարդանը Աւարայրի ճակատամարտէն առաջ, իր բանակին ուղղած ճառի մէջ ասում է. «Մեր ծառաներն իսկ կը խրտնէին ու մեզմէ հեռու կը փախչէին»:
Հայ կանայք — ինչպէս կարմիր խաչուհիներն այսօր — ոչ միայն գարշում էին մոգերի երեսը նայել, այլ իրենց տղաներն ու աղջիկները նրանց մօտից չէին անցկացնում»:
Հայ սպարապետն է խօսում` «Կռիւն այլեւս նիւթի վրայ չէ, այլ պատիւ, հայրենիք, կրօնք պաշտպանելով մեռնել, եւ քաջութեամբ անմոռաց անուն թողնել»:
Խանդավառ է — ինչպէս ցեղակրօններն այսօր — ե՛ւ նորահաս սերունդը. «Պատանիները վազելով դէպի մկրտութեան աւազանն` աղաղակում էին. «Այս գիշեր ջրով, վաղն առտու` արիւնով» : Եւ սպարապետը որ սեփական ոյժի գիտակցութիւնն ունի, յիշեցնում է հայ բանակին` «Մենք աւելի շատ յաղթական ելած ենք քան թէ պարտուած»: Ճակատամարտից առաջ նա չի մոռանում` իր հոգու ամբողջ բիւրեղութեամբ ասել իր մարտիկներին` «Միայն թէ մեր խիզախ քաջութեան վատութիւն չխառնենք»: Եւ սկսւում է կռիւը: Վարդանի արդար վրէժխնդրութեան հարուածից Վասակն ազատւում է թագնուելով պարսից «փղերի թիկանց ետեւը», ինչպէս միշտ արել եւ անում է ցեղուրաց հայը: Նա վատօրէն դաւաճանում է իր ցեղին եւ նրա հարուածներից ազատուելու համար ապաւինում է օտարին` թշնամու թիկունքին — երէկ պարսիկին, այսօր բոլշեւիկներին:
Յատկանշական է, որ արտաքին թշնամին աւելի առարկայական է դէպի հայը` քան ուրացող հայը:
Պարսիկ մոգերն հայոց մասին ասում էին. «Անպարտելի՛ են», իսկ ուրացող Գդիհոնը յոխորտում էր. «Ես Վահանի եւ բոլոր հայոց հետ ոչ թէ նետով կը կռուեմ, այլ նետիս կոթովը բոլորին կը ցրուեմ»: Խօսքի գոռութիւնը յատուկ է բոլոր ժամանակների ուրացողներին: Նոյնպէս չե՞ն յոխորտում նաեւ մեր օրերի Գդիհոնները — Բոլշեւիկները:
Եօթը հարիւր մոգեր «Վռամական Հուրը» Հայաստան բերելով, Նաւասարդից Նաւասարդ, այսինքն մէկ տարուայ ընթացքում, պիտի թաղէին հայ հոգին: Բայց այդ օրից անցել են աւելի քան հազար Նաւասարդներ եւ մեր ազգութիւնը կայ ու կը մնայ: Այսօր Վռամական Հրոյ փոխարէն բոլշեւիկ մոգերը Լենինեան հոգեւոր մոխիրն են բերել Հայաստան: Ուրացողը, օտարի կրակով ու մոխիրով սնուող հայը, միշտ էլ կոխել, անցել է մեր ցեղային արժէքների վրայից, եւ սողացել թշնամու ոտքի տակ: Հայ դասական ուրացողներից Մերուժանը մասնաւոր ատելութիւն ունէր հայկական արժէքների եւ սովորութեանց հանդէպ: Նա ճգնում է ծպտուել իբր պարսիկ` սովորութեամբ եւ ճաշակով: Հոգեբանական այդ տիպը ապրում է ե՛ւ այսօր: Նա արհամարհանք ունի սեփական արժէքների եւ սրբութիւնների հանդէպ — անկապաշտ ռամկավա՛րն ու բոլշեւի՛կը: Սրանց որդիներն այսօր թուրք դրօշի գովքն են երգում: Մերուժանաշունչ չէ՞ր այն սինլքորը, որ Ամերիկայում մեր ընկերների դատապարտութեան լուրն առնելով, Եռագոյնը փռում է իր տան մուտքին եւ հրաւիրում իր քաղաքական դաւանակիցները գինարբուքի: Մարդկօրէն անասնացածները կոխելով Եռագոյնի վրայ` ներս են մտնում եւ բազմում ռամկավարի անսուրբ սեղանի շուրջը: Կայ ամենազզուելին: Հայ ուրացողը միշտ էլ եղել է քաղաքական կաւատ: Երբ օտարը տրամադիր է եղել հաշտուել պայքարող հայութեան հետ` ուրացողը նրան յիշեցրել է իր կորուստները, որ հայերն են պատճառել: Մերուժանը յաճախ այս լարի վրայ էր խաղում. նա սուգ էր կեղծում պարսից տուած զոհերի համար եւ հրահրում Շապուհի կրքերը:
«Հարցրէ՛ք Անդրանիկից, Նժդեհից, ինչո՞ւ այնքան թուրք գիւղեր աւերակ դարձրին», ասում է Մանուէլեանը` իր «Մղձաւանջ» պատմուածքի մէջ: Զզուելի՛ կաւատութիւն: Հայկական ջարդերը, աւելի քան երկու հազարամեակների մշակոյթի կործանումը, միլիոնների լլկաբար կառափնատումը՝ 1915-ի զարհուրանքը սովորական մի ակտ է, իսկ մի քանի հարիւր թուրք գիւղերի աւերումը, ա՛հ, հայօրէն թշուառականացածի համար` անմարսելի, անսովոր մի երեւոյթ է: Տառապում է նա, որ թուրքը թեթեւօրէն պատուհասուած է: Աւելին` նա մղձաւանջ է ապրում: Զզուելի չէ՞:
Տիզբոնում, 452-ին ապստամբութեան ղեկավարների դատն է տեղի ունենում: Ուխտապահները շղթայակապ են, Վասակը շքախումբով, եւ հայոց թագն ստանալու տենչով վառուած, յոխորտ: Բայց, ահա՛ մերկացւում է նա իր շքազգեստներից եւ կնաբար նստած մատակ ձիու վրայ` նետւում է բանտ: Հայ պատմագիրն ասում է` նա մեռաւ որդնալից, չարատանջ մահով, գլուխը ծեծելով: Մեռաւ ժառանգելով դարերի անէծքը: Օտարից թագ ակնկալեց եւ թուք ստացաւ: Վասակը օտարի «փղերի թիկանց ետեւը» — հակադաշնակցականը բոլշեւիկի պաշտպանութեան տակ: Այս նզովեալ փաստը պիտի չմոռանայ մեր պատմութիւնը:
Վասակը թքուած Շապուհից — V դարու այս անողոք դատավճիռից պիտի չխուսափի ե՛ւ մեր օրերի ներքին վատութիւնը — հակադաշնակցականութի՛ւնը:
Անհնա՛ր է, որ վաղը մեր պատմութիւնը այս փաստն էլ չարձանագրի:
Վասակը սեւացած հայոց պատմութեան մէջ — ֆիզիքապէս սպանուած օտարէն, բարոյապէս` իր ցեղէն:
Իսկ Վարդանը — յաւիտենօրէն սո՛ւրբ, եւ զօրաւոր:
Այսպէ՛ս է: Յաճախ խաչւում է Աստուածութի՛ւնն անգամ: Յաճախ գերագոյնը, գերարժէքը ենթարկւում է ամենաստորինի իշխանութեան, սակայն, կա՛յ, գործում է ողբերգականութեան դիալեկտիկան, որի ոյժով պայքարում ընկած հերոսի կորուստը վերածւում է բարոյական յաղթանակի:
Այսպէ՛ս է: Արի եւ արիադաւան ժողովուրդը գնահատումի իր դիալեկտիկան ունի: Նա գիտէ արհամարհել կեղծ մեծութիւնն ու արժէքները ` թէկուզ նրանք տուեալ պատմական ժամանակաշրջանում յաղթական լինեն: Ինչպէս եւ գիտէ գնահատել ու պաշտել յաւիտենապէս արժէքաւո՛րը, մե՛ծը, սուրբը ` թէկուզ մարդկային տականքների կողմից նրանք հայհոյուած լինեն: Դարերով ու դարերով ա՛յս է եղել հայ ժողովուրդի գնահատումի եղանակը:
Դա տարբեր չէ՛ կարող լինել ե՛ւ այսօր:
Չէ՛, անհնա՛ր է, անհնար, որ մեր ցեղի գահը թափուր մնայ, երբ Վարդանների պաշտամունքը կայ:
Չէ՞ որ ամէն սրբութիւն, ամէն զօրութիւն ձգտում է յաւերժանալու:
Ինչպէս ամէն յաւիտենականութիւն ուզում է պսակաւորուել:
Իսկ ամէն պսակաւորում լինում է արիւնի ճիգով — դաշնակցականութեա՛մբ:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!