ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 11
ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱՏԱՄՔԸ
(Մի հատուած իմ «Ցեղային Արթնութիւն» յօդուածաշարքից)
Մի ժողովուրդ, որ ինքզինքը դեռ չի նուաճել — իսկ ինքնանուաճումը հնարաւոր է ինքնաճանաչումի ճամբով միայն — ընդունակ չէ՛, արժանի չէ՛ մեծագործութիւնների:
Ժողովուրդների — ասենք եւ մի ա՛յլ ճշմարտութիւն — հոգեւոր արդիւնազօրութիւնը մե՛ծ է այնքան, որքան բիւրեղացած, պայծառացած է նրանց ցեղային գիտակցութիւնը, որքան բացայայտուած է նրանց նախաէութիւնը, հոգի՛ն:
Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարէին է սպասում, որը պիտի յայտնուի մի օր եւ այն բացայայտ է մեզ:
Հայութիւնը ցեղաճանաչութեամբ միայն կարելիութիւն պիտի ստանայ իր էութեան չգիտակցուած ոյժերը լծելու իր ցեղին վիճակուած անհաւասար գոյամարտի գործին: Այո՛, դեռ ցեղաճանաչ չենք, դեռ կանչում ենք մեզ, ձայն ենք տալիս, փնտռում, բայց դեռ չենք գտել մեզ, դեռ չենք ճանաչել մեզ, որպէս ցեղ:
Փնտռում ենք Յաւիտենական Հայը , փնտռում ենք նրան իր հեթանոս դարերում, իր քրիստոնէութեան մէջ, իր պատմութեան լոյսի տակ, իր գրականութեան մէջ, իր իմաստասիրութեան եւ վարած ճակատամարտերի, իր ինքնիշխանութեան եւ ստրկութեան, իր կոտորածների, արտագաղթերի եւ հայրենաշինութեան մէջ — փնտռում ենք նրան իր բնաշխարհում եւ օտար հորիզոնների տակ, փնտռում ենք, բայց դեռ չենք գտել: Գիտենք, սակայն, որ միայն ինքնաճանաչութեամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ յաւիտենական է հայ էութեան մէջ — մեր ցեղայնութեա՛ն:
Ցեղօրէն անինքնաճանաչ` դեռ կոյր հայ հոգու խորքերում, եւ այդ իսկ պատճառով` անզօր մերօրեայ ճակատագրական խնդիրների առջեւ, որպէս ժողովուրդ, մենք շարունակում ենք մնալ նուաստ ու նահատակ, երբ աշխարհը պահանջում է լինել ինքնայարգ եւ յարգանք պարտադրելու աստիճան զօրաւոր:
Անասելիօրէն զօրութենական` բայց դեռ իր ինքնայաղթահարումը գլուխ չհանած` հայ էութիւնը իր անսպառելի շինարարական եռանդը մսխում է ընդունայն: Մեր ժողովուրդը դեռ շարունակում է արիւնի տուրք տալ իր ցեղային անինքնաճանաչութեան: Ա՜հ, դեռ շարունակւում է հայոց ողբերգութիւնը, — մի անօրինակ ողբերգութիւն, որ մեր ազգային ոյժի եւ հպարտութեան փոխարէն` մեր տկարութիւնն ու նուաստութիւնն է սնուցանում: Արդ` մեկնելով այն կենսաբանական ճշմարտութիւնից, թէ` երբ ժողովուրդների մէջ տկարանում է ցեղի շունչը — սկսւում է նուազիլ սերունդների կենսունակութիւնը, հոգեպէս մանրանում են անհատները, շեշտւում է նրանց վատասերումը եւ վրայ է հասնում անժամանակ զառամութիւն, — մեկնելով այդ ճշմարտութիւնից` քե՛զ, նորահաս սերունդ, ցեղիդ ձայնն եմ բերում: Ես քեզ ցեղակրօնութիւն եմ քարոզում: Ցեղակրօնութի՛ւն, որով անհայրենիք հայութիւնը հոգեւոր զրահ կը հագնի` օտար միջավայրերի այլասերիչ ազդեցութիւններին յաջողապէս դէմ դնելու համար:
Այդ դաւանանքը, քո միակ դաւանանքը, որեւէ հանգիտութիւն չունի այլ վարդապետութիւնների հետ. իսկ եթէ կրօն է դա, ապա դա կրօ՛նն է ցեղային հպարտութեան, ոյժի եւ արիութեան, դա կրօնն է հայ նորահաս սերունդի:
* * *
Ցեղակրօնութի՛ւն —
Լոզանում եւ Լոզանից յետոյ, անասելիօրէն վիրաւորուած, զարնուած անարգանքի փոշիների մէջ, իր խորքի մէջ ապտակուած, ցնցուած հայ հոգու ծնունդն է դա:
Չէ՛, այլեւս այսպէս ապրել չէ՛ կարելի , ապրել առանց սեփական իրաւունքի, արժէքի եւ արժանիքի գիտակցութեան, առանց ներքին հպարտութեան — առանց սեփական կեանքի — չէ՛, այսպէս չէ՛ ուզում ապրել նորահաս սերունդը:
Անցեղաճանաչ` անզօր ու նուաստ է հի՛նը. մեզ պէտք է նո՛ր հայը , որին սպասում ենք ցեղակրօնութիւնից: Մեզ պէտք է ցեղակրօն հայը , որ զօրէր դիմանալ մերօրեայ քաղաքական աշխարհին:
Ցեղակրօնութի՛ւն —
ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվերոյ ոյժի, էութեան.
Երկրորդ` այդ ոյժ-էութիւնից ծնած լինելուս գիտակցութիւնն է դա.
Ապա` այդ ոյժ-էութեան ցմահ հաւատարիմ մնալուս ուխտն է դա:
* * *
Ա.
Ես ցեղակրօն եմ Եւ ահա` կ’երդնում Վահագնի աջի վրայ` երբեք չմեղանչել ուխտիս դէմ — ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:
Բ.
Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը — դա հնազանդուելն է ցեղիս:
Գ.
Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:
Դ.
Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն — ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:
Ե.
Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին — իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Զ.
Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե՛ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
Է.
Ցեղակրօն ե՛մ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
Ը.
Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ` մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր` անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ :
Թ.
Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ` ցեղակրօնի իմ բաժինը — առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:
Ժ.
Ցեղակրօնը, որի նշանաբանն է — աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն — պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՛ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ:
ԺԱ.
Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ’ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստուածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ — որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:
ԺԲ.
Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան — տեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:
ԺԳ.
Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչու ցեղային անհատականութեան եղծումը` ցեղակրօնը համարում է ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ :
ԺԴ.
Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն — կաթէն:
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թէպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ:
Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից` — ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն — ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին:
ԺԵ.
Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը:
Ցեղիս թշնամիներ են — թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ — որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:
— Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը` հապա բախտահաս թո՞ւրքը:
— Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է` թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը — թո՛ւրքը, միա՛յն թուրքը:
Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի.
Ես` իմ վճռական այո՛ն` ցեղիս.
Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.
Ես` իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:
Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ` հոգեպէս:
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:
ԺԶ.
Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդէնականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն — այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:
ԺԷ.
Ցեղակրօն եմ, ասել է` պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին — նա՛խ թուրքին:
ԺԸ.
Ուժապաշտ` տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը` ոյժի, քաղցրութիւնը` զոհաբերութեան, եւ ճիգը` ցեղի ոյժերի կենտրոնացման:
Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ` նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:
ԺԹ.
Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրը — Մայիս 28-ը — եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է` սրբութի՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանա՛կ:
Ի.
Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:
ԻԱ.
Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը: Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:
ԻԲ.
Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտութիւնները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը` մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:
ԻԳ.
Անձնական կամքի մշակութեամբ` ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:
Ցեղի կամքի աստուածացումը — ահա՛ թէ ինչի է ձգտում նա:
Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար` այո՛ եւ ամէ՛ն:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!